«Կոմիտաս» քառյակը համերգներ է տվել Նորվեգիայում և Դանիայում

Նոյեմբերի 20-ին Օսլոյի Հոլոքոստի և կրոնական փոքրամասնությունների ուսումնասիրությունների նորվեգական կենտրոնում տեղի է ունեցել Կոմիտասի անվան լարային քառյակի համերգը, որը նվիրված էր քառյակի 90-ամյակին և Կոմիտասի 145-ամյակին:

Համերգը կազմակերպել էր Դանիայում ՀՀ դեսպանությունը և Նորվեգիայի Հայ մշակութային միությունը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Նոյեմբերի 21-ին «Կոմիտաս» քառյակը ելույթ է ունեցել Կոպենհագենի «Mogens Dahl» համերգասրահում, իսկ նոյեմբերի 23-ին` Դանիայի Գյուլինգ քաղաքի եկեղեցում:

Կոպենհագենում համերգային ծրագրի առաջին մասում քառյակի հետ միասին հանդես է եկել Դանիայում հանրաճանաչ դաշնակահարուհի Մարիաննա Շիրինյանը:

Աշխարհում ամենահին գործող քառյակի տաղանդաշատ երաժիշտները բարձր արվեստով ներկայացրել են Կոմիտասի և համաշխարհային դասականների մի շարք հայտնի ու սիրված ստեղծագործություններ` արժանանալով ունկնդիրների հիացմունքին:

Հոլոքոստի կենտրոնում համերգի ժամանակ ողջույնի խոսքով հանդես է եկել Դանիայում և Նորվեգիայում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը, ով ներկայացնելով Կոմիտաս Վարդապետին ու «Կոմիտաս» քառյակին` նշել է, որ Կոմիտասի երաժշտությունը մարդուն մոտեցնում է Աստծուն, Աստծուն էլ` մարդու հոգուն ու սրտին, իսկ «Կոմիտաս» քառյակը փոխությունների հզոր ուժ է, և նրանց երաժշտությունը տանում է մարդկության վիճահարույց անցյալ և ետ բերում ներկա, ինչպես նաև օգնում է հավատալ ավելի լավ ապագային:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին` դեսպան Աղաջանյանը նշել է, որ քանի դեռ Հայոց ցեղասպանությունը չի ընդունվել այն իրականացնողների կողմից, կմնա որպես ցավագին հիշեցում. «Մենք բոլորս համընդհանուր բարոյական պարտականություն ունենք` հիշելու պատմության սև էջերը, ճանաչելու դրանք և բարձրաձայն գնահատական տալու, թե ինչ է տեղի ունեցել, և ինչ կարող է տեղի ունենալ ճիշտ չգործելու դեպքում, քանի դեռ աշխարհում կա բռնության քաղաքականություն, որը բաց դուռ է հանդիսանում նոր ոճիրների ու ցեղասպանությունների համար»:

Իր ելույթում Հոլոքոստի կենտրոնի տնօրեն Գուրի Հյելտնեսը նշել է, որ իրենց համար պատիվ է հյուրընկալել «Կոմիտաս» քառյակին, որի հետ ժամանակին հանդես են եկել այնպիսի մեծեր, ինչպիսիք են Սվյատոսլավ Ռիխտերը, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Լեոնիդ Կոգանը և շատ ուրիշ աշխարհահռչակ երաժիշտներ:

Տնօրենը շեշտել է, որ 2006թ. Հոլոքոստի կենտրոնի հիմնադրվելուց հետո իրենց կողմից անցկացված առաջին միջոցառումներից մեկը նվիրված է եղել Հայոց ցեղասպանությանը:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “«Կոմիտաս» քառյակը համերգներ է տվել Նորվեգիայում և Դանիայում”

Leave a Reply

Your email address will not be published.