Կորցրած որդու պատվին պարող հայրը. Ֆրանսահայ լուսանկարիչ

1in.am-ը գրում է՝

Բրիտանական The Guardian պարբերականն իր «իմ լավագույն կադրը» շարքում այս անգամ ներկայացրել է 55-ամյա ֆրանսահայ լուսանկարիչ Անտուան Ագուջյանի լուսանկարը, որտեղ հայրը պարում է՝ ի հիշատակ կորցրած զավակի:

«Ես զբաղվում էի պարով նախքան լուսանկարիչ դառնալս: Ծնվելով Ֆրանսիայում` Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքում, ինձ համար պարն այն քիչ հնարավորություններից մեկն էր, որով կարողանում էի կապվել իմ հայրենիքի հետ, որտեղ երբեք չեմ եղել: Դա մի ուղի էր վերակենդանացնելու այն պատմությունները, որոնք ինձ էին հասել իմ մեծ ծնողներից: Պարը պատահականորեն ինձ տարավ դեպի լուսանկարչություն, սակայն այդ երկուսն ավելի շատ ընդհանրություններ ունեն, քան հնարավոր է պատկերացնել: Երկուսն էլ արտիստիկ տեսողության և տեխնիկայի համադրություն են: Երկուսն էլ ինչ-որ պատմություն են պատմում»,- ներկայացրել է լուսանկարիչը՝ նշելով, որ լուսանկարչությունն ավելին է, քան պարզապես նկարներ անելը:

«1988 թվականին, երբ Գյումրու երկրաշարժը ցնցեց Հայաստանը, և 40 հազար մարդ զոհվեց, հարյուրավորները տեղահանվեցին, ես այնտեղ էի մի մարդասիրական կազմակերպության հետ միասին: Լուսանկարչությունը դարձավ ավելին, քան պարզապես այդ աղետի մասին վկայություններ ցուցադրելը: Այն 1915 թվականից ի վեր հայկական ինքնության, մշակույթի և հիշողության հնագիտական մի ամբողջ հետազոտություն է: Ես շատ շուտով հասկացա, որ ռեպորտաժները չեն կարող ներկայացնել պատմությունները, որոնք ես ցանկանում էի պատմել: Լուսանկարչությունն ինձ հետաքրքրում էր, սակայն ոչ ֆոտոլրագրությունը, քանի որ այդպես չէի կարող ուսումնասիրել այն, ինչ ես պատկերացնում էի որպես Հայաստանի ինքնություն՝ պոեզիա, կապը սեփական հողի հետ, հին բանահյուսական ավանդույթներ: Ամեն անգամ, երբ նկարներ եմ անում, առերեսվում եմ իմ պատմությանը: Այդ պայմաններում, օբյեկտիվությունը պարզապես թյուր է»,-ասել է Անտուան Ագուջյանը:

Իր լավագույն լուսանկարում պատկերված տղամարդուն լուսանկարիչը նկարել է Ապարանում:

«1998 թվականին ես Ապարանում էի՝ մայրաքաղաք Երևանից ոչ շատ հեռու մի մեծ քաղաքում: Տեղական պարի խումբն էր ելույթ ունենում այդ երեկո բաց երկնքի տակ: Ծեր ու երիտասարդ հավաքվել էին: Առաջին նկարս անելուց հետո, մի ծեր տղամարդ մոտեցավ ինձ արցունքներն աչքերին: Նա ինձ ասաց, որ իր որդին մահացել է էլեկտրահարումից, որ նա իր հպարտությունն ու ուրախությունն էր, և որ ես իրեն շատ նման եմ: Նա հեծկլտալով գրկեց ինձ: Նրա անունը Իշխան էր: Ես նրան խնդրեցի պարել ինձ համար, և նա սկսեց պարել: Դա գեղեցիկ էր, ոչ որովհետև այդ տղամարդն էր գեղեցիկ, այլ որովհետեւ նա ներկայացնում էր հայերի գիտակցության մեջ մի խորը երևույթ. նա տոնական շնչով հաղթահարում էր այդ ահռելի կորուստը»,-պատմել է նա:

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում լուսանկարիչը վստահ է, որ ավելի ու ավելի երկրներ պետք է դա անեն:

«Հայոց ցեղասպանության հարյուրամյակից հետո աշխարհն ավելի ու ավելի է իր ուշադրության կենտրոնում պահում «ցեղասպանություն» բառը: Որքան Էրդողանը հերքում է այդ իրողությունը, այնքան ավելի ուժեղ ենք մենք դառնում: Մենք գիտենք՝ ինչ է նշանակում անհետանալ, եւ մենք դիմադրում ենք դրան անկախ ամեն ինչից»,-եզրափակել է ֆրանսահայ լուսանկարիչը:

Տարածել`
Share

You may also like...