Կինը, եթե սիրի, լեռան ծանրություն կարող է կրել իր հոգում. Վահան Թոթովենց

Ինքնաբուխ ներշնչանքի գրող է նա, պրպտող ու անհանգիստ ստեղծագործական խառնվածք:

Ստորև ձեզ ենք ներկայացնում Սևակ Արզումանյանի «Վահան Թոթովենց» գրքից մեկ փոքրիկ հատված:

Հարուստ ու հետաքրքիր է Վահան Թոթովենցի կենսագրությունը: Ուսանելի փաստերով լի նրա բեղմնավոր կյանքի կորագիծը հայրենի գրականությանը անձնվիրաբար ծառայելու գեղեցիկ օրինակ է:

Այսպես է նկարագրում իր ծնունդը Վահան Թոթովենցը.

«Մայրս գնում է գոմ՝ կովը կթելու:

Գնում է և երկար ժամանակ չի վերադառնում:

– Քա՛, աղջի, հարսն ի՞նչ եղավ, – հանկարծ բացականչում է հորաքույրս, – գոմ գնաց ու չեկավ:

Վազում են գոմ, տեսնում մորս` կովի մոտ նստած, գրկում մի կապուտաչյա երեխա:

Այդ երեխան ես էի»:

Գրողի ծննդյան թվականի մասին տարբեր տեղեկություններ կան: Մեր կարծիքով առավել արժանահավատ աղբյուրը «Ինքնակենսագրությունն» է, որտեղ պարզ ասված է` 1894 թ. …

Թոթովենցը ծնվել է Արևմտահայաստանում, Խարբերդ գավառի Մեզիրե (Մազիրա, Մեզրե) քաղաքում: Նրա ծնողները ակնեցի էին, 18-րդ դարի վերջերին գաղթել ու հաստատվել էին Մեզիրեում: Հայրը, պետական պաշտանատար Հովհաննեսը, ունևոր մարդ էր, կալվածատեր, խիստ ու արիստոկրատ բնավորությամբ: Մայրը, հեզահամբյուր Մարգարիտը, տնային տնտեսուհի էր, անսահման բարի ու աստվածապաշտ:

Թոթովենցը ծնողների յոթերորդ երեխան էր: Ընտանիքում ամենից խոր կերպով կապված էր նա մոր հետ, որի անհատակ սիրո, մեղմ ու քնքուշ սրտի մասին տարբեր առիթներով հանդիպում ենք գրողի ստեղծագործություններում:

«Մինչև այժմս էլ չեմ կարողանում ընդգրկել մորս սիրո խորությունը, – գրում է Թոթովենցը, – երբ փորձում եմ նայել այդ խորության մեջ` գլխապտույտ եմ ունենում և սիրտս դողում է այդ խորությունից:

Մայրս կրթված կին չէր, նրա ուսումը Ավետարանից դենը չանցավ, բայց հզոր սիրո ազդեցության տակ նա հասել էր հոգու անսահման խաղաղության:

Կինը, եթե սիրի, լեռան ծանրություն կարող է կրել իր հոգում»:

Մեզիրե քաղաքը ընկած էր պատմական Եփրատի ափին, «թաղված էր կանաչների մեջ, հարուստ էր պտուղներով ու վարդերով», երկինքը ջինջ էր ու հստակ, իսկ աշունը` հեքիաթային: Այդ կանաչների ու վարդերի մեջ է անցել Թոթովենցի մանկությունը, ունկնդիր Եփրատի ջրերի կարկաչին, ամռան երեկոները ամենաբարձր կտուրներից «թռուցիկներ բաց թողնելով»: Օրվա որոշ մասը նա անց էր կացնում իրենց ագարակում, մարմարյա ավազանի եզրին: «Գիշերը կապույտ երկնքից այնքան աստղեր էին թափվում նրա պայծառ, աստղասարսուռ խորության մեջ:

Ցերեկն արեգակը լողում էր նրա մեջ, կարծես զովանում էր նրա ցուրտ ջրերում, իսկ գիշերը տիեզերական էր, խորհրդավոր, խորի՜ն, խորի՜ն …»:

Ութ տարեկան հասակում Թոթովենցը կորցնում է հորը: Հոր մահվան նկարագրությունը գեղարվեստական մեծ ուժով հետագայում նա տվեց «Կյանքը հին Հռովմեական ճանապարհի վրա» երկում:

Թոթովենցը գրաճանաչ է դարձել Մեզիրեում մի ասորի ուսուցչի մոտ, որից հետո կրթություն է ստացել Խարբերդի Ազգային Կենտրոնական վարժարանում: Նրա ուսուցիչներն էին «հայ արձակի վարպետներ» Թլկատենցին և Ռուբեն Զարդարյանը: Արևմտահայ անվանի այս արձակագիրները մեծ ներգործություն են ունենում պատանի Վահանի հոգևոր զարգացման վրա, «հայտնաբերում նրան որպես գրողի»:

Թլկատեցին ապրում էր Խարբերդում: Թոթովենցը երբեմն գնում էր նրա մոտ «գրական ուղղություն ստանալու համար»: Թլկատեցին Խարբերդում ուներ «Կարմիր դպրոց» վարժատունը, որտեղ իրենց գրական առաջին մկրտությւնը ստացել են և՛ Ռ. Զարդարյանը, և՛ Վահե Հայկը, և՛ Բենիամին Նուրիկյանը, ինչպես նաև այլ նշանավոր դեմքեր: Այս միջավայրում ձևավորվում են Թոթովենցի նախնական հայացքները, հախուռն սերը դեպի գրականությունը:

Ազգային Կենտրոնական վարժարանն ավարտում է 1907 թվականին: Այդ տարին Զմյուռինայի «Արևելյան մամուլ» հանդեսում լույս է տեսնում նրա առաջին բանաստեղծությունը, «Արտոսկրի կայլակներ» վերնագրով:

Գրելու փորձեր վաղուց էր արել: Աշակերտական շրջանում նա գրում էր արձակ ու չափածո բանաստեղծություններ և տպագրում վարժարանի խմորատիպ ամսաթերթերում: 1907 թվականին, երբ տակավին ավարտական դասարանի աշակերտ էր, անձամբ հրատարակում է «Աստղիկ» ձեռագիր ամսաթերթը: Ինչպես այստեղ, այնպես էլ «Ծոփաց Արծիվ» դարձյալ խմորատիպ ամսաթերթի մեջ նա տպագրում է իր ոտանավորները, մինչև որ «Արևելյան մամուլում» լույս է տեսնում նրա առաջին բանաստեղծությունը, որը և թևավորում է նրան: Ահա թե նա ինչ է գրում այդ առթիվ. «Բաց արի «Արևելյան մամուլ» շաբաթաթերթը, որ հրատարակվում էր Զմյուռնիայում, բաց արի հենց փոստի պատուհանի առաջ, որտեղից մենք ստանում էինք մեր նամակներն ու թերթերը (նամակները տուն բերելու սովորություն չկար) և կարդացի իմ անունը մի ոտոնավորի տակ: Ինձ թվաց, մինչև հիմա էլ ինձ թվում է, որ իմ այդ ստորագրությունը տպված էր ոսկյա տառերով: Ինձ թվաց նաև, որ իմ ոտները կտրվեցին գետնից, մի սավառնում զգացի, ինչ-որ թռիչք»:

Նյութը՝  Ք. Ա.-ի

Աղբյուրը lurer.com

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed