Հայաստանը մեծ ազդեցություն ունի եվրոպական մշակույթի վրա. Պաոլո Վիտտի

Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի հայկական եկեղեցու վերականգնման ծրագրի համակարգող, իտալացի ճարտարապետ Պաոլո Վիտտին կարծում է, որ Հայաստանը մեծ և դրական ազդեցություն ունի եվրոպական մշակույթի վրա:

«Ես շատ տպավորված եմ իմ՝ Հայաստան կատարած այցով, քանի որ մի բան է ուսումնասիրություններ կատարել, մեկ այլ բան է գալ և տեսնել: Իմ ընտանիքի անդամները  Ստամբուլի իտալացիներ են, ովքեր հայ ծանոթներ, բարեկամներ ունեն, Հռոմում, որտեղ ես ապրում եմ, նույնպես ճանաչում եմ հայերի, և կարելի է ասել՝ ամբողջ կյանքս հայերի շրջապատում եմ, Հայաստանը միշտ իմ կյանքում է եղել: Եվ ահա այցելում եմ Հայաստան՝ զգալով ինձ այստեղ ավելի ներգրավված»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ճարտարապետը:
Պաոլո Վիտտին նաև «Եվրոպա Նոստրա» կազմակերպության 7 առավել վտանգված  հուշարձանների ծրագրի գիտական խորհրդի անդամ է: 42 երկրների ներառող «Եվրոպա Նոստրա» կազմակերպությանը Հայաստանը անդամակցում է դեռևս 2012 թվականից՝ այս տարի ցանկում ներառելով Երերույք հնագիտական հուշարձանը և Անիպեմզա գյուղը:

Իտալացի ճարտարապետը տեղեկացրել է, որ այս տարի ծրագրի շրջանակում ցանկանում են ցուցաբերել ավելի գլոբալ մոտեցում:

«Այդ մոտեցումը ենթադրում է ոչ միայն պահպանում, այլև տարածքն ավելի տեսանելի դարձնելու համապատասխան ուղիների տրամադրում, աշխատանք այնտեղ ապրող մարդկանց հետ:  Սակայն կցանկանայի նշել մի կարևոր գործոն ևս, որ այդ պահպանման գործընթացը պետք է կազմակերպվի առանց վնասներ հասցնելու, քանի որ վերականգնողական աշխատանքների ժամանակ կա շատ մեծ վտանգ դա սխալ անելու, այդ իսկ պատճառով կենտրոնացած ենք համապատասխան մեթոդաբանություն ձևավորելու վրա: Սպասում ենք, որ սա պետք է դառնա այդ գլոբալ մոտեցման օրինակը Հայաստանի մշակութային ժառանգության մեջ»,-ընդգծել է նա:

Անդրադառնալով ճարտարապետի՝ Հայաստանում տարբեր վայրեր կատարած այցելությանը՝ Պաոլո Վիտտին նշել է, որ եղել է Գյումրիում, որը, նրա խոսքով, լավ նախագծված քաղաքի տիպիկ օրինակ է:

«Քաղաքը գեղեցիկ ճարտարապետություն ունի, և կարծում եմ՝ եթե պատշաճ վերականգնողական աշխատանքներ տարվեն, նորություններ արվեն առանց անցյալին դիպչելու, Հայաստանը կունենա շատ կարևոր խոշոր քաղաք: Անին եմ տեսել վերևից և կարող եմ ասել, որ տպավորված եմ գեղեկցությամբ, այդ վայրի կարևորությամբ: Պարզապես ուզում եմ նշել, որ Անին պետք է լինի տարածք առանց սահմանների»,-եզրափակել է Պաոլո Վիտտին:

Տարածել`
Share

You may also like...