Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի Տատյանա Դանիելյանցի «Ներքին լույս» ցուցահանդեսը

Նկարիչ, քանդակագործ, կինովավերագրող և բանաստեղծ Տատյանա Դանիլյանցի «Լույսը ներսից» խորագիրը կրող ցուցահանդեսը կբացվի Հայաստանի ազգային պատկերասրահում Ս. թ. փետրվարի 3-ին, ժամը 15:00-ին և կգործի մինչև փետրվարի 15-ը:

 

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի մշակույթի նախարարությունը, ցուցահանդեսը ներառում է նկարչուհու հեղինակած գեղարվեստական լուսանկարների և մուրանյան ապակու քանդակների` «Վենետիկ. ջրի երեսին» և «Ռուսական հոգի» խորագրերով ցուցադրությունները, որոնք բազմիցս ներկայացվել են Ռուսաստանի և Եվրոպայի ցուցասրահներում: Հայազգի արվեստագետի ստեղծագործությունները ֆիզիկական և մետաֆիզիկ լույսի` կյանքում ունեցած դրսևորումների արտահայտությունն են:

 

«Վենետիկ. ջրի երեսին» խորագրով ցուցադրությունը գեղարվեստական լուսանկարի միջոցով պատմում է վենետիկյան ամենակարևոր փոխադրամիջոցի` նավակի և քաղաքի յուրահատուկ ջրային, արտացոլվող տարածության մեջ լույսի և գույնի առկայության մասին: Ռուս հայտնի արվեստի քննադատ Վիտալի Պացյուկովի խոսքերով. «…Ստեղծելով նոր տեսողական-տեղեկատվական կերպար` Տատյանա Դանիլյանցի լուսանկարները արդիականացնում են «ռուսական ոչ-առարկայականության» ավանդույթը, բայց արդեն ոչ ավանդական, այլ`բազմերանգ եղանակով»: Տատյանա Դանիլյանցի անդրադարձը քաղաքային միջավայրի այնպիսի «առարկայի» գեղարվեստական վերաիմաստավորմանը, ինչպիսին է նավակը, նոր շունչ է հաղորդում այդ հրաշալի քաղաքի պատկերագրությանն ու նրա միջավայրին:

 

«Ռուսական հոգի» ցուցադրության մեջ` ռուսական ավանդական սառնաշաքարը, «ճանապարհորդելով» մի շարք մերձմոսկովյան հինավուրց քաղաքներով (Մոժայսկ, Զվենիգորոդ և այլն), դառնալով նկարչուհու և ճանապարհորդության ժամանակ հանդիպած այլ մարդկանց խոսակցության «առարկա», ձեռք է բերում անմահության գծեր` վերածվելով մուրանյան (վենետիկյան) ապակուց պատրաստված մի քանդակի` միավորելով Իտալիան և Ռուսաստանը:

 

Ահա թե ինչ է ասել ցուցադրության մասին հանրահայտ իտալացի համադրող Ադրիանո Բերենգոն. «Դանիլյանցի աշխատանքների մի մասը գրեթե վավերագրական է և աչքի է ընկնում իր հայրենակիցների կյանքի, նրանց սովորությունների և ապրելակերպի նկատմամբ ոչ ավանդական մոտեցմամբ, մինչդեռ մուրանյան ապակուց պատրաստված նրա գործերը կամուրջ են գցում դեպի իտալական մշակույթը և Վենետիկի բնակիչները: Հենց այդ պատճառով է, որ ես կընդարձակեի ցուցահանդեսի անվանումը և չակերտների մեջ կավելացնեի «աշխարհի հոգի», որպեսզի ընդգծվեր կապը մարդկանց միավորող համաշխարհային հոգու հետ, չէ՞ որ հեղինակը հենց դրա մասին է խոսում»:

 

Ի դեպ, Տատյանա Դանիլյանցն ապրում և ստեղծագործում է Մոսկվայում և Վենետիկում:

Տարածել`
Share

You may also like...