Հայաստանի ձայնը լսելի է ֆրանկոֆոն երկրներում. Միկայել Ժանինի բացառիկ հարցազրույցը

Ապագայի Ֆրանկոֆոնիան պետք է լինի լավատես, ստեղծագործ, պատրաստ մրցակցելու, դիմագրավելու ճգնաժամերին ու բոլոր տեսակի մարտահրավերներին, որոնք ծառացած են ողջ միջազգային հանրության առջև: Այս մասին «Արմենպրես»-ի հետ բացառիկ հարցազրույցում  հայտարարեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության  գլխավոր քարտուղար Միկայել Ժանինը: Նա խոսել է Ֆրանկոֆոնիայի ծրագրերի, նոր մարտահրավերների եւ Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի մասին:

– Գրեթե մեկ տարի է, ինչ Դուք ընտրվել եք Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի պաշտոնում: Այդ ընթացքում Դուք ակտիվ գործունեություն եք ծավալել: Ինչպե՞ս եք տեսնում Ֆրանկոֆոնիայի ապագան: Ո՞ր ծրագրերին եք մեծ կարևորություն տալիս և որո՞նք եք պատրաստվում կյանքի կոչել:

– Դակարի գագաթնաժողովում պետությունների և կառավարությունների ղեկավարները մեզ ներկայացրին պարզ և հստակ ճանապարհային քարտեզ: Նրանք ցանկանում են, որ Ֆրանկոֆոնիան հետևողականորեն ներգրավվի նաև տնտեսական հարցերում, ինչպես նաև, որ իր գործունեության մեջ ավելի ակտիվորեն ներառի կանանց և երիտասարդներին: Այդ ճանապարհային քարտեզը մեզ առաջնորդում է գործել համաշխարհային հրատապ խնդիրներին համապատասխան և հետևել անդամ երկրների անցուդարձին: Այն մեզ հորդորում է նաև լինել առավել նախաձեռնող, լինել ստեղծագործ՝ ռազմավարությունը հարմարեցնելով կոնկրետ տարածաշրջանին: Այս սկզբունքներով է, որ ես առաջնորդվում եմ պաշտոնս ստանձնելուց ի վեր: Ես ուզում եմ տեսնել մի «Ֆրանկոֆոնիա», որն ընկալելի կլինի ու թույլ կտա ֆրանկոֆոն երկրների քաղաքացիներին կազմակերպության գործողություններում ու խոսքերում տեսնել հենց իրենց:

Ֆրանկոֆոնիան պետք է լինի օրինակելի, ինչպես քաղաքական առումով, այնպես էլ ժողովրդավարական տեսանկյունից: Այն պետք է խրախուսի երկխոսությունը և համակեցությունը: Այս ամենը պետք է ներառի հստակ առաջարկներ և գործողություններ՝ կապված ներկայիս համաշխարհային տնտեսական իրավիճակի և անվտանգության ապահովման հետ: Գործելով հանուն աշխատատեղերի ստեղծման և տնտեսության մեջ կանանց ու երիտասարդների ներգրավման, ներառական և որակյալ կրթության ապահովման, ձգտելով նպաստել փոքր ձեռնարկությունների հիմնադրմանը և հեռանկարային զարգացմանը՝ մենք կարևորագույն դեր ենք ստանձնում առավել արդար աշխարհի կառուցման գործում: Հիմնվելով լեզվական, մշակութային, քաղաքական, դիվանագիտական և տնտեսական այն հիմքերի վրա, որոնք ստեղծվել են իմ նախորդների կողմից` ես ցանկանում եմ կառուցել ժողովուրդների և լուծումների Ֆրանկոֆոնիա՝ լավատես, ստեղծագործ, պատրաստ մրցակցելու, պատրաստ դիմագրավելու ճգնաժամերին ու բոլոր տեսակի մարտահրավերներին, որոնք ծառացած են ողջ միջազգային հանրության առջև:

– Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն իր ներկայիս կառուցվածքով համապատասխանու՞մ է արդյոք  այն մարտահրավերներին, որոնց բախվում է Ֆրանկոֆոնիան: Նախատեսու՞մ եք արդյոք որոշակի փոփոխություններ մտցնել կազմակերպության կառավարման համակարգում:

-Ֆրանկոֆոնիայի  միջազգային կազմակերպությունը հանդիսանում է ժամանակակից կառույց, որն ունի արդիական և նորարարական ծրագիր: Տարիներ ի վեր Ֆրանկոֆոնիայի  միջազգային կազմակերպությունը, Խորհրդարանական վեհաժողովը և նրա գործընկերները ներդնում են իրենց ջանքերը կազմակերպության արդիականացման համար: Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի համակարգ, որը կնպաստի արդյունքների կենտրոնացված վերահսկմանը, մեր իրականացրած ծրագրերի հիման վրա կատարվող գնահատմանը, համատեղ աշխատանքին և շեշտը կդնի ապակենտրոնացման վրա՝ հօգուտ տարածաշրջանային զարգացմանը:
Այս տարվա հունվարին, երբ ես նոր էի մուտք գործել Ֆրանկոֆոնիայի  միջազգային կազմակերպություն, տպավորված էի թիմի որակով, մոտիվացիայով և իրականացրած ծրագրերով: Վերջին գագաթնաժողովի ընթացքում մենք ընդունեցինք նոր քառամյա ռազմավարություն: Պետությունների ղեկավարների ընդունած հռչակագրով մենք արդեն ունենք ճանապարհային քարտեզի ուրվագիծը: Ես ծրագրում եմ այն հաջողությամբ իրականացնել: Նույն կերպ, ժողովուրդների և լուծումների Ֆրանկոֆոնիան զարգացնելու նպատակով ես կցանկանայի վերանայել քաղաքացիական հասարակության, երիտասարդների և հատկապես միջազգային հասարակական կազմակերպությունների հետ մեր երկխոսության և համագործակցության ձևերը: Ֆրանկոֆոնիայի  միջազգային կազմակերպության ու հասարակական կազմակերպությունների միջև աշխատանքը ներկայումս ընթացքի մեջ է:

– Ո՞ր ոլորտներում է Ֆրանկոֆոնիան համագործակցում այլ միջազգային կազմակերպությունների հետ:

– Այն մոտեցումը, որով գործում է մեր կազմակերպությունն իր ինստիտուցիոնալ գործընկերների համեմատ, փոխլրացումն է: Ֆրանկոֆոնիան գործում է այնտեղ, որտեղ, ի համեմատ այլ կազմակերպությունների, ունի ավելացված արժեք: Ընդհանուր առմամբ, մենք սովորաբար  գործընկեր կազմակերպությունների հետ միասին խորհրդակցում ենք և գործում ենք խելամտորեն, որպեսզի առավելագույնի հասցնենք մեր գործողությունների արդյունքները: Մենք միջազգային կազմակերպությունների մեծամասնության հետ գործակցում և համագործակցում ենք մեր չորս ռազմավարական առաքելությունների ոլոր ներում՝ Ֆրանսերեն լեզու, Խաղաղություն և ժողովրդավարություն, Կրթություն և Տնտեսություն: Մենք ունենք շատ ինտենսիվ համագործակցության ցանց, մենք ապավինում ենք ինչպես մեծ թվով ինստիտուցիոնալ, այնպես էլ մասնագիտական ցանցերին, որոնք և ստեղծում են մեր հարստությունը և դարձնում են Ֆրանկոֆոնիան աշխարհի ամենաբաց կազմակերպություններից մեկը:

– Ո՞րն է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը երկրների միջև համագործակցության ամրապնդման և զարգացման գործում:

-Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն ունի հինգ մայրցամաքներից 80 երկրների և կառավարությունների բարձրաստիճան պաշտոնյաներին և ներկայացուցիչներին մեկ սեղանի շուրջ հավաքելու կարողություն և այդ հնարավորության առավելություն: Եվ հենց այս բազմազանությունն է մեր հարստությունը, որը հանդիսանում է մեր կազմակերպության հաղթաթուղթը: Մեր կառույցի ներքո մենք միավորում ենք Մեծ ութնյակի անդամ հանդիսացող արդյունաբերական մեծ երկրների, ինչպիսին են Ֆրանսիան և Կանադան, բայց նաև երկրների, որոնք վերջերս են անդամակցել Եվրոպական միությանը, ինչպես նաև այսպես ասած տնտեսապես ոչ այդքան զարգացած երկրների: Ընդհանուր լեզվից այն կողմ ֆրանկոֆոն երկրները կիսում են նույն աշխարհայացքը, նույն արժեքները: Այնուամենայնիվ, մենք գիտակցում ենք, որ այս առատ բազմազանության կողքին գոյություն ունեն խռովարար անհավասարություններ` տնտեսական, կրթական, սանիտարական, թվային, շրջակա միջավայրի գժտություններ, որոնք ավելի են լրջանում անգամ գլոբալիզացիայի ազդեցության հետևանքով: Այս դժվար իրականությունն այստեղ է, որպեսզի հիշեցնի Ֆրանկոֆոնիային իր համերաշխության պարտականության մասին, որը հանդիսանում է մեր բազմակողմանի համագործակցության գործողությունների գլխավոր գիծը կրթության, տնտեսության երկարատև զարգացման, ինչպես նաև մեր քաղաքական և դիվանագիտական միջամտությունների ոլորտում` ծառայելով ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և խաղաղությանը: Համերաշխությունն, այսպիսով, մեր գործունեության կիզակետում է: Խոսքը չի գնում միայն հյուսիս-հարավ համերաշխության վերաբերյալ, այլ վերաբերում է հարավային երկրների միջև համագործակցությանը, ինչպես նաև կամ զարգացող երկրներին:

-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի դերակատարությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում:

-Հայաստանը մեր կազմակերպության կազմում շատ դինամիկ անդամ է և նրա ձայնը լսելի է բոլորի համար: Այն հատկապես ակտիվ է 2015թ. հիշատակի տարում, որը մեզ բոլորիս պարտավորեցնում է հիշողության նկատմամբ աշխատանք կատարել, որի նկատմամբ ես հատկապես զգայուն եմ և ուշադիր: Դեռ ավելին, Հայաստանը որդեգրել է ֆրանսերեն լեզվի պաշտպանության և առաջխաղացման, մշակութային արտահայտման ձևերի բազմազանության և համակեցության նպատակները: Ես գիտեմ, թե ինչքան է Հայաստանը արժևորում այս նախարարական համաժողովի անցկացումը, որը Ֆրանկոֆոնիայում Հայաստանի աճող ներգրավվածության նշանն է: Ես ուրախ եմ, որ Հայաստան եմ ժամանելու՝  տարածելու այս առաջնային ուղերձները:

-Որո՞նք են Հայաստանում անցկացվելիք նախարարական համաժողովից Ձեր սպասելիքները:

-Նախարարական համաժողովը  Ֆրանկոֆոնիայի հարցերով պատասխանատու նախարարների միջև երկխոսության և փոխանակման կարևոր հարթակ է: Այս տարի այն մեզ թույլ կտա առաջին անգամ գնահատել Դակարի հանձնառությունների իրականացումը: Մենք հետևողական ենք լինելու մեր անդամ երկրների և կառավարությունների ակտիվ քայլերին` Փարիզում մի քանի շաբաթից կայանալիք կլիմայական հարցերով գագաթաժողովի նախապատրաստական փուլում, ինչպես նաև կպատրաստենք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որը տեղի կունենա 2016 թ. Մադագասկարում: Սա նաև առիթ կհանդիսանա հիշեցնելու ժողովրդավարու թյան, ինչպես նաև տնտեսական զարգացման և կայուն զարգացման բնագավառներում մեր առաջնահերթությունների մասին: Ես վերահաստատում եմ, որ առերեսվելով տնտեսական, կլիմայական, անվտանգության և միգրացիոն բնույթի ճգնաժամերին՝ Ֆրանկոֆոնիան ջանում է հանդես գալ որպես լավագույն փորձը կիսող տարածաշրջան, հստակ լուծումների ձայն, որոնք տարածվում են այս հարթակում՝ ամրապնդելու, ճանաչելի դարձնելու և կիսելու համար Ֆրանկոֆոն տարածքի երկրների և ժողովուրդների գլխավոր հաղթաթղթերը:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Հայաստանի ձայնը լսելի է ֆրանկոֆոն երկրներում. Միկայել Ժանինի բացառիկ հարցազրույցը”

Leave a Reply

Your email address will not be published.