Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվել է «Իրանական մանրանկարչական արվեստ» ցուցահանդեսը

Հայաստանի Ազգային պատկերասրահում մարտի 11-ին բացվել է «Իրանական մանրանկարչական արվեստ» ցուցահանդեսը:
Թեհրանի Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Մաջիդ Մոլա Նորուզիի խոսքով, իրանական մանրանկարչությունը հազարամյա պատմություն ունի: «Յուրաքանչյուր մանրանկարիչ իր ժամանակաշրջանում յուրովի է նկարել, բայց մանրանկարչության ավանդույթներն այնքան ամուր են պահպանվել, որ առկա աննշան փոփոխությունները նկատելի են միայն նեղ մասնագետներին: Այստեղ ավելի քան 25 երիտասարդ մանրանկարչի ավելի քան 50 ստեղծագործություն է ներկայացված», – նշել է Նորուզին: Հիմնականում, շարունակել է նա, ներկայացված մանրանկարներն օգտագործվում են որպես գորգերի նախշեր, կան այնպիսի մանրանկարներ, որոնք արվել են իրանական գրականության, երգերի եւ հեքիաթների հիման վրա:
Հայաստանի մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանն իր հերթին հավաստիացրել է, որ վերջերս հայ-իրանական մշակութային համագործակցությունը նոր փուլ է մտել: «Եվ դրա համար կան բոլոր նախադրյալները, ինչպես աշխարհագրական տեսանկյունից, այնպես էլ հաշվի առնելով ժողովուրդների բարեկամությունը: Դրան կարելի է հավելել կողմերի միջեւ տարբեր հուշագրերի ստորագրումը, որոնք արդեն գործուն քայլ են այդ ուղղությամբ: Վերջերս Հայաստանի Ազգային պատկերասրահի եւ Թեհրանի Ժամանակակից արվեստի թանգարանի միջեւ ստորագրված հուշագիրը վերոհիշյալի լավագույն օրինակն է», – ընդգծել է Տեր-Վարդանյանը: Բացված ցուցահանդեսը, ըստ փոխնախարարի, իրանական ժամանակակից եւ ավանդական արվեստի ամբողջություն է:
Նշենք, որ Երեւանում «Իրանական մանրանկարչական արվեստ» ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ ապրիլի 11-ը:
- Previous Ամփոփվել են «WEB ԾԻՐԱՆ» 5-րդ համահայկական առցանց կինոփառատոնի արդյունքները
- Next Սերժ Սարգսյանը Մոսկվայում այցելել է «Հայաստան. լինելիության առասպելը» խորագրով ցուցահանդես