Կեղծավորությունն ու միայնությունը՝ 21-րդ դարի արատ.«Ոսկե ծիրան»

Մարդկային միայնության ու աշխարհին այդպիսին չերևալու մասին երիտասարդ կինոռեժիսոր Էվելինա Բարսեղյանի ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին:

«Բրավիստը» անվամբ դրամատիկ կոմեդիան անուղղելի ցինկի մասին է, ով հիասթափվել է կյանքից, աշխարհից, մոռացել է՝ ինչ են նշանակում զգացմունքները: Ֆիլմի գլխավոր հերոսը՝ Անդրեյը, ուզում է սիրել, բայց իրեն մենակ է զգում: Նրան վճարում են թատրոնի հանդիսատեսին զգացմունքային դարձնելու համար: Ամեն օր հերոսը հագնում է իր սմոկինգն ու «բրավո» գոռում:

«Ֆիլմը կեղծավորության ու անկեղծության բախման մասին է, նրա մասին է, թե ինչպես են մարդիկ ձևացնում, որ իրենց զգացմունքներն անկեղծ են: Իտալիայում թատրոններին հիացած նայելու ու ծափահարելու համար հին ժամանակներում փող էին տալիս, որովհետև մարդիկ, ովքեր արվեստից չեն հասկանում, չեն ուզում հետ մնալ նրանցից, ովքեր իբրև դրանից հասկանում են: Ու երբ կողքինդ հիացած է, ծափահարում է, դու էլ հիանում ես ու ծափահարում, որովհետև մարդու համար կարևոր է, թե ինչպիսին է նա հանրության աչքերում»,- ասաց Էվելինան:

Կինոռեժիսորը նշեց, որ մենակությունն ու կեղծավորությունը 21-րդ դարի խնդիր են, կարծրատիպային հարց են, որովհետև մարդիկ ուզում են զգալ իրենց այնպես, ինչպես դիմացինն է զգում, և չեն անում այն, ինչ ուզում են:

Ֆիլմում նկարահանված են ռուս դերասաններ, ովքեր, Էվելինայի խոսքով, միանգամայն անվճար են նկարահանվել:

Ի դեպ, Էվելինա Բարսեղյանը ծնվել է Սևան քաղաքում, բայց մեծացել է Ռուսաստանում: Սա նրա թվով 3-րդ ֆիլմն է:

Տարածել`
Share

You may also like...