«Հաղթիր ազնվությամբ ու պատվով, պարտվիր արժանապատվությամբ». այսօր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է

Փետրվարի 12-ը ժամանակակից հայ արձակի խոշորագույն ներկայացուցիչ Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար 81 տարեկան: Մտավորականի թողած ժառանգությունն իր կարևորագույն և նշանակալի հետքն է թողել հայ գրականության անդաստանում: Մաթևոսյանը ծնվել է Լոռվա Ահնիձոր գյուղում 1935 թվականին:

«Մաճ եմ բռնել, խոտ հնձել, կով ծնեցրել, պատվաստ դրել… Առասպելի ջրհեղեղը եթե կրկնվեր՝ Նոյան պես կարող ի վերստեղծել հողագործության և անասնապահության մեծ մշակույթները, և մարդկանց հիշողությունը եթե հանկարծ խաթարվեր, ազգականներիս ու երկրացիներիս այն օրերի վարքից կարող էի նորից ժողովել մարդկային բարոյականության օրենսգիրքը: Այդ ամենի համար պարտական եմ այն հին Ահնիձոր գյուղին, ուր տասնհինգ տարի եմ անցրել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` մի առիթով ասել է Հրանտ Մաթևոսյանը:

Սիրված գրողը սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտում:1958-62 թվականներին աշխատել է որպես սրբագրիչ «Սովետական գրականություն» ամսագրում և «Գրական թերթում»: Գրական ասպարեզ է իջել 1961 թվականին լայն արձագանք գտած «Ահնիձոր» ակնարկով։ Անդրանիկ ժողովածուն՝ «Օգոստոսը», լույս է տեսել 1967-ին: 1996-2000 թթ. եղել է Հայաստանի գրողների միության վարչության նախագահը: Մաթևոսյանի ստեղծագործությունները լույս են տեսել մի շարք երկրներում՝ թարգմանված լինելով շուրջ 40 լեզվով: 2004 -ին Հայաստանի գրողների միությունը սահմանել է Մաթևոսյանի նվան մրցանակ: Մաթևոսյանի անունով Երևանում կոչվել են դպրոց և փողոց:

Մաթևոսյանի երկերի հիման վրա և նրա սցենարներով Հայֆիլմում նկարահանվել են «Մենք ենք, մեր սարերը», «Օգոստոս», «Աշնան արև», «Տերը» գեղարվեստական կինոնկարները, Հայաստանի թատրոններում բեմադրվել են «Մեծ աշխարհի մեր անկյունը», «Չեզոք գոտի», «Մեծամոր» և այլ գործեր:

Հրանտ Մաթևոսյանը մահացել է 2002 թվականին Երևանում: Հրանտ Մաթևոսյանի մտքերից. «Պատմությունը ազգերի ու ժողովուրդների ճանապարհին նստած սֆինքս է, որ անցած ուղիներիդ դասը չի հարցնում – փորձում է իրենից՝ այսօրից անցնելու, գալիքին ոտք դնելու կամքդ»: «Հաղթիր ազնվությամբ ու պատվով, պարտվիր արժանապատվությամբ»: «Ես սիրում եմ հանդիպել հասկացող ընթերցողի: Երբ հավաքվում է նման դահլիճ, ինձ համար դա իսկական երջանկություն է: Այդպիսի ընթերցողի մեջ ես համախոհի եմ տեսնում, աջակցի: Գրողին պատկանում է իր ստեղծածի միայն կեսը, մնացածը միջավայրի արձագանքն է, դա վիթխարի դահլիճ է՝ Կարպատներից մինչև Խաղաղ օվկիանոս»:

Ռեժիսոր Ռոման Բալայանը` Մաթևոսյանի մասին. «Հրանտ Մաթևոսյանն ու նրա կինն ինձ ստիպելով կնքել են: Հարցնում էին՝ կնքվա՞ծ ես: Ասացի, որ մանուկ հասակում Արցախում եկեղեցիներն ավերված էին, ինձ սարեր էին տարել, քարերից մեկի տակ ինչ-որ բան էին արել: Որոշեցին կնքել, ասում են, գնանք Էջմիածին: Ասում եմ՝ ոչ մի Էջմիածին, ինձ համար դա զբոսաշրջային կենտրոն է, ես այնտեղ չեմ կնքվի: Որոշեցինք գնալ Գեղարդ: Շատ ուրախ անցավ: Լսել եմ, որ այստեղ ուզում են բացել Հրանտ Մաթևոսյանի թանգարանը: Երեք տարի գալիս եմ այստեղ, անընդհատ ձգձվում է: Սերունդ կա, որը չգիտի Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունները, կարելի է այնպես անել, որ դպրոցականները գնան այդ թանգարան, հետո ստիպված կկարդան, կպատմեն իր մասին: Շատ եմ ուզում, որ այդ տունը կառուցեն»:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “«Հաղթիր ազնվությամբ ու պատվով, պարտվիր արժանապատվությամբ». այսօր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է”

Leave a Reply

Your email address will not be published.