Հայաստանի Հանրապետության անկախության հոբելյանին է նվիրված «Մինասի գույներով» խորագիրը կրող միջազգային պլեները

2012 թվականից «Արվեստը հանուն խաղաղության» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ՀՀ Շիրակի մարզպետարանին Մշակութային միջոցառումների իրականացում  պետական ծրագրով ՀՀ պետական բյուջեից հատկացվող միջոցների հաշվին ՀՀ Շիրակի մարզում ամեն տարի օգոստոսի վերջին անց է կացվում «Մինասի գույներով» խորագիրը կրող «Երիտասարդ նկարիչների միջազգային ամենամյա պլեները»:

2016 թվականի օգոստոսի 28-31-ը ՀՀ Շիրակի մարզի Թորոսգյուղի «Երեքնուկ» հանգստի գոտու տարածքում կանցկացվի «Մինասի գույներով» խորագիրը կրող «Երիտասարդ նկարիչների միջազգային 5-րդ հոբելյանական պլեները»: Այն կնվիրվի Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ ամյակին և կունենա «Անկախ Հայաստանի երիտասարդ արվեստագետները» խորագիրը:

Պլեների նպատակն է երիտասարդ արվեստագետների միջև ստեղծել միջմշակութային համագործակցության հարթակ՝ այն ծառայեցնելով որպես մշակութային երկխոսության երաշխիք:

Պլեների առաջին օրը՝ օգոստոսի 28-ին մասնակիցները մարզերից կժամանեն Գյումրի, ժամը 12:30- 14:30  կնկարեն Գյումրիում, 14:30-16:30 կշրջեն   Գյումրու թանգարաններում, կայցելեն Գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրու մասնաճյուղ, 17:00-ին Գյումրու Ստիլ պատկերասրահում կլինի Պլեների բացման հանդիսավոր արարողություն, Երիտասարդ նկարիչների հանրապետական 1-ին, միջազգային 2-րդ, 3-րդ և 4-րդ պլեներների լավագույն նկարներով ցուցահանդես կբացվի, կլինի կատալոգի շնորհանդես:

Այնուհետև Պլեների մասնակիցները կմեկնեն ՙՙԵրեքնուկ՚՚ հանգստի գոտի, ուր ճամբարային պայմաններում 3 օր շարունակ բարեկամական և ստեղծագործական միջավայրում, ապրելով կողք-կողքի, երիտասարդ նկարիչները և արվեստագետները կմասնակցեն վարպետության դասերի, կնկարեն և կմեկնաբանեն Շիրակի մարզի բնության ու պատմության հուշարձանները իրենց գույներով:

«Երիտասարդ նկարիչների միջազգային 5-րդ պլեներ»-ը համախմբել է 18-30 տարեկան 55 երիտասարդ նկարիչների ոչ միայն Հայաստանի բոլոր մարզերից և մայրաքաղաք Երևանից, այլև Վրաստանի Հանրապետության՝ Ախալքալաքի և Նինոծմինդա քաղաքներից:

«Մինասի գույներով» խորագիրը կրող «Երիտասարդ նկարիչների միջազգային 5-րդ պլեները» հնարավորություն կտա երիտասարդներին ճանաչելու և արժևորելու հայ մշակույթի գանձերը:

Ակտիվ հանգիստը կուղեկցվի ստեղծագործական և մրցակցային բովանդակությամբ, երիտասարդները ճամբարային բարեկամական և միջմշակութային պայմաններում կմասնակցեն պլեներային դասերի, կնկարեն պատմության և մշակույթի հուշարձանները, ՀՀ բնությունն՝ իր բազմազանությամբ և գույներով, կայցելեն թանգարաններ, մշակութային կրթության օջախներ, կստանան տեսական և գործնական գիտելիքներ, կունենան արդյունավետ փորձի փոխանակում:

Պլեների վերջին օրը՝ օգոստոսի 31-ին 15:00–ին պլեների մասնակիցները կմեկնեն Ջաջուռ՝ Մինաս Ավետիսյանի թանգարան:

Հոբելյանական 5-րդ Պլեներին մասնակցելու համար ընդգրկվել են նախորդ տարիների Պլեներներին ակտիվորեն մասնակցած և իրենց աշխատանքներով առավել աչքի ընկած տաղանդաշատ երիտասարդ արվեստագետները:

 

Տարածել`
Share

You may also like...