Հայաստանում «ՆԱՏՕ-ի շաբաթը» մեկնարկել է հայ խաղաղապահներին նվիրված ցուցահանդեսով

Հայաստանում «ՆԱՏՕ-ի շաբաթ»-ի մեկնարկը տրվել է Երեւանի պետական համալսարանի Սարգիս եւ Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում Կոսովոյում եւ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գործողություններին մասնակցող հայ խաղաղապահների լուսանկարների ցուցահանդեսի բացմամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ցուցահանդեսին ներկայացվել են մի քանի տասնյակ լուսանկարներ, որոնք պատմում են հայ զինծառայողների առօրյայի խաղաղապահ գործողություններում նրանց վարժանքների ու ուսումնական ծրագրերին մասնակցության մասին:

«Շատ կարեւոր է, որպեսզի մարդիկ տեսնեն, թե ինչպես են մեր զինծառայողները հանդես գալիս միջազգային խաղաղապահ գործողություններում: Լուսանկարները ներկայացնում են մեր խաղաղապահներին թե՛ ծառայության եւ վարժանքների ժամանակ, թե՛ իրենց ազատ ժամանակը տնօրինելիս»,- ցուցահանդեսի բացմանն ասել է ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնի ղեկավար Արա  Թադեւոսյանը:

ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանի գնահատմամբ էլ հայ խաղաղապահների ներգրավվածությունը ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններում Հայաստանի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի միջեւ համագործակցության կարեւոր բաղադրիչներից է:

«Միջազգային անվտանգությունը եւ շարունակաբար ի հայտ եկող ճգնաժամերը մշտապես պահանջում են բոլորի ներգրավվածությունը: Այս տեսանկյունից Հայաստանի մասնակցությունը Կոսովոյում եւ Աֆղանստանում խաղաղապահ գործողություններին միշտ բարձր է գնահատվել ՆԱՏՕ-ի և մեր միջազգային գործընկերների կողմից»,- ասել է Սամվել Մկրտչյանը:

Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի սպա Ուիլյամ Լահյունն էլ նշում է, որ Հայ խաղաղապահներն աչքի են ընկնում բարձր պրոֆեսիոնալիզմով: «ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչները մշտապես նշում են, որ շատ հպարտ են աշխատել նրանց հետ»,- ասել է Լահյուն:

Ցուցահանդեսը կգործի մինչեւ նոյեմբերի 6-ը:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Հայաստանում «ՆԱՏՕ-ի շաբաթը» մեկնարկել է հայ խաղաղապահներին նվիրված ցուցահանդեսով”

Leave a Reply

Your email address will not be published.