Կիկերոնի նամակը Արտավազդ թագավորին

«Ճարտասան ու բանաստեղծ Արտավազդին, Արմենիա երկրի արքայից-արքային.
Դու գրում ես, որ աստղերը խառնվում են բոլոր մարդկանց ծննդին: Իգականի հետ երկնքի տակ տեղի է ունենում նաև արականի ծնունդը: Այնպես որ այս աշխարհում ամեն մարդ իր կեսն ունի, երկնային աստղերի ուժով արարված կեսը:
Դու գտնում ես, որ հազվադեպ է պատահում, երբ հարազատ կեսը` տղան ու աղջիկը, հանդիպում են իրար ու ամուսնանում: Այդպիսի զույգի երջանկությանը կարող են նախանձել նույնիսկ աստվածները: Մնացած կեսերը միանում են իրար երկրային օրենքներով, պատահականությամբ, քմահաճորեն:
Դու իրավացի ես: Միաժամանակ դա հայտնություն է ինձ համար: Ես հասկանում եմ, թե ինչու միջոց չես առաջարկում, որ բոլոր հարազատ կեսերը միանան իրար: Այդ դեպքում աշխարհի բոլոր մարդիկ երջանիկ կլինեն: Իսկ եթե բոլորը երջանիկ լինեն` երջանկություն չի լինի:
Դու աստղերի մեջ աստվածային ուժ ես տեսնում և գրում ես, թե նրանց հետ զրուցելու ամենալավ պահը լուսադեմն է: Այո, աստվածները շուտ են արթնանում: Բայց դրանից մենք չենք շահում: Նրանք վաղորդյան ժամերին են որոշում մարդկանց ճակատագիրը: Մարդիկ աշխարհին հրաժեշտ են տալիս լուսադեմին: Եվ լուսադեմին է լույս աշխարհ գալիս մարդկանց մեծ մասը: Այդ ժամին աստվածները մեկին մահվան դուռն են հասցնում, մյուսի առջև երջանկության դուռ չեն բացում: Շատ անարդար է, որ աստվածները մարդկանց բախտը օրը ցերեկով չեն տնօրինում: Կիսամութի մեջ անարժանին ու արժանավորին խառնում են, երկարացնում նրա կյանքը, ով աշխարհում միայն ծաղիկ է տրորում, կարճում նրանը, ով ծաղիկ է աճեցնում:
Դու ասում ես, որ ազգային խառնվածքները իրոք կայուն են: Արմենիայում սովորույթ է եղել, որ նորածինները յուրաքանչյուր տասներկուերորդ օրը մայրական կաթն ընդունեն քարերի վրայից:
Այդ օրը հայուհին իր ստինքներից կաթը հղել է ողորկ, ամրակուռ քարի վրա և երեխային ընտելացրել, որ նա կաթը լիզի քարի վրայից: Եվ դա արվել է նրա համար, որ հայերը իրենց քարաստան երկիրը սիրեն ինչպես հարազատ մորը:
Դա հիանալի սովորույթ է: Ամեն մարդ պետք է մայրական կաթի հետ ընդունի հայրենիքի սիրո զգացումը: Եվ գրում ես, թե այդ սովորույթը ձեզ մոտ վերացել է այն ժամանակ, երբ համոզվել են, որ բոլոր հայերի արյան մեջ ներարկվել է Արմենիա երկրի պաշտամունքը: Քո նախնիների նման դու էլ ես քարի վրայից մայրական կաթ ընդունել:
Ո՞վ է քուրմ Գոշը: Նա իմաստուն գուշակ է: Երբ նշված ժամին հռոմեացիները տեսան արևի խավարումը, նրանք զարմանքով թափահարեցին ձեռքերը: Այո, մեծ իմաստություն է` նստել Արմենիայում և գուշակել, որ այսինչ օրը, այսինչ ժամին Հռոմի վրայով անցնելիս արևը պիտի խավարի:
Իմ ողջույնները հաղորդիր այդ իմաստուն այրին:
Ես ողջունում եմ և քո գահակալությունը: Քո թագադրությամբ մի իմաստասեր չպակասե՞ց արդյոք:
Ողջ լեր, Կիկերոն»:

 

Հատված Արտավազդ արքային ուղղված Կիկերոնի նամակից

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed