«Կոմիտասը և միջնադարյան երաժշտական մշակույթը» խորագիրը կրող միջազգային գիտաժողով-փառատոնի պաշտոնական բացումը տեղի կունենա այսօր

ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի աջակցությամբ, սեպտեմբերի 26-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունենալու «Կոմիտասը և միջնադարյան երաժշտական մշակույթը» խորագիրը կրող միջազգային գիտաժողով-փառատոնի պաշտոնական բացումը:

Այս մասին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Հանդես կգան «Հովեր» կամերային երգչախումբը (գեղ. ղեկ. և դիրիժոր Ս. Հովհաննիսյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղ. ղեկ. և դիրիժոր Ռ. Մլքեյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղ. ղեկ. և դիրիժոր Հ. Թոփիկյան), Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղ. ղեկ. և դիրիժոր Հ. Չեքիջյան), Անահիտ Պապայանը (սոպրանո), Հասմիկ Թորոսյանը (սոպրանո), Իրինա Զաքյանը (սոպրանո):

«Կոմիտասը և միջնադարյան երաժշտական մշակույթը» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին: Այն կանցկացվի սեպտեմբերի 27-ին՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, սեպտեմբերի 28-29-ին՝ Հաղպատի վանական համալիրում (ՀՀ Լոռու մարզ):

Գիտաժողով-փառատոնի կազմակերպումը հիանալի առիթ է անդրադառնալու Կոմիտասին, նրա գործունեությանը, ժամանակաշրջանին: Կներկայացվեն Կոմիտասի և նրա ժամանակակիցների գործերը: Միջնադարյան երաժշտությանը նվիրված զեկուցումներով հանդես կգան անվանի երաժիշտ-մասնագետներ՝ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Կիպրոսից և Ռուսաստանից:

Գիտաժողով-փառատոնի փակումը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում»:

Artsakhpress.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed