Կյանքը՝ գրքերում ու կադրերում. Ջեք Լոնդոն

Համաշխարհային գրականության պատմության ամենաընթերցվող հեղինակներից մեկը՝ Ջեք Լոնդոնը, հայտնի է նաև որպես լրագրող, սոցիալիստ և հասարակական ակտիվիստ: Մինչդեռ քչերը գիտեն, որ Լոնդոնի հոդվածները տպագրելիս թերթերի խմբագիրները հիմնականում օգտագործում էին հեղինակի արած լուսանկարները: 1903թ-ին տպագրված «Անդունդի մարդիկ» սոցիալական ակնարկում ընդգրկված էին ավելի քան հարյուր լուսանկարներ, որոնք նա հեղինակել էր՝ մի քանի ամիս ապրելով Լոնդոնի արևելյան ծայրամասում, որտեղ բնակվում էին շուրջ 500 հազար ծայրահեղ աղքատ լոնդոնցիներ:

Բացի այդ լուսանկարներից՝ Ջեքն ուներ մի քանի հազար ֆոտոներ, որոնք չէին տպագրվել մինչև 2010թ-ը, երբ հրատարակվեց «Ջեք Լոնդոնը՝ լուսանկարիչ» գիրքը, որտեղ ընդգրկված էին 200 ֆոտոաշխատանքներ: Գրքի հեղինակները, ովքեր Լոնդոնի ստեղծագործությունների մասնագետներ են, նշում են, որ ողջ կյանքի ընթացքում (իսկ Լոնդոնն ապրել է ընդամենը 40 տարի) ամերիկացի գրողը հասցրել է անել շուրջ 12 հազար լուսանկար:

Ջեք Լոնդոնի հետաքրքրություններն ու անհանգստությունները, աշխատանքն ու քաղաքական հայացքներն ուղղակիորեն արտացոլված են նրա լուսանկարներում: Բացի Լոնդոնի ծայրամասում ապրող բնակիչների ողբերգական առօրյայից՝ լուսանկարների մի ամբողջ շարք նվիրված է ռուս-ճապոնական պատերազմի փախստականներին, իսկ մեկ այլ ֆոտոշարք էլ ամենայն մանրամասնությամբ պատկերում է Սան Ֆրանցիսկոյի 1906թ-ի երկրաշարժը և քաղաքի վերածնունդն ավերակներից։ Հետաքրքիր է նաև ԱՄՆ ռազմական ուժերի՝ Վերակրուս ներխուժման ֆոտոպատմությունը, որն արվել է Մեքսիկական հեղաշրջումից անմիջապես հետո: Վերոնշյալ շարքերից առանձնանում է «Ճանապարհորդություն Սնարքով» կենսագրական ստեղծագործության համար արված ֆոտոշարքը, որը ստեղծվել է հեղինակի՝ Խաղաղ օվկիանոսի կղզիներ կատարած ճանապարհորդությունների ընթացքում: Լուսանկարների մեծ մասում պատկերված են տեղաբնիկները և նրանց առօրյան, իսկ ֆոտոպատմությունը լի է տեղի ավանդույթների նկատմամբ հարգանքով ու հիացմունքով։

 

 

 

 

 

 

 

 

 

Հեղինակ՝ Սոնա Կարապողոսյան

Նյութի աղբյուրը՝ kinoversus.com

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed