Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում տեղի կունենա «Չի եղել գիշեր, որ չի լուսացել» ներկայացման պրեմիերան

life.panorama.am-ը գրում է՝

Հուլիսի 22-ին եւ 23-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում տեղի կունենա «Չի եղել գիշեր, որ չի լուսացել» ներկայացման պրեմիերան: Այս ներկայացումն առաջինն է թատերական պատմության մեջ, որն անդրադառնում է արցախյան ազատամարտին:

Միակ կին հերոսուհին՝ Լուիզա Ղամբարյանը, պատմել է ներկայացման բովանդակության ու իր հերոսուհու առանձնահատկությունների մասին.

«Մասնակցության հրավերը ստացել եմ իրանահայ ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանի կողմից: Պետք է ասեմ, որ առաջարկը ստանալուն պես ինձ շատ ոգեւորեց ստեղծագործական թիմն ու այն կարեւոր նյութը, որն ընկած է ներկայացման բովանդակության հիմքում: Մենք բավականին երկար ենք աշխատել, ներդրել ենք մեր ողջ ներուժն ու ունակությունները, որպեսզի այս կարեւոր ներկայացումը կայանա, ինչն էլ տեղի կունենա հուլիսի 22-ին եւ 23-ին»,- նշեց Հ. Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնի դերասանուհին:

Խոսելով ներկայացման նպատակից եւ հանդիսատեսին փոխանցվելիք հաղորդագրությունից՝ Լ. Ղամբարյանը նկատեց.

««Չի եղել գիշեր, որ չի լուսացել» ներկայացման ամենակարեւոր ուղերձը գնահատականն է, շնորհակալությունն այն հերոսներին, ովքեր հայրենիքի համար են ծառայել ու ծառայում: Եթե վերլուծենք, ինչ խոսք, նրանք գնահատվում են, բայց ըստ իս նրանց արածի դիմաց անսահման շատ է պետք շնորհակալ լինել, նրանց որքան էլ գնահատենք, միեւնույն է, քիչ կլինի, քանի որ մեր հերոսները ոչ ավել, ոչ պակաս իրենց կյանքը չեն խնայել: Պետք է միշտ հիշել հայրենիքի համար զոհված  հերոսներին ու չմոռանալ այն կենդանի հերոս տղաներին, ովքեր եւս անհաժեշտության դեպքում պատրաստ կլիենն իրենց ունեցած միակ կյանքը զոհել: Սա շատ նուրբ թեմա է ու սխալ է միայն առիթից առիթ նրանց հիշել, սա պետք է մտածողություն դառնա, որը կսերմանվի գալիք սերունդների մեջ: Նրանք պետք է հասկանան, թե ում շնորհիվ են ծնվել ու որ այս փոքրիկ տարածքը՝ մեր հայրենիքը, կայուն է այդ քաջ ու առյուծ տղերքի կյանքի գնով: Մենք շատ լավ գործ ենք սկսել, հատկապես մեր օրերում այս թեման խիստ կարեւոր է, առավել արդիական: Որպես դերասանուհի ուրախ եմ, որ իմ աշխատանքով կնպաստեմ, որպեսզի տեղ հասցվի ներկայացման կարեւոր ուղերձը»:

Իր հերոսուհու մասի խոսելիս՝ դերասանուհին նշեց.

«Ես մարմնավորում եմ գթության քույր Ջեմմային, ով մասնկացել է Արցախյան պատերազմին: Շատ կարեւոր է այն փաստը, որ այս ներկայացման հիմքում իրական պատմություն է ընկած եւ իմ հերոսուհին էլ իրականում գոյություն ունի, հիմա ողջ է, ինչն ինձ ավելի է պարտավորեցնում, միաժամանակ նաեւ հետաքրքրացնում իմ աշխատանքը: Գթության քույր Ջեմման եւ´ մասնակցել է պատերազմին, եւ´ աշխատել վիրավորների հետ, նա շատ ուժեղ բնավորությամբ կին է եւ գաղափարային մարտիկ»:

Հիշեցնենք, որ «Չի եղել գիշեր, որ չի լուսացել» ներկայացման դերասանական կազմում կլինեն Լեւոն Հարությունյանը, Արա Դեղտրիկյանը, Ռոբերտ Հարությունյանը եւ Լուիզա Ղամբարյանը:

 

 

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

 

Տարածել`
Share

You may also like...