«Հայերի հետ տեղի ունեցածը սարսափելի է». Համաշխարհային աստղերը անդրդարձել են Հայոց ցեղասպանությանը

Հայոց ցեղասպանության մասին պատմող ռեժիսոր Թերի Ջորջի «The Promise»` «Խոստումը» ֆիլմն արդեն մի քանի ամիս է, ինչ համաշխարհային կինոսերների ուշադրության կենտրոնում է:

Ֆիլմի գաղափարը եղել է ամերիկահայ գործարար, միլիարդատեր Քըրք Քըրքորյանինը, որն իրականություն է դարձել հենց նրա ֆինանսավորմամբ: Այն հայազգի բարերարի վերջին նախագծերից մեկն է: «Խոստումը» ֆիլմի համաշխարհային կինոպրեմիերան տեղի կունենա ապրիլի 21-ին: Իսկ հայաստանյան պրեմիերան նախատեսվում է ապրիլի 27-ին:
Համաշխարհային ճանաչում ունեցող ոչ միայն ծագումով հայ, այլ նաեւ այլազգի աստղեր միացել են ֆիլմի գովազդային արշավին` պարբերաբար իրենց սոցցանցերում տեղադրելով տեսաուղերձներ եւ գրառումներ:
«ԷՐԴՈՂԱՆ ՓԱՇԱ… ԱՅԼԵՎՍ ԵՐԲԵՔ»
Դեռեւս անցյալ տարվա աշնանից աշխարհահռչակ հայազգի երգչուհի ՇԵՐԸ «Խոստումը» ֆիլմը փակ ցուցադրությամբ դիտելուց հետո գրել էր. «Այս գիշեր դիտեցի «Խոստումը» ֆիլմը: Ճշմարիտ պատմություն այն մասին, թե 1915 թվականին թուրքերն ինչպես կոտորեցին 1.5 միլիոն հայի: Էրդողան փաշա… այլեւս երբեք»: Իսկ արդեն գրեթե մեկ ամիս առաջ երգչուհին կրկին անդրադառնալով ֆիլմին` գրել էր. «Այս ֆիլմը կոտրեց իմ սիրտը, ոչ միայն հայերի, այլ նաեւ բոլոր այն մարդկանց համար, ովքեր տառապել են եւ կորցրել իրենց սիրելիներին»:

«ՀԱՅԵՐԻ ՀԵՏ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ, ՍԱՐՍԱՓԵԼԻ Է»
Իսկ բրիտանացի ռոք երգիչ, կոմպոզիտոր, երգահան եւ դաշնակահար ԷԼԹՈՆ ՋՈՆԸ, որը 100 տարի առաջ հայերի հետ կատարվածը սարսափելի է համարել: Ռոք-երաժշտության համաշխարհային աստղն իր «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում տեղադրած տեսաուղերձով դիմում է հանրությանը. «Ուրախ եմ հայտարարել «Խոստումը» ֆիլմի ցուցադրման մեկնարկի մասին: Ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության մասին, որը տեղի է ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Այն, ինչ տեղի է ունեցել հայերի հետ, սարսափելի է: Եկեք պահենք խոստումը` երբեք չմոռանալ եւ պաշտպանել մարդու իրավունքները, որտեղ էլ լինենք ու ինչպես կարողանանք»,- ասել է Էլթոն Ջոնը եւ խոստացել, որ ֆիլմի ցուցադրությունից գոյացած ողջ հասույթն ուղղելու է բարեգործության:

ԲԱՐԲԱՐԱ ՍԹՐԵՅԶԱՆԴԸ
ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՊԱՀԵԼ ԽՈՍՏՈՒՄԸ
Ժամանակակից շոու-բիզնեսի ամենահաջողակ կանանցից մեկը, ամերիկացի երգչուհի, դերասանուհի ԲԱՐԲԱՐԱ ՍԹՐԵՅԶԱՆԴԸ եւս միացել է «Խոստումը» ֆիլմի ակցիային: Երգչուհին տեսաուղերձում շեշտում է. «Մենք բոլորս ներգաղթյալների զավակներ ենք: Ես Բարբարա Սթրեյզանդն եմ, առաջարկում եմ` պահել «Խոստում» եւ երբեք չմոռանալ»:

«ՕԳՆԵՔ ԻՆՁ ՊԱՀԵԼ ՔԸՐՔԻ ԽՈՍՏՈՒՄԸ»
Ամերիկահայ լեգենդար թենիսիստ ԱՆԴՐԵ ԱՂԱՍԻՆ եւս միացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի գովազդային արշավին` կոչ անելով դիտել այն. «Հպարտ եմ տեսնել, որ Քըրք Քըրքորյանի տեսլականը դարձել է իրականություն: Օգնե՛ք ինձ պահել Քըրքի «Խոստումը»,- նշել է թենիսիստը:

ՕՍԿԱՐԱԿԻՐ ԴԻ ԿԱՊՐԻՈՆ ԵՎՍ ԽՈՍՏՈՒՄ Է ՏՎԵԼ
Ակցիային միացել է նաեւ օսկարակիր դերասան ԼԵՈՆԱՐԴՈ ԴԻ ԿԱՊՐԻՈՆ. «Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը եւ Շարլոտ Լե Բոնը` Թերի Ջորջի ղեկավարությամբ, արտակարգ խաղ են ցուցադրել «Խոստումը» ֆիլմում: Ողջունում եմ ամբողջ թիմին` լեգենդար պրոդյուսեր Մայք Մեդովոյի գլխավորությամբ, որի տաղանդն ու նվիրվածությունը կյանքի կոչեցին այս կարեւոր նախագիծը»:

ՍԻԼՎԵՍՏԵՐ ՍՏԱԼՈՆԵԻ ՀԱՄԱՐ «ԽՈՍՏՈՒՄԸ» ԿԱՐԵՎՈՐ ՊԱՏՄԱԿԱՆ ԴՐԱՄԱ Է
Հոլիվուդյան դերասան ՍԻԼՎԵՍՏԵՐ ՍՏԱԼՈՆԵՆ «Խոստումը» ֆիլմը կարեւոր պատմական դրամա է համարել եւ հայտնել իր առաջարկության մասին. «Այս արտասովոր ֆիլմը կցուցադրվի ապրիլի 21-ին… Մի թեմա է, որն ինձ միշտ հետաքրքրել է, եւ երկար ժամանակ էր պետք, որպեսզի ինչ-որ մեկը վերջապես այն վերածեր ֆիլմի: Սա ճշմարիտ ու կարեւոր պատմական դրամա է, որն «Օսկար» ստանալու բոլոր նախադրյալներն ունի: Գլխավոր դերակատարները հրաշալի են իրենց գործը կատարում: Ուզում եմ նաեւ հատուկ նշել պրոդյուսեր Մայք Մեդավոյին, քանի որ այս ֆիլմում այնքան շատ բան կա, որ ես նույնիսկ նախանձում եմ»,- գրել է Ստալոնեն:

 

Ներկայացրեց Լիլիթ Եղիազարյանը

Աղբյուրը` iravunk.com

Նյութը հրապարակվեց առանց խմբագրման

Տարածել`
Share

You may also like...