Հայաստանը մասնակցեց Ժնևի Գրքի միջազգային ցուցահանդեսին

Ապրիլի 27-ից մայիսի 1-ը, Շվեյցարիայի «Հակոբ Դ. Թոփալյան» հայկական հիմնադրամի ջանքերով, Հայաստանը հերթական անգամ մասնակցեց Ժնևի Գրքի միջազգային ամենամյա ցուցահանդես-տոնավաճառին:

Հայկական տաղավարում ցուցադրված էին Հայաստանում և արտերկրում վերջին տարիներին տպագրված հայերեն և օտարալեզու բազմաթիվ հրատարակություններ: Ցուցահանդեսի հինգ օրերի ընթացքում, գրքերի ցուցադրությանը զուգահեռ, առանձին դասախոսություններ կազմակերպվեցին՝ նվիրված Հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին, արվեստին և զբոսաշրջությանը, ինչպես նաև Հայոց ցեղասպանությանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Տեղի ունեցան «Ժխտողականության խնդրահարույց էությունը և դրա հետևանքները ժողովրդավարական երկրներում», «Թուրքական պետության համակարգային բռնությունը», «Ղարաբաղ․ միջազգային լռությունը» և մի շարք այլ խորագրերով բանավեճ-քննարկումներ` սփյուռքահայ և արտերկրյա պատմաբանների, լրագրողների և հրապարակախոսների մասնակցությամբ։

Ցուցահանդեսի վերջին օրը հայկական տաղավարում կազմակերպվել էր Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Անրի Կյունիի «Հայաստան՝ մի ժողովրդի ոգին» խորագրով գրքի շնորհանդեսը՝ հեղինակի մասնակցությամբ։

Հայկական տաղավարում ցուցադրություններն ուղեկցվում էին «Նոր աշուղ» նվագախմբի կողմից հայկական ազգային աշուղական երգերի կատարումներով։

1986 թվականին հիմնադրված Ժնևի Գրքի միջազգային ցուցահանդեսն իր ծավալով աշխարհում երկրորդն է ֆրանսախոս ցուցահանդեսների շարքում և ամենախոշորն է Շվեյցարիայում։ Յուրաքանչյուր տարի այն հյուրընկալում է շուրջ 100,000 այցելուներ, 820 հրատարակչություններ, և ավելի քան 800 հեղինակներ։ 2011թ․Ժնևի Գրքի միջազգային ցուցահանդեսի պատվավոր հյուրը Հայաստանն էր։

Տարածել`
Share

You may also like...