Համահայկական սիմֆոնիկ նվագախմբի ստեղծման գաղափարի հիմքում մեր միասնականության խնդիրն է դրված

Համահայկական նվագախմբի ( All Armenian Orchestra )  գաղափարն  արդեն իրականություն է դառնում: Նվագախմբի ստեղծման նպատակը Հայաստանի սահմաններից դուրս ապրող և ստեղծագործող հայ երաժիշտներին համախմբելն է: Առաջին  համերգը  նախատեսվում է  2017թվականի  ապրիլի 24-ին։ Համահայկական նվագախումբը համերգներ կունենա նաև արտերկրում: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ու  Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանն այսօր խոսել են նվագախմբի ստեղծման ուղղությամբ իրականցված քայլերի  մասին:

 

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի ձևակերպմամբ` համահայկական սիմֆոնիկ նվագախմբի ստեղծման գաղափարի հիմքում մեր միասնականության խնդիրն է դրված։ «Որպեսզի կարողանանք մեկ նվագախմբի, մեկ երաժշտության շուրջ համախմբել աշխարհով մեկ սփռված հայերին»,- ասաց Արմեն Ամիրյանը:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանի խոսքով՝ շուրջ երկու տասնյակ երկրներից հայազգի արվեստագետների անուններն արդեն նվագախմբի երաժիշտների ցանկում են: «Նման կարճ ժամանակահատվածում տարբեր երկրներում ապրող հայ երաժիշտներին համախմբելը դժվար է, որովհետև յուրաքանչյուրն ունի իր ծրագրերը, սակայն  երբ լսում են գաղափարի մասին,  անպայման արձագանքում են: Նվագախմբի երաժիշտների հարցը շուրջ 70 տոկոսով լուծված է, այս պահին փորձում ենք լուծել մենակատարների հետ կապված խնդիրները»:

Ինչպես վերը նշվեց համահայկական սիմֆոնիկ  նվագախմբի ստեղծման գաղափարի հիմքում դրված միասնության խնդիրը: Համահայկական միասնության գաղափարից է ծնվել  նաև որոշումը՝ նվագախումբը կղեկավարեն երեք դիրիժորներ՝ Էդուարդ Թոփչյանը, Սերգեյ Սմբատյանը և Կարեն Դուրգարյանը: «Համերգային ծրագրում կհնչեն բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, այդ թվում՝ Արամ Խաչատուրյան, Ավետ Տերտերյան, Էդուարդ Միրզոյան և այլն:

Մենք նաև պատվեր ենք ձևավորել, որը կիրականացնի  մաեստրո Տիգրան Մանսուրյանը: Ստեղծագործությունը նվիրված կլինի ապրիլյան պատերազմի մեր հերոսներին: Ես կարծում եմ, որ հենց այդ հերոսականությամբ պետք է եզրափակել ապրիլ քսանչորսյան համերգը»,- ասում է մշակույթի նախարարը։

Ի դեպ՝ դեկտեմբերի 24- ին մշակույթի նախարարությունը հայտարարում է Շնորհակալության շաբաթ։ Մշակույթի նախարարությունը հայտարարում է նաև վիրտուալ տարածքում հայատառ գրելու շաբաթ: Նախարարության ֆեյսբուքյան էջի  համապատասխան  հատվածում մրցույթի մասնակիցները կարող են թողնել իրենց շնորհակալության հայատառ գրառումները: Լավագույն գրառման հեղինակը  կստանա  հայկական արտադրության «Արմֆոն» հեռախոս, որը, ըստ նախարարի,  հայատառ գրելուն հարմարեցված թերևս լավագույն հեռախոսն է:

Նյութի ձայնագրությունը կարող եք լսել armradio.am եթերում

Հեղինակ՝ Ալիսա Գևորգյան

Նյութը ներկայացվեց առանց խմբագրման

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed