Հայերենը մշակութային մեծ արժեք է, այն զարմանալի ճկուն և հզոր լեզու է. Հովհաննես Զաքարյան

Շատ է խոսվում հայոց լեզվի խնդիրներինառնչվող թեմաների մասին, լեզուն անաղարտպահելու համար առաջարկվում են տարբերմիջոցներ, որոնցից ամենից շատ կարևորվումէ լեզվի հարցն իրավական հարթակ տանելը, պետական մակարդակով լուծումներ տալը, սակայն շարունակաբար զարգացող, ժամանակի խոսակցական շերտավորումն իրվրա կրող հայոց լեզուն, այնուամենայնիվ, շարունակում է աղավաղվել, հաճախ էլ՝ ոտնահարվել…Մայրենիի օրն այս առումով ինչ–որ տեղ զգոնության կոչ է, հոգատարության, սիրո տոն, որը, սակայն, ցավոք, ավարտվում է օրվա շրջանակներում…Մինչդեռ Մայրենին հա՛ցն է մեր հանապազօրյա, բանաստեղծի բառերով ասած՝ «սուրբ հացը մեր սեղանի»: Մեր լեզուն պահպանողները մե՛նք պետք է լինենք, մեր հասարակությունը. այս և նման այլհարցերի շուրջ էլ «Հայերն այսօր»- ի համար ընթացավ իմ զրույցը՝ բանասիրականգիտությունների թեկնածու, դոցենտ, «Տաթև» գիտակրթական համալիրի լեզվաբանության բաժանմունքի ղեկավար Հովհաննես Զաքարյանի հետ:
-Պարո՛ն Զաքարյան, Դուք երկար տարիներ լեզվաբանության բնագավառում եք, գիտությունների թեկնածու եք, որքանով տեղյակ եմ՝ պատրաստ է նաև Ձեր դոկտորական աշխատանքը, այսինքն՝ մշտապես առնչվում եք լեզվի խնդիրներին. ներկայացրե՛ք, խնդրեմ, հայոց լեզվի արդի խնդիրներին առնչվող Ձեր դիտարկումները:
–Մեր նախնիներից մենք լավ զարգացած, կատարյալ լեզու ենք ժառանգել, իհարկե, միշտ էլ անելիք կա. եթե լեզուն կենդանի է, բնականաբար, անընդհատ փոխվում է, զարգանում, պետք է հասցնենք այդ ամենը ժամանակի պահանջներին համապատասխան անել, այլապես այն կդառնա հետամնաց լեզու. դա որոշ չափով արվում է: Մենք կարողանում ենք համեմատաբար մաքուր պահել լեզուն, զարգացնել, կատարելագործել այնքան, որ նույնիսկ օտար հայագետները երբեմն զարմանում են, թե ինչպես է, որ հայերենն այդքան կատարյալ է. սակայն դա քիչ է, լեզուն միայն կառուցվածքը չէ, այլև՝ գործառույթը, եթե գործառույթը չեղավ, լեզուն կդառնա մեռած լեզու: Ասեմ, որ գործառույթի առումով մենք շատ խնդիրներ, բացեր, թերացումներ ունենք, որի համար պատասխանատու են թե՛ հանրությունը, թե՛ պետական համապատասխան մարմինները, հոգևոր իշխանությունները, նաև՝ մեր հասարակությունը, մեր մտավորակությունը, որոնք մի տեսակ անտարբեր են: Երբ ետ ենք նայում, տեսնում ենք, որ պետականություն չունեցած ժամանակներում լեզվի համար երբեմն ավելի շատ բան է արվել, ավելի շատ ջանքեր են գործադրել, պայքարել…Այսօր, այդ առումով, թվում է, թե խնդիրներ չպետք է ունենայինք, պետք է ավելի մեծ ուշադրություն դարձվեր լեզվին, ավելի շատ միջոցներ պետք է տրամադրեին լեզվական խնդիրներին, սակայն այսօր լեզվին ու մշակույթին ավելի քիչ ուշադրություն է դարձվում, շատ անտարբեր է դարձել նաև մեր հասարակությունը: Դրա պատճառը գալիս է վերին օղակներից, որովհետև մեր լեզուն, մեր մշակույթն այնքան էլ կարևորված չեն, հեղինակություն չունեն: Այդ ամենը գալիս է նաև դրսի ազդեցություններից, ի վերջո, մենք մշակութային մեծ պատերազմների մեջ ենք, ով կարողանում է, այստեղ է բերում իր մշակույթը, ինչ–որ ձևով այն պարտադրում մեզ, գայթակղում մարդկանց, որ սովորեն իրենց լեզուները, նվիրվեն օտարի մշակույթին. սա էլ հոգեորսության մի տեսակ է և մարդիկ, այսպես ասած, «դասալիք» են դառնում, գնում ու նվիրվում են օտարի մշակույթին, դառնում անգլախոս, ռուսախոս՝ հենց Հայաստանում ապրելով: Մենք պայքարելու շատ բան ունենք. լեզուն պետք է գործածես, պետք է հետևես լեզվի կիրառությանը, որ այն զարգանա: Այսօր համացանցում հայերենը պետք է լիարժեք կիրառվի, որպեսզի մարդիկ կարողանան հայերենով իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալ և ստիպված չլինեն ռուսալեզու, անգլալեզու կայքեր մտնել: Ցավոք, մենք այսօր բավականին հեռու ենք դրանից. ճիշտ է, անհատների, հասարակական կազմակերպությունների ջանքերով ահագին գործ է արվում, սակայն դա քիչ է, պետության աջակցության կարիքը կա: Մի օրինակ բերեմ՝ Ռադիոյի և հեռուստատեսության մասին օրենքի համաձայն՝ եթերում վաղուց պետք է օտարալեզու կինոնկարներ, մուլտիպլիկացիոն ֆիլմեր չլինեին, ժամկետ էր սահմանված, դրանց քանակը պետք է նվազեր և, ի վերջո, վերանար, սակայն ժամկետը լրանալու ժամանակ, չգիտես ինչու, այդ օրենքը փոխեցին: Այժմ միայն Հանրային հեռուստաընկերությունն է հետևում, որ իր հեռարձակած ֆիլմերը թարգմանվեն հայերեն:
-Չե՞ք կարծում, որ Մայրենիի օրը շատ ավելի մեծ ՝ համահայկական տոնախմբության պետք է վերածել, առավել կարևորել ու նշանակալի դարձնել:
– Իհարկե, օրինակ՝ Սուրբ Սարգսի տոնի համար շարունակ գովազդ են անում հեռուստատեսությամբ, քաղաքի տարբեր հատվածներում գովազդային պաստառներ փակցնում, իսկ Մայրենիի տոնի առիթով նույնը չեք տեսնի: Մայրենիի համար այդքան ջանքեր չեն գործադրվում, գումարներ չեն ծախսվում. անգամ Վալենտինի տոնի առիթով են միջոցներ ծախսվում…մինչդեռ ամենից կարևորը հե՛նց Մայրենիի տոնն է, ի վերջո, այն ազգային արժեք է:
-Գաղտնիք չէ, որ հայոց լեզուն այսօր աղավաղվում է ամենուր՝ փողոցում, տանը, կենցաղում, հեռուստաեթերում… պայքարի ի՞նչ միջոցներ կառաջարկեք:
