Հայաստանը հիշատակվել է հին Հռոմի մետաղադրամներին

Հրաշքով պահպանված և դարերի խորքից մեզ հասած հին մետաղադրամները կարող են պատմել այնպիսի ուշագրավ պատմական իրադարձությունների կամ քաղաքական գործիչների մասին, որոնք վաղուց արդեն մոռացության գիրկն են անցել:

Այդ առումով ուշագրավ են մեր թվարկության երկրորդ հարյուրամյակի հին հռոմեական երեք մետաղադրամները, փորձենք վերծանել նրանց վրա դրոշմված յուրօրինակ պատմական ռեբուսը:

6087926

Հայաստանի համար այդ խառնակ ժամանակաշրջանում երկրում երկու անգամ թագավորել է Տիգրան 5-րդ Սոհեմոսը (մ. թ. 144-161 և 164-186 թվականներ): Սկզբում նա Հայոց գահը ստացավ Հռոմի կայսր Անտոնինոս Պիոսից (Antoninus Pius): Այդ իրադարձության նկարագրումը մենք կարող ենք տեսնել առաջին, բրոնզյա մետաղադրամի վրա, որտեղ դիմերեսին կայրի պատկերն է և նրա անվան մակագրությունը, իսկ դարձերեսին պատկերված է Սոհեմոսի թագադրումը և լատիներեն նշված է. «Արքա Հայոց տվեց» (Rex Armen Dat): Կայսր Անտոնինոս Պիոսի մահից հետո Պարթևական թագավորության զորքերը ներխուժում են Մեծ Հայք, տապալում Սոհեմոսին և գահ բարձրացնում իրենց դրածոյին՝ Բակուր 1-ին թագավորին, իսկ Սոհեմոսը ապաստան է գտնում Հռոմում:

 

6087922

Մեկ տարի անց դրանից հետո սկսված հռոմեա-պարթևական պատերազմում Հռոմը հաղթում է պարթևներին, որից հետո կնքված պայմանագրով Հռոմեական կայսրությանն է անցնում Միջագետքի արևմտյան մասը, Հայաստանը ճանաչվում է անկախ, որտեղ, սակայն, թագավորելու էր Հռոմի դրածոն, և այդպիսով՝ 164 թվականին երկրորդ անգամ հռոմեացիների կողմից Հայոց արքա է թագադրվում Տիգրան 5-րդ Սոհեմոսը։ Այդ ժամանակ Հռոմի համագահակալն էր հանդիսանում կայսր Լուցիուս Վերուսը (Lucius Verus)՝ Մարկոս Ավրելիոսի հետ: Լուցիուս Վերուսը ստացել էր իր «Արմենիակուս» (Armeniacus) կոչումը հռոմեական զորաբանակի կողմից Հայաստանի գրավումից հետո:

Ներկայացվող ոսկյա մետաղադրամի դիմապատկերին՝ կայսր Լուցիուս Վերուսն է և նրա անվան մակագրությունը, իսկ դարձերեսին պատկերված է Սոհեմոսի արդեն երկրորդ թագադրումը և նույնպես նշված է լատիներեն՝ «Արքա Հայոց տվեց»: Վերջին, արծաթյա, մետաղադրամի դիմապատկերին կրկին տեսնում ենք Լուցիուս Վերուսին, իսկ դարձերեսին հայուհու պատկերն է. այդպես է խորհրդանշական կերպով ներկայացված Հայաստանը և մակագրված է՝ «Armen»:

Ռուբեն Շուխյանի անդրադարձը՝ Sputnik-ի համար

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed