Հայաստանի գրողների միության բեմը այսուհետ կծառայի նաև թատերական արվեստին

panorama.am-ը գրում է՝

Հայ թատերասերներն այսուհետև հնարավորություն կունենան  դերասան, բեմադրիչ Նարեկ Դուրյանի ներկայացումները դիտել նոր բեմում. Բաղրամյան 3, Հայաստանի գրողների միության շենք` Դուրյանի հիմնադրած նոր թատրոնի հասցեն է: Թատրոնում պարբերաբար կցուցադրվեն դերասանի ներկայացումները, ինչպես նաև կլինեն պրեմիերաներ, կանցկացվեն վարպետության դասեր և այլ միջոցառումներ:

Թատրոնի մամուլի ծառայությունից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ ներկայացումների մեկնարկը կտրվի սեպտեմբերի 15-ին «Իմ կնոջ անունն է Մորիս» (հեղինակ` Ռաֆֆի Շարտ) կատակերգությամբ, որը ցուցադրվել է Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի բեմում: Հաջորդիվ հանդիսատեսը հնարավորություն կստանա դիտելու Նարեկ Դուրյանի խաղացանկի մյուս`«Մորաքույրը Փարիզից», «Սե լա վի», «Շեղշե լա ֆամ», «Օպերացիա Նեմեսիս», «Կոմա Նոստրա» ներկայացումները:

Գրողների միության շենքի դահլիճը, որը 10 տարի ժամկետով վարձակալել է Նարեկ Դուրյանը, վերանորոգվել է և վերազինվել ժամանակակից տեխնիկայով: Հանդիսատեսի համար ստեղծվել են հնարավորինս հարմարավետ պայմաններ: Բոլոր դերասանները, ովքեր մինչ այդ ներգրավված են եղել Նարեկ Դուրյանի ներկայացումներում, շարունակելու են իրենց աշխատանքը նոր թատրոնում:

Այս տարվա նոյեմբերին թատրոնը հանդես կգա պրեմիերայով: Կցուցադրվեն նաև հատուկ մանուկների համար նախատեսված ներկայացումներ:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed