Հայաստանում ԱՄՆ դեսպան. Երաժշտությունը բացում է փակ սահմանները

Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում դեկտեմբերի 14-ին «Ներդաշնակության մեղեդի» միջմշակութային նախաձեռնության շրջանակում հայ եւ թուրք երաժիշտների եզակի համերգ տեղի ունեցավ: Նախաձեռնությանը նպաստում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը:

Լրագրողների հետ զրույցում մեր երկրում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը նշեց, որ այսպիսի միջոցառումները մեծ կարեւորություն ունեն ժողովուրդների համար, որոնց միջեւ կապեր եղել են, բայց ոչ բավարար մակարդակով:

«Այս նախաձեռնության շրջանակում «The Beautified Project» հայկական ռոք խումբը, թուրքահայ երգչուհի Սիբիլը եւ չորս թուրք երաժիշտներ միասին ելույթ կունենան՝ հանդիսատեսին անմոռանալի երեկո պարգեւելով: Եվ երաժշտությունը, որ այսօր վայելեցինք, միավորում է մարդկանց, քանդում է արգելապատնեշները, բացում է փակ սահմանները: Եվ մեզ բոլորիս՝ լինենք հայ, ամերիկացի, թուրք, ռուս կամ իրանցի, միավորում է երաժշտության հանդեպ ընդհանուր հետաքրքրությունը»,- ընդգծեց Ռիչարդ Միլսը:

Համերգի ընթացքում կայացավ երգի պրեմիերա, որը համատեղ գրել են հայ եւ թուրք երաժիշտները: Երգը կոչվում է «Don’t blame me»: Մեկ շաբաթ անց՝ դեկտեմբերի 22-ին, երգը կներկայացվի նաեւ Ստամբուլում:

«Երգը, որի հեղինակը «The Beautified Project» խմբի պրոդյուսեր Անդրե Սիմոնյանը, մարմնավորում է այն բոլոր արժեքները, որոնց ուղղված է այս նախաձեռնությունը՝ ներդաշնակություն, միավորում: Եվ ԱՄՆ դեսպանությունն ուրախ է աջակցել նախաձեռնությանը»,- հավելեց ամերիկացի դիվանագետը:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Հայաստանում ԱՄՆ դեսպան. Երաժշտությունը բացում է փակ սահմանները”

Leave a Reply

Your email address will not be published.