-Եկեք շատ ցավով չնայենք այդ՝ աղավաղում ասածին. եթե լեզուն կենդանի լեզու է, ուրեմն, այն նաև աղավաղված տեսք էլ պետք է ունենա, չեմ ասում՝ ամբողջովին աղավաղված. նայած՝ որ ոլորտում…Ցանկացած երկրում կան լեզվական աղավաղումներ: Վերցնենք Մեծ Բրիտանիան, որտեղ պետք է լիներ դասական, անխառն, մաքուր անգլերենը, բայց այդպես չէ, ամենուր աղավաղված անգլերենն է, առավելապես՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Ժամանակին Ամերիկայում անգլերենի լավագույն գիտակը Լևոն-Զավեն Սյուրմելյանն էր, բնիկ անգլոսաքսերի մեջ այդքան լավ իմացող չկար, բնական է, որ հասարակ ժողովուրդը պետք է աղավաղի լեզուն: Մենք դա համեմատում ենք կատարելատիպի հետ, իսկ կատարելատիպը կա միայն որոշ անհատների գլխում, մտքում, նույնիսկ՝ ոչ կենցաղում, որովհետև նույն այդ անհատները որքան էլ լավ իմանան հայերեն, կարող է տանը խոսեն առօրյա-խոսակցական հայերենով, իսկ փողոցում՝ հնարավոր է նաև խոսեն ժարգոնով: Բնական է, այդպես էլպետք է լինի, կարևորն այն է, որ այդ կատարելատիպի հասցված հայերենը ունենանք՝ որպես գրական լեզվի կատարյալ տարբերակ և դա չափանիշ լինի բոլորի համար: Ինչ վերաբերում է եթերում փողոցային հայերենի գործածությանը, ես դա համարում եմ չտեսության հետևանք և կարծում եմ, որ ժամանակի հետ կանցնի: Ցավալին այն է, որ միայն հայկական արտադրության ֆիլմերում է այդպես, բարեբախտաբար, երբ թարգմանում են ուրիշ երկրների սերիալներ, ուրիշ լեզուներից, շատ ավելի մաքուր, գրական հայերենով են թարգմանում: Թվում է, թե այդ ֆիլմերի հերոսները՝ հասարակ խավի մարդիկ, պետք է խոսեին ժարգոնով, սակայն այդպես չէ:
-Պարո՛ն Զաքարյան, վերջին տարիներին արևմտահայերենի հարցով մտահոգված մարդկանց թիվն ավելացել է. վախ կա՝ այն կորցնելու, այդպե՞ս է…
-Իհարկե, կա…երկու պատճառով՝ արևմտահայերենի կիրառության ասպարեզն է նվազում, մեր ավանդական Սփյուռքի գաղթօջախները քչանում են, թուլանում են, փոքրաթիվ են դառնում, որովհետև նաև ձուլում է ընթանում, այսինքն՝ գնալով նվազում է նաև արևմտահայերենի կրողների թիվը, որոշ տեղերում հայախոսների թիվն անհամեմատ ավելի քիչ է, օրինակ՝ Ֆրանսիայում, իսկ Լեհաստանում ընդհանրապես վերացել են հայախոսները: Երկրորդ պատճառն արտագաղթն է. այստեղից գնում են ու իրենց հետ տանում են արևելահայերենը, և դրսում տեղի է ունենում դրանց խառնուրդը, գնում են և դրսում բացում արևելահայերեն ուսուցմամբ դպրոցներ, և կարող է արևմտահայերենով խոսող ընտանիքի երեխան հաճախի այդ դպրոց, տեղի է ունենում երկու ճյուղերի մրցակցություն, որից ավելի շատ տուժում է արևմտահայերենը:
-Արևմտահայերենը չկորցնելու որոշակի ի՞նչ միջոցներ կառաջարկեք:
-Արևմտահայերենը Հայաստանում չէ, որ պետք է պահենք. հիշենք, որ շատ տարիներ առաջ, երբ եկան առաջին հայրենադարձները, նրանք արևմտահայերենի կրողներ էին, սակայն նրանց երկրորդ, երրորդ սերունդն այլևս չգիտի արևմտահայարեն:
-Պարո՛ն Զաքարյան, Հայաստանում արևմտահայերենը պահելու, սովորելու անհրաժեշտությունն, այնուամենայնիվ, կա. դպրոցում աշակերտներն անցնում են նաև արևմտահայ գրականություն, կարդում, անգիր են անում արևմտահայ գրողների գործերը և հաճախ՝ առանց հասկանալու. հետևություն, որ դպրոցական ծրագրերում պետք է անպայման ներառել նաև արևմտահայերենի ուսուցումը. համամի՞տ եք:
–Անշու՛շտ, համամիտ եմ. դպրոցական ծրագրերում որոշ չափով կան արևմտահայերենի ուսուցման տարրեր, մի քանի ժամ. եթե ուսուցչուհին տիրապետում է այդ հայերենին, անցնում են դասաժամերի ընթացքում, եթե չի տիրապետում, շրջանցում է: Անգամ դպրոցում անցնելով՝ արևմտահայերենը չի պահպանվի, ընդամենը դա կօգնի կարդալ ու հասկանալ արևմտահայ, սփյուռքահայ գրողի գործերը: Այսինքն՝ արևմտահայերենը պետք է պահպանել ի՛ր միջավայրում, մեր ա՛յն գաղթօջախներում, որոնք ավանդաբար արևմտահայերենի կրողներ են…բայց տեսնու՞մ եք, թե ինչ պատուհասներ են գալիս այդ գաղթօջախների գլխին: Իսկապես, արևմտահայերենի վրա սև ամպեր են կախված. մեր երկիրը պետք է ավելի ուժեղ, ազդեցիկ լինի հայրենակիցների շրջանում, որպեսզի դրսում ապրողները ցանկանան հայ մնալ, ձգտեն պահպանել լեզուն:
-Մեր պետական լեզուն հայերենն է. ուրեմն, ինչու՞ են պատկան մարմինները թույլ տալիս ամենուր՝ խանութների, գրասենյակների և այլ շինությունների վրա տեղադրել միայն անգլերենով և հայերենատառ անգլերենով ցուցանակներ, ովքե՞ր և ի՞նչ լիազորություններ ունեն այդ հարցում:
-Օրենքը պահանջում է, որ ամենից առաջ պետք է հայերեն գրվի, բայց օրենքում չկան այդքան մանրամասներ: Մի ժամանակ ես աշխատում էի Լեզվի պետական տեսչությունում և կարողացանք քաղաքապետարանում հասնել այն բանին, որ հատուկ կարգ սահմանվի, թե ինչպես պետք է գրվեն ցուցանակները, բայց ամեն մի նոր քաղաքապետ իր պաշտոնավարման ժամանակ մինչ այդ եղած որոշումները չեղյալ էր համարում, և պետք է ամեն անգամ այդ հարցով մեր գործադրած ջանքերը նորից կրկնեինք: Տուգանքներ էլ են նախատեսված օտարագիր ցուցանակների համար, սակայն դա երկար, դժվար գործընթաց է, պետք է դատական հայց ներկայացնել, դատական լսումների մասնակցել, հասնել արդար վճռի կայացմանը: Այդ հարցում լիազորություններ ունի Լեզվի պետական տեսչությունը՝ քանի դեռ կա… անշուշտ, գիտեք, թե վերջերս ինչ խոսակցություններ էին շրջանառվում տեսչության լինել-չլինելու շուրջ:
-Սովորաբար, մեր հարցազրույցների ժամանակ մե՛նք ենք մաղթանքներ հղում մեր հյորերին, սակայն այս դեպքում ցանկալի կլինի լսել հայո՛ց լեզվին, մեր մայրենիի՛ն հղված Ձե՛ր մաղթանքը:
-Հայերենը մշակութային մեծ արժեք է, այն զարմանալի ճկուն և հզոր լեզու է, մենք պետք է կարողանանք մեր լեզվի արժանի կրողները լինել, ժողովուրդը պետք է կարողանա գնահատել այդ մեծ հարստությունը:
-Շնորհակալությու՛ն, պարո՛ն Զաքարյան, հուսանք, որ մեր Մայրենին, բանաստեղծի բառերով ասած՝ մեր մեծ երթի գավազանակիրը, բոլոր ժամանակներում կլինի սերունդների, ժողովրդի, պետության ուշադրության ու հոգածության կենտրոնում :
Հեղինակ` Կարինե Ավագյան
Աղբյուրը` hayernaysor.am