ՀԱՅԵՐ, որոնք արդի թուրքերենի, թաւրքակական օպերայի և թատրոնի հիմնադիրներն են

Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչ, Ստամբուլում ծնված և Գերմանիայում բնակվող սյունակագիր Ադամ Սարգիսը ներկայացրել է ամենատարբեր բնագավառներում Թուրքիայի զարգացմանը նպաստած հայերի մասին հոդված, որում պատմում է այն հայերի մասին, առանց որոնց Թուրքիան գուցե և չկայանար որպես պետություն:
Ստորև ներկայացնում ենք Ադամ Սարգիսի` թուրքական Aykiridogrular.com կայքում հրատարակված հոդվածի հայերեն թարգմանությունը:

«Ովքե՞ր են նպաստել թուրքական թատրոնի  ստեղծմանը, ո՞վ է զարգացրել ժամանակակից թուրքերենը, ո՞վ է Աթաթուրքին զգուշացրել անգլիացիների կողմից նախապատրաստվող մահափորձի մասին:  Կարծում եմ այս տեղեկությունները կիսելը օգտակար կլինի:

Մարտիրոս Մընակյան  (1837-1920)

Թուրքական թատրոնի առաջին ներկայացուցիչներից մեկը` Մարտիրոս Մընակյանը առաջին անգամ բեմ է բարձրացել 1837 թ.-ին: 1862թ.-ին Մոլիերի «Ագահը» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացման մեջ խաղացել է երիտասարդ աղջիկ Գեսիրայի դերը, քանի որ այդ ժամանակ թուրքական թատրոնում կին դերասանուհի չէր գտնվել:

Հակոբ Վարդովյան (1840-1891)

Գյուլլու Յակուբ անվամբ հայտնի թատերական գործիչը 1860թ.-ին հիմնադրել է Օսմանյան թատրոնը և երկար տարիներ ղեկավարել այն: Կրթել է անթիվ թուրք թատերական գործիչների: Գյուլլու Յակուբը համարվում է Օսմանյան թատրոնի համար դեպի արևմտյան և եվրոպական թատրոն պատուհան բացողը:

Տիգրան Չուխաջյան (1837-1898)

Երաժիշտ, կոմպոզիտոր Տիգրան Չուխաջյանը ծնունդով Ստամբուլից էր, կրություն էր ստացել Միլանում և հետագայում կարևոր դեր է խաղացել օսմանյան օպերայի պատմության մեջ:

1870թ.-ին հեղինակել է մի շարք հայտնի օպերային ստեղծագործություններ, որոնց թվում է նաև
«Արիֆի սուտը» և «Արշակ Երկորդ» հայտնի օպերաները:

Չուխաջյանը Թուրքիայի օպերային թատրոնի հիմնադիրն է:

Հակոբ Մարթայան / Դիլաչար  (1895-1979)

Թուրքական լեզվի ասոցիացիայի առաջին գլխավոր քարտուղար Հակոբ Մարթայանը, լեզվաբաններ Ստեփան Գուրդիքյանի և Սիմգեշյանի հետ միասին մասնակցելով 1932թ.-ին Ստամբուլի Դոլմաբահչե պալատում թուրքերեն լեզվին նվիրված առաջին կոնֆերանսին, հանդես է եկել «նոր» թուրքերենի մշակման վերաբերյալ մի շարք առաջարկներով: Կոնֆերանսին հայ լեզվաբանը մասնակցել է անձամբ Աթաթուրթի հրավերով:  1934թ.-ին Աթաթուրքը Հակոբ Մարթայանին է առաջարկում «Դիլաչար» (բառացիորեն նշանակում է լեզուն բացող) ազգանունը` արդի թուրքերեն լեզվի զարգացման մեջ ունեցած մեծ ավանդի համար: 1936-1951թթ.-ին Անկարայի համալսարանում, լեզվի, պատմության և թուրքագիտության դասեր տվող Դիլաչարը նպաստել է ժամանակակից թուրքերենի լատինատառ այբուբենի ստեղծմանը: 1942-1960թթ.-ին`   թուրքերեն հանրագիտարանի պատրաստման ընթացքում եղել է գլխավոր խորհրդատու։

Պերճ Թյուրքեր Քերեստեջյան (1870-1949)

Պերճ Քերեստեջյանը թուրքերեն առաջին տնտեսական բառարանի ստեղծող Պետրոս Քերեստեջյանի որդին է: Երկար տարիներ ղեկավարել է Օսմանյան բանկը։ Աթաթուրքի՝ դեպի Սամսուն ճանապարհորդությունից առաջ հասցրել է վերջինիս զգուշացնել անգլիացիների կողմից Աթաթուրքի դեմ նախապատրաստվող մահափորձի մասին: Աթաթուրքը որպես շնորհակալություն վերջինիս շնորհել է Թյուրքեր ազգանունն ու նպաստել, որպեսզի Պերճ Քերեստեջյանը պատգամավորական մանդատ ստանա:

Էդգար Մանաս (1875-1964)

Ուսանել է Վենետիկի Մուրադ Ռաֆայելայանի անվան քոլեջում, այնուհետև ավարտել է Պադովայի կոնսերվատորիան: Կատարել է Թուրքիայի «Անկախության հիմն»-ի նոթագրումը: Աշխարահռչակ մի շարք դասական գործերի կողքին ունի նաև թուրքերեն և  հայերեն բազմաթիվ ստեղծագործություններ:

Համբարձում Լիմոնջյան (1768-1839)

Հայտնի երգչախմբային ղեկավար Լիմոնջյանը թուրքական երաժշտության մեջ ներդրել է «Համբարձումյան նոտաներ»-ի համակարգը, որի շնորհիվ կարողացել է փրկել բազմաթիվ ժողովրդական երգեր: Թուրքիայի հայկական եկեղեցիներում մինչ օրս օգտագործվում են «Համբարձումյան նոտաներ»-ը»:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed