Համազգային թատրոնը նոր շենք կունենա

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հարևանությամբ գտնվող Ֆինանսաբանկային քոլեջ հիմնադրամի վթարային շենքի տեղում կկառուցվի Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի համար նախատեսված նոր շենք:

Այս մասին հայտնել է  թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Վիգեն Չալդրանյանը մանրամասներ է հայտնել:

«Ամռանը թատրոնի շենքի հարցը կրկին բարձրացվեց: Սեփական շենք ունենալու որոշումը կայացված է, մնում է, որ Ֆինանսաբանկային քոլեջի շենքը հիմնահատակ քանդվի և դրա տեղում կառուցվի մեր թատրոնը»,- ասել է Չալդրանյանը:

Նա ընդգծեց, որ աշխատել է նախագծի վրա և խոստովանեց, որ միայն երազել կարելի էր նման նախագծի մասին: Թատրոնը կունենա 300 թատերասերի համար նախատեսված գեղեցիկ դահլիճ, վարչական մաս, ճեմասրահ, սրճարան:

«Մեզ խոստացել էին, որ վերը նշված շենքը պետք է քանդեն սեպտեմբերին. առ այսօր չեն արել, հիմա խոստանում են, որ մայիսին կսկսվեն աշխատանքները:

Ես շատ լավ գիտակցում եմ, որ մեր երկրում ամեն բան չէ, որ վայրկենապես է իրականացվում, սակայն հանգիստ եմ և լիահույս, քանի որ որոշումն ընդունված է, և դրա դեմ ոչ ոք ոչինչ անել չի կարող»,- շեշտել է գեղարվեստական ղեկավարը:

Վիգեն Չալդրանյանն ընդգծել է՝ լավ է, որ իրենց թատերախումբը փողոցում չէ: «Այնպես չէ, որ ես կամ դերասաններից որևէ մեկը գիշերը չի քնում և մտածում է, որ մենք վատ պայմաններում ենք աշխատում: Այդպես չէ: Ամեն ինչ հիանալի չէ, բայց վատ էլ չէ: Իհարկե, մեզ շատ լավ պայմաններ են սպասվում: Կարծում եմ՝ թատրոնը սկսվում է շենքից: Ստանիսլավսկին ասում էր, որ թատրոնը սկսվում է կախիչից, բայց շենք պետք է լինի, որ կախիչ լինի: Թատերական ինստիտուտում հյուրի կարգավիճակում ենք արդեն տասնյակ տարիներ, և բեմը կիսում ենք ինստիտուտի հետ. ամսվա կեսը մերն է, կեսը՝ նրանցը: Այնինչ, թատրոնը կենդանի օրգանիզմ է. սիրտը չպետք է կանգնի, այն պետք է միշտ բաբախի»,- ընդգծեց Չալդրանյանը:

Նա նշեց, որ լավ, թե վատ պայմաններում իրենք աշխատում են, տեղում չեն դոփում, ունեն առաջնախաղեր և փորձում են ապահովել որակ, հանդիսատես:

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը հիմնադրվել է 1991 թվականին մեծանուն դերասան Սոս Սարգսյանի նախաձեռնությամբ: Այն գործում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի առաջին հարկում և մինչ օրս սեփական շենք չունի:

Լուսանկարը՝ Վիգեն Չալդրանյանի ֆեյսբուքյան էջից

 

Աղբյուրը` tert.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed