Կյանքից հեռացել է կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը

Մահացել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը։

Միությունից նշում են, որ հոգեհանգստի և հուղարկավորության մանրամասները կտեղեկացվի ավելի ուշ։

Ստեփան Շաքարյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 23-ին, Բաքվում: 1952 թվականին տեղափոխվել է Երևան: 1954 թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: 1956 թվականին Արամ Խաչատրյանի խորհրդով և հրավերով տեղափոխվել է Մոսկվայի Գնեսինների անվան ինստիտուտ, որից հետո՝ Լենինգրադի կոնսերվատորիա։ 1964 թվականին ավարտել է ուսումը և վերադարձել Երևան։

1986-1990 թթ. ՀՀ ռադիոպետկոմի մենակատարների ջազ-անսամբլի հիմնադիր-ղեկավար։ 1992 թվականից դասավանդում է Երևանի պետական կոնսերվատորիայում, պրոֆեսոր` 1998 թվականից: 2009 թվականին «Շարմ Հոլդինգ» ընկերությունը թողարկել է Ստեփան Շաքարյանի «Լուսինը սարերի վրա» ձայնասկավառակը, որը ներգրավվել է «Հայկական ջազ 70» ձայնասկավառակների հավաքածուի մեջ։

Ստեփան Շաքարյանն ստեղծել է ավելի քան 100 ջազային կոմպոզիցիաներ, որոնք ներգրավված են հայկական տարբեր ջազային կոլեկտիվների նվագացանկերում։ Նրա ստեղծագործությունները կատարում են Հայաստանի պետական ջազային, Հանրային հեռուստա-ռադիոընկերության էստրադային և ջազային նվագախմբերը, մի շարք այլ խմբեր։

Մշակել է հայկական ժողովրդական երգերը, որոնց տվել է ջազային շունչ։ «Բինգյոլից մինչև Կանզաս սիթի» ստեղծագործությունը դարձավ հայկական ջազի ստանդարտ։ Նրա սիմֆոնիաները և կոնցերտները կատարել են հայ և այլազգի բազմաթիվ կատարողներ։
 

Աղբյուրը`menq.org

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed