Հայաստանում կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգևոր ֆիլմերի 3-րդ միջազգային փառատոնը

hraparak.am

Օգոստոսի 19-29-ը Հայաստանում կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի 3-րդ միջազգային փառատոնը: Սոցիալական շեշտադրությամբ մշակութային այս նախաձեռնության նպատակը հոգեւոր ասելիք ունեցող համաշխարհային միջոցառումների եւ մշակութային նմուշների ցուցադրությունն է եւ ազատ հանրային քննարկումների կազմակերպումը: Բացօթյա կինոդիտումները, համերգներն ու ցուցահանդեսները, մեկ տասնյակից ավելի միջազգային հյուրերը, նաեւ «առանց տոմսի» ձեւաչափով միջոցառումները կդառնան ամառվա վերջին տասնօրյակի անբաժան մասը: Այս տարի «Ֆրեսկո»-ի ֆիլմացանկում ներառված է 22 երկրներից ներկայացված 76 կինոժապավեն: Ժյուրին հենց ինքը՝ հանդիսատեսն է. յուրաքանչյուր ֆիլմի առաջին ցուցադրության ժամանակ կինոդիտման մասնակիցները նախապես պատրաստված թղթերի միջոցով կքվեարկեն իրենց նախընտրած ֆիլմի օգտին: «Ֆրեսկո»-ն այս տարի սկսվում է մարզային ծրագրով: Օգոստոսի 19-21-ը Հաղարծնի վանական համալիրում կանցկացվի միջազգային բացօթյա կինոճամբար: 100-ից ավելի մասնակիցներին սպասվում են մշակութային տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ նաեւ գիշերային բացօթյա կինոդիտում-քննարկումներ` ֆիլմերի հեղինակների անմիջական մասնակցությամբ: «Ֆրեսկո»-ի կինոճամբարն այդ օրերին կմիանա այս տարի առաջին անգամ իրականացվող «Հաղարծնի օրեր» խորագրով միջոցառմանը: Փառատոնի երկրորդ հատվածը կանցկացվի Երեւանում: Հաճելի անակնկալ ունեն հատկապես լուսանկարչության սիրահարները: «Ֆրեսկո»-ի շրջանակում նախատեսվում է 2 մեծ ցուցահանդես, որոնց մեկնարկը կազդարարեն հեղինակների` Երուսաղեմի Սուրբ Հրեշտակապետաց Վանքի վանահայր հայր Ղեւոնդ վարդապետ Հովհաննիսյանի եւ լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանի վարպետության դասերը: Օգոստոսի 26-ին եւ 27-ին, երեկոյան, Կարապի լճում կանցկացվեն բացօթյա կինոդիտում-քննարկումներ ֆիլմերի հեղինակների մասնակցությամբ, իսկ կինոդիտումներից առաջ կազմակերպիչներն առաջարկում են 3 օր վայելել կենդանի համերգային ծրագիր: Օգոստոսի 26-ին նախատեսված է «Մրրոն եւ ընկերները» խորագրով ազգագրական համերգը, 27-ին «Ալեքսանդրապոլ Օրկեստրա» խումբն է, իսկ 28-ին փառատոնը կփակվի:

Հեղինակ՝ Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed