Հայաստանի փառքը. Մայրաքաղաք Անի

«10-րդ դարից սկսած աշխարհով մեկ ճչում է անիական ոճը. այսօր, ավաղ, ավերակների միջից է լսվում այդ ճիչը…»:

Հայաստանի մայրաքաղաքներից որևէ մեկ մեր ժողովրդի համար այնքան սիրելի չէ եղել, որքան Անի մայրաքաղաքը: Որպես բնակավայր Անին գոյություն ունի անհիշելի ժամանակներից: Այն գտնվում է Շիրակի սարահարթում` Ախուրյան գետի աջ ափին: Անի անվանումը երկու բացատրություն ունի: Ուսումնասիրողներից ոմանք քաղաքի անվանումը կապում են Անահիտ անվան հետ, քանզի տեղում Անահիտ աստվածուհուն նվիրված տաճար է եղել: Ուսումնասիրողների մյուս խումբը Անի անվանումը կապում է Հայասա պետության թագավոր Անիասի անվան հետ:

Անին պատմության ընթացքում ունեցել է զարգացման չորս շրջան. Հնագույն շրջան, Կամսարականների, Բագրատունիների և Զաքարյանների:

Առաջին շրջանի մասին քիչ բան է հայտնի. ուղղակի հնագիտական պեղումներից հայտնի է քաղաքի` վաղնջական ժամանակներից գոյությունը: Պետք է նշել սակայն, որ Հայասա-Ազզի պետության ժամանակներում հիշատակվող Անի-Աննի բնակավայրը չպետք է շփոթել քաղաքամայր Անիի հետ: Առաջինը դա Անի-Կամախն է և գտնվում է Բարձր Հայքում:

Միջնադարում Անին հայտնվեց Կամսարականների իշխանության տակ: Այդ ժամանակ Անին աննշան ամրոց էր ընդամենը: Անիի վերելքն սկսեց 8-րդ դարից, երբ Աշոտ Մսակեր Բագրատունին այն ձեռք բերեց Կամսարական իշխաններից: Եվ Անիի փառքը կապված է Բագրատունիների և Զաքարյանների արքայատների անվան հետ:

885 թվականին, երբ Հայաստանը Բագրատունիների տոհմի հովանու ներքո վերագտավ իր անկախությունը, նախապես մայրաքաղաքը Դվինն էր: Սակայն այն որպես մայրաքաղաք չէր բավարարում առկա պահանջներին. նախ, Դվինը մոտ էր արաբական ամիրայություններին և մշտապես վտանգի տակ էր: Բացի այդ, Դվինը դուրս էր իշտող Բագրատունյաց տոհմի տնտեսական կենտրոններից: Հետևաբար Բագրատունի արքաները երկրի մայրաքաղաքը շարունակ տեղափոխում էին. նախ Դվինից հետո մայրաքաղաք հռչակվեց Բագարանը, Երազգավորսը, ապա Կարսը:
Ի վերջո, 961 թվականին Աշոտ Գ Ողորմած Բագրատունին (954-977) Հայաստանի մայրաքաղաք հռչակեց Անին:

Անին մայրաքաղաք հռչակվեց մեծ հանդիսավորությամբ: Ներկա էին վրաց և աղվանից արքաները, Վասպուրականի թագավորը, հայոց և աղվանից կաթողիկոսները: Հայոց բանակն անցավ տողանով, եկեղեցիներում ու քաղաքում ամենուր ցնծություն էր: Անին մայրաքաղաք հռչակելով` Աշոտ Գ երկրում սկիզբ դրեց բարեփոխումների: Ստեղծվեցին նաև Վանանդի և Լոռու թագավորությունները, Բագրատունյաց գահերեցությամբ Հայաստանում և Կովկասում ստեղծվեց թագավորությունների դաշնություն:

Քաղաքն արագորեն աճեց, բարգավաճեց: Աշոտ Գ, նրա որդին` Սմբատ Բ Տիեզերակալ (977-990), Գագիկ Ա (990-1020) թագավորները ոչինչ չխնայեցին քաղաքի կառուցապատման, շենացման համար: Քաղաքն այնպիսի արագ տեմպերով էր աճում, որ Աշոտ Գ կառուցած պարիսպներն այլևս նեղ էին, չէին տեղավորում բնակչությանը և երկու տասնամյակ անց Սմբատ Բ ստիպված էր Անիի համար նոր պարիսպներ կառուցել` ընդգրկելով մի քանի անգամ մեծ տարածք: 11-րդ դարում ամենահամեստ հաշվարկներով, Անի մայրաքաղաքում բնակվում էին ավելի քան 120000 մարդիկ:

Հատկապես տպավորիչ են Անիի պաշտպանական ամրությունները, պարիսպները: Պարիսպների ընդհանուր երկարությունը հասնում է մոտավորապես երեք կիլոմետրի, բարձրությունը` 8-12 մետրի, երկկողմանի սրբատաշ քարերով: Պարիսպների տակ փորված էին 10-12 մետր լայնքով խրամներ, որոնք ջրով էին լցվում պաշարումների և թշնամական սպառնալիքի դեպքում: Անիի պարիսպների ապահովությունը ամրապնդում էին շուրջ 80 աշտարակներ:

Բացի պաշտպանական կառույցները, Բագրատունիները, հետագայում նաև Զաքարյանները քաղաքը պատեցին եկեղեցիներով, պալատներով, իջևանատներով, աշխարհիկ ու հոգևոր զանազան շինություններով, արձաններով:

Հռչակավոր էին Անիի դռները, որոնք թվով քառասունն էին: Քաղաքի կենտրոնական մուտքը աշտարակներով ամրացված ամրակուռ Ավագ դուռն էր: Նշանավոր էին Դվնո դուռը, Կարուց դուռը…

Ժամանակակիցների վկայությամբ` Անին շքեղ ու վաճառաշատ քաղաք էր: Բագրատունիների թագավորական պալատը միջնաբերդում ավելի քան 4000 քառակուսի մետր տարածք էր զբաղեցնում: Պատերը զարդարված էին գեղեցիկ որմնանկարներով: Պալատում գործում էր յոթ սրահներից բաղկացած թագավորական բաղնիքը:

Անիում զարգացած էին քաղաքային կոմունիկացիաները. Դեռևս հազարամյակ առաջ այնտեղ գործում էր կատարյալ ջրահեռացման և մատակարարման համակարգ: Քաղաքի փողոցները ուղիղ էին, երկշարք ձգված երկու-երեք հարկանի տներով:

Անին արվեստների և արհեստների քաղաք էր: Այստեղ աշխարհում առաջիններից մեկը ստեղծվեցին համքարությունները` ժամանակակից արհեստակցական միությունները: Անիում փողոցներն անգամ բաշխված էին համքարությունների մեջ. յուրաքանչյուր փողոցում հիմնականում բնակվում էին միևնույն արհեստին տիրապետող ընտանիքներ: Փողոցներն անգամ կոչվում էին համքարությունների անվամբ. Դարբնոց, Կոշկակարանոց, Գդակկարոց… Անիում զարգացած էին հյուսնությունը, դարբնությունը, բրուտագործությունը, ոսկերչությունը, զինագործությունը, ջուլհակությունը, գորգագործությունը…

Արհեստների զարգացումը ենթադրում է նաև առևտրաարդյունաբերական մեծ առաջընթաց: Եվ իսկապես, Անին ժամանակի ամենավաճառաշատ քաղաքներից էր: Հեռավոր Հնդկաստանից, Չինաստանից, Բյուզանդիայից, Ռուսաստանից,,,բազում այլ երկրներից առևտրական քարավաններ էին հանգրվանում Անիում: Հայոց մայրաքաղաքը գտնվում էր միջազգային տարանցիկ առևտրական ճանապարհների խաչմերուկում: Հայոց Բագրատունի արքաներն անգամ սեփական դրամներ չկտրեցին, այլ Հայաստանում շրջանառեցին բյուզանդական, արաբական դրամներ, որպեսզի Հայաստանում դյուրին լինի միջազգային առևտուրն ու շրջանառությունը:

Անիի մատույցներում մի քանի մաքսատուն կա, բազում իջևանատներ… քաղաքային ավագանին պարտադիր վերահսկում էր շուկայի շարժը, գները,,,Այն, որ Անին վաճառաշատ քաղաք էր, դա Բագրատունիների միտված պետական քաղաքականության արդյունքն էր: Քաղաքում զարգացած շուկա կար, բազում խանութներ:

Անին հայտնի է նաև Հազար ու մի եկեղեցիների քաղաք անվամբ: Հիրավի, Հայաստանի և ոչ մի քաղաքում կիրառական ճարտարապետությունն այդչափ զարգացած չէր, որքան Անիում: Ժամանակակիցների հուշագրություններում գովեստի խոսքեր են շռայլած Անին զարդարող հրաշագեղ տաճարների` Մայր տաճարի, Գագկաշեն եկեղեցու, Հովվի եկեղեցու, Ս.Փրկչի տաճարի, Մանուչեի մզկիթի Տիգրան Հոնենցի եկեղեցու, այլ հրաշագեղ կոթողների մասին: Այս եկեղեցիների մի զգալի մասը միջնադարում համաշխարհային հռչակ ունեցող ճարտարապետ Տրդատի աշխատանքի արգասիքն են:

Անին նաև գիտության քաղաք էր: Անիի վարդապետանոց-դպրոցը ժամանակին մեծ համբավ ուներ գիտական աշխարհում: Այստեղ դասավանդում էին տոմարագիտություն, լեզուներ, թվաբանություն, աստղագիտություն, փիլիսոփայություն, երաժշտություն,,, Նրա դարբնոցում թրծվել են մեր մշակույթի շատ գործիչներ: Անիում դասավանդել են Հովհաննես Իմաստասերը, ով դեռ Կոպեռնիկոսից շատ առաջ գրել է երկրի գնդաձևության մասին, Հովհաննես սարկավագը, Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, Մխիթար Անեցին, Սամվել Անեցին, շատ ուրիշներ…

Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում ստորգետնյա Անին: Ստորգետնյա Անին քաղաքի պաշտպանության համակարգում կարևորագույն օղակ էր: Պեղումների ժամանակ հայտնաբերվել են ավելի քան 500 ժայռափոր բնակարաններ, 30-ից ավելի եկեղեցիներ, կենցաղային շինություններ, պահեստներ… անգամ քարավանատներ: Ստորգետնյա Անիում ավելի քան 20 ձիթանոցներ են հայտնաբերվել, որ անշուշտ, պետական հոգածության առարկա էին:

Անին ուներ որոշակի ինքնավարություն, որ կարգավորվում էր քաղաքային ավագանու կողմից: Ավագանին կազմված էր քաղաքի մեծամեծներից:

Անիի փառքը, ցավոք, կարճ տևեց. հայրենադավ ուժերը հանձինս կաթողիկոս Պետրոս Գոտադարձի, Անվո վաճառքի սև գործը հղացան: 1022 թվականին դավաճան կաթողիկոսը օգտվելով Հովհաննես – Սմբատ Գ արքայի թուլակամությունից, Անին կտակեց Բյուզանդիային: Բյուզանդացիները չկարողացան զենքով ծնկի բերել հայությանը, որ Անվո պարիսպների տակ չորս անգամ ջարդեց բյուզանդական բանակները: Ի վերջո, դիմելով նենգության` բյուզանդական կայսրը Պետրոս Գետադարձ կաթողիկոսի և Վեստ Սարգիս Հայկազնի միջոցով Կոստանդնուպոլիս հրավիրեց հայոց արքա Գագիկ Բ Կրտսերին ու արգելափակեց այնտեղ: Բագրատունիների հայոց պետությունը կործանվեց, իսկ հայոց տիեզերահռչակ մայրաքաղաքը հայտնվեց օտարի տիրապետության տակ:
Բյուզանդական Վասիլ Բ կայսեր հաջորդ Կոստանդին Ը կայսրը, հիշելով իր հայկական արմատների մասին, կամեցավ Անին վերադարձնել իր տերերին. նա հայոց կաթողիկոսի` Անվո վաճառքի մասին կտակը հանձնեց Պոլսում գործող մի հայ հոգևորականի` Կիրակոս երեցին, որպեսզի նա փութալով կտակը Հայաստան հասցնի: Սակայն ազգադավ հոգևորականը կտակը պահում է իր մոտ և այն վաճառում է Կոստանդինի հաջորդ` Միքայել Դ կայսրին:

Փափկասուն ու թուլամորթ բյուզանդացիները չկարողացան պաշտպանել Անին: 1064 թվականին սելջուկները Ալփ Ասլանի գլխավորությամբ գրավեցին քաղաքն ու կողոպտեցին այն: 1072 թվականին Անին ձեռք է բերում ազգությամբ քուրդ Մանուչեն և այստեղ հաստատվում է Շադդադյանների իշխանությունը:

Այս ամբողջ ընթացքում հայերը պայքարում են անկախության համար: Անիի ավագանին օգնության խնդրանքով դիմում է Վրաստանին: Հայ-վրացական բանակը երեք անգամ ազատագրեց Անին` 1124, 1161, 1174 թվականներին, բայց դարձյալ այն նվաճեցին օտարները:

Միայն 1199 թվականին Զաքարյան իշխանները կարողացան վերջնականապես ազատագրել Անին և այն կրկին դարձավ անկախացած Հայաստանի մայրաքաղաքը:

Սակայն ցավոք, Անիի վերածնունդը երկար չտևեց. 1236 թվականին քաղաքը գրավեցին և ավերեցին մոնղոլները:

Անին վերջնականապես ավերակների վերածվեց 1319 թվականի հզոր երկրաշարժից հետո, երբ բնակիչները լքեցին քաղաքը և այն շրջակա բնակավայրերի համաև վերածվեց քարհանքի:

Իր միկրոբլոգում  գրում է պատմաբան Վահե Անթանեսյանը

Տարածել`
Share

You may also like...