Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ «Ոսկե հասկ» մրցանակակիր

Դեկտեմբերի 27-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում (ՀԱԱՀ) տեղի ունեցավ «Ոսկե հասկ» 10-րդ մրցանակաբաշխությունը: Այն կազմակերպել էին համալսարանի ռեկտորատը, բուհի ուսանողական խորհուրդը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ): «Ոսկե հասկ» մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել բուհի ուսումնագիտական և հասարակական գործընթացներում մասնակցություն և ներդրում ունեցած անձանց ու կառույցներին:

Մրցանակաբաշխության ընթացքում պարգևի արժանացավ նաև ՀԵՀ-ը՝ «Համալսարանին աջակցող լավագույն կառույց անվանակարգում»: Նշենք, որ ԼՂՀ Հադրութի շրջանի Արաքսավան համայնքում` «Արաքսի հովիտ» տեղամասում, ՀԵՀ-ի աջակցությամբ բուհը հիմնել է ուսանողական ուսումնափորձնական-արտադրական բազա:

ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը փաստեց, որ հիմնադրամը սովոր է ինքը գնահատականներ հնչեցնել, մրցանակներ տրամադրել, ծրագրեր իրականացնել, ու սա հազվադեպ, և նույնիսկ, առաջին մրցանակն է երիտասարդական հիմնադրամի երբևէ եղած բոլոր ծրագրերի մեջ. «Իրականում մեծ գործ է արվում, և մենք այդ գործի փոքր մասնակիցն ենք, և եթե այն արժևորվում է, ուրեմն պարտավորեցնող է»:

Այնուհետև պարոն Ավագյանը վստահեցրեց, որ «Ոսկե հասկ» ավանդական մրցանակաբաշխությունը սպասված է ուսանողության շրջանում, և երիտասարդները դեռ բուհ չընդունված արդեն տեղյակ են ծրագրի մասին. «10 տարվա ժամանակահատվածը բավական տևական է, և ուրախ եմ, որ այս տասը տարիների ընթացքում այս միջոցառումը երբեք իր տեղը չի զիջել, ավելին, դարձել է սպասված»: Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ գրեթե բոլոր բուհերում տարեմուտյան միջոցառումներ են իրականացվում, որոնք, իհարկե, ձևաչափով տարբեր են, բայց հիմնադրամի կողմից դրանց ֆինանսավորման նպատակն իրականում ուսանողության համար ամանորյա որոշակի տրամադրություն ստեղծելն է և ամփոփելն է տարվա այն մեծ աշխատանքը, որն իրականացվել է: Այնուհետև պատգամավորը շնորհակալություն հայտնեց հասարակական աշխատանքով զբաղվող մարդկանց ու  նկատեց, որ այսօր երիտասարդներին դժվար է համոզել հասարակական աշխատանքով զբաղվել, մանավանդ մի շարք չլուծված խնդիրների պարագայում, բայց հայ երիտասարդներն այս առումով առանձնանում են. «Մեր ուսանողությունը տարբերվող է, և իրականում կարող են ուրիշների համար հոգ տանել, հասարակական աշխատանքով զբաղվել՝ երբեմն նաև իրենց խնդիրները թողած»:

Նշենք, որ մրցանակներ շնորհվեցին «Ուսանողական լավագույն գիտահետազոտական աշխատանք», «Լավագույն ամբիոն», «Լավագույն ֆակուլտետ», «Լավագույն ֆակուլտետային ուսանողական խորհուրդ», «Լավագույն կուրս», «Համալսարանի լավագույն գործընկեր կազմակերպություն», «Լավագույն կառուցվածքային ստորաբաժանում» և այլ անվանակարգերում:

Բուհի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը, շնորհավորելով բոլոր մրցանակակիրներին,  հավաստիացրեց, որ թեև անվանակարգերը ութ կամ ինն են բայց մրցանակի արժանիները շատ ավելին են. «Անկախ այն հանգամանքից՝ ովքեր այսօր կստանան մրցանակներ և կդառնան մրցանակակիր, շահում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանը»:

Նշենք, որ մրցանակաբաշխությունն ուղեկցվեց երաժշտական ծրագրով՝ Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի (դիրիժոր ու ղեկավար Երվանդ Երզնկյան) կատարումների ներքո: Հանդես եկան նաև Սոնա Շահգելդյանը, Ռուբեն Սասունցին և այլք:

Տարածել`
Share

You may also like...