Կարո՞ղ է պատահի՝ ես ռաբիս երգիչ եմ եղել, բայց վրաս խաբար չի եղել. Հարութ Փամբուկչյան

168.am–ի զրույցը սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանի հետ

– Պարոն Փամբուկչյան, ի՜նչ դժվար է Ձեզ գտնել…

– Կհավատա՞ք, ինքս ինձ էլ չեմ կարողանում  գտնեմ… վրա-վրա էնքան հանդիպումներ կան, մի տեղից մյուս տեղն են տանում, հասնում ենք մի տեղ՝ մյուս տեղից զանգում են, թե՝ Դուք հարցազրույցից ուշացել եք… Հաճախ ստիպված ենք լինում հետաձգել կամ հանել արդեն նախապես ունեցած պայմանավորվածությունը, ցավոք, բայց մի բան կա, որ անպայման պետք է ասեմ՝ ձեր նախորդ հարցազրույցն իմ հետ այնքան լավ էր ստացվել, կարող եմ ասել՝ մինչև հիմա եղած բոլոր հարցազրույցներից ամենահաջողվածն էր երևի, ինչի համար անպայման պետք է հանդիպեի ձեզ ու շնորհակալությունս հայտնեի:

– Շնորհակալ եմ, պարոն Փամբուկչյան, ինչպիսի զուգադիպություն՝ այստեղ գալուց առաջ այդ հարցազրույցն էի կարդում, մի հարց ծագեց ընթացքում, որ ուզում եմ հիմա անպայման տալ. Դուք փոխեցի՞ք Ձեր հին բնակարանը…

– Երբեմն ուզում ես մի բան անես, ասում ես, որ անպայման պիտի անես, գալիս է պահը, կանգնում ես փաստի առաջ ու զգում ես, որ էլի պատրաստ չես գնալու այդ քայլին: Այսպես ասեմ՝ այդ տունն իմ աշխատավայրին շատ մոտ է, մոտ է նաև հայաշատ վայրերին, ամենահարմար տեղն է՝ շտապ հասնելու այն վայրերը, որտեղ պետք է երգեմ, դա է պատճառը, որ այդ տանից դուրս չեմ եկել դեռ:

harut-bambukchyan-10

– Դա արդարացում չէ՞, պարոն Փամբուկչյան:

– Չէ, իսկապես չէ, այդ տունը որ վարձով տամ, ինձ ամսական 2500 դոլարի եկամուտ կբերի, բայց քանի որ ես, տղաս ու Ռուզանս էդ տանն ենք ապրել, Ռուզանը հենց այդ տանը մահացավ, դժվարանում եմ այդտեղից դուրս գամ, թեև ուշ թե շուտ պիտի տեղափոխվեմ, այլ ելք չկա… Քաղաքից դուրս ամառանոց ունեմ՝ դաշնամուր կա, բիլյարդ, պիտի այդ տուն գնամ:

– Ձեզ հիմա մեծ քաղաքներից հեռու խաղաղությո՞ւնն է ձգում:

– Ա´յ ապրես, չնայած այդ տան հետ էլ հիշողություններ կան կապված, բայց դա նոր է այն առումով, որ այդ տանը ոչ ոք դեռ չի բնակվել: Երբ գնեցինք այդ տունը, Ռուզանն ասաց, որ ուզում է բացառապես իր ճաշակով և ցանկությամբ կահավորել այն: Այդպես էլ արեցինք, բայց ինքը մի օր չգիշերեց այդ տանը, չհասցրեց ուղղակի… ինչ արած…

harut-bambukchyan-9

– Ի՞նչ նպատակով էիք այս անգամ Հայաստան այցելել:

– Եկել էի, որովհետև Հանրային հեռուստատեսությամբ ինչ-որ բան պետք է լիներ, ինձ հրավիրել էին, որ վարեի իրենց տոնական ծրագիրը, բայց չգիտեմ ինչո՞ւ, արդեն 10 օր կլինի այստեղ եմ, կրկնեմ՝ իրենց հրավերով, ո´չ զանգ են տվել, ո´չ հետաքրքրվել են: Մի խոսքով, չհասկացա՝ ի՞նչ է փոխվել իրենց պլաններում, որ նպատակահարմար չեն գտել նույնիսկ ինձ տեղյակ պահեն:

– Որևէ մեկից ստեղծված իրավիճակի բացատրությունը չե՞ք ստացել:

– Ոչ, որևէ մեկը չի բացատրել, հետո կարող է պատահի՝ շատ մարդիկ շատ բան ասեն, բայց ինձ իրենց բացատրությունն է հետաքրքիր, որը չի եղել:

– Քանի որ Հանրային հեռուստատեսությունից խոսք գնաց, անդրադառնամ մի թեմայի, որ վերջերս բառի բուն իմաստով իրար է խառնել մշակութային հանրությանը: Խոսքն «Ամենակարող երգիչ» նախագծի մասին է, որը Հանրայինի եթերից հեռացնելու համար նույնիսկ միջազգային հայտնի «Change.org» կայքում ստորագրահավաք կազմակերպվեց: Լսե՞լ էիք այս մասին:

– Գաղափար չունեմ, իսկ ի՞նչ է պատահել:

– Ողջ հաղորդումը նվիրված էր ռաբիս ու անճաշակ երգի պրոպագանդմանը, և այս ամենը զայրացրել էր օպերային երգչուհի Հասմիկ Պապյանին, նրա գլխավորությամբ՝ նաև շատերին:

– Իսկ ո՞վ է թույլ տվել, որ այդ երաժշտությանը նվիրեն Հանրային հեռուստատեսության եթերը:

harut-bambukchyan-6

– Առաջին ալիքի ղեկավարությունն է նպատակահարմար գտել՝ մեկնաբանելով, որ իրենք՝ որպես Հանրային հեռուստատեսություն, միտված են բավարարելու բացառապես բոլորի գեղագիտական ճաշակը:

– Եթե նստենք մի տեղ, որտեղ մթնոլորտն այդ երաժշտությունն է պահանջում, խնջույքի սեղան կա, սեղանին էլ՝ ալկոհոլ, կլսես այդպիսի երաժշտություն, բայց անձամբ ես ոչ մի կերպ չեմ կարողանում ըմբռնել այդ ամենը հանրային հեռուստատեսության եթերից: Իբր քիչ էին ռաբիսները մեջտեղներում, հիմա էլ պետական հեռուստատեսությա՞մբ խրախուսենք այդ ժանրի ներկայությունը:

harut-bambukchyan-2

– Այս հարցն ուղղեցի Ձեզ, որովհետև արդեն շաբաթներ ձգվող պայքարի ընթացքում համացանցում ես մի մեկնաբանություն հանդիպեցի, որտեղ այսպիսի քննադատություն կար՝ թե դուք երբեք չեք կարողանա երգել այնպիսի ռաբիս, ինչպիսին արդեն երգել են Ձախ Հարութը, Թաթան ու Արամ Ասատրյանը…

– Կարո՞ղ է պատահի՝ ես ռաբիս երգիչ եմ եղել, բայց վրաս խաբար չի եղել… Գուցե իմ երգած երգերից շատերը վերցված են եղել ռաբիսից, բայց ես երբեք չեմ երգել այդ ժանրում: Նույնիսկ ամենաթունդ ռաբիս երգերը, ասենք՝ վրացահայ կույր երգիչ Վալիկոյի կատարմամբ, որոնք նաև ես եմ կատարել, այնպես եմ ձևափոխել ու մշակել, նոր կյանք հաղորդել դրանց, որ ասել, թե ես ռաբիս եմ երգել՝ առնվազն բարեխիղճ չէ իմ ու իմ կատարած աշխատանքի նկատմամբ: Երբևէ որևէ մեկը լսե՞լ է, որ ես խաղերով կամ կլկլացնեմ երգեմ, որովհետև չեմ կարող այդպես երգել, ուղղակի ֆիզիկապես չեմ կարող ու շատ ուրախ եմ դրա համար:

harut-bambukchyan-4

– Պարոն Փամբուկչյան, երբ Ձեր հասցեին լսում եք, որ Դուք ռաբիս երգիչ եք, դա Ձեզ վիրավորո՞ւմ է:

– Ինձ ոչ մեկը երբեք չի ասել, որ ես ռաբիս եմ, ինձ նույնիսկ ասել են, որ այն երգերը, որոնք իրենք իրենցով ռաբիս են եղել, ես այնպես եմ կատարել, որ դրանք դուրս են եկել երաժշտական այդ ժանրի սահմաններից: Նորից եմ կրկնում՝ երգել եմ Վալիկոյի երգերը՝ «Գիշեր ո՜ւ ցերեկ, ես դադար չունե՜մ, սիրել եմ յար քե՜զ, դու չե՜ս հավատում» (երգում է.- Ն.Մ.), բայց այդ երգերն այնպես են մշակվել ու կատարվել, որ ռաբիսին մոտ անգամ չեն կարող համարվել:

– Երբ վերադառնում եք Հայաստան, կա՞ մի բան, որ առաջինն է աչքի զարնում:

– Այո, տաղանդավոր երիտասարդ սերունդ է մեծանում, ճաշակով՝ բոլոր առումներով: Եթե խոսեմ երգիչ երիտասարդների մասին՝ նույնը պետք է ասեմ, միայն ցավով ավելացնեմ, որ փորձի և երգի գիտակցության պակաս ունեն բոլորն էլ: Երագած երգերն էլ ավելի հաճախ ոչ մի բանի մասին են՝ ես, ես, ես, դու դու դու, նա նա նա… Մի օր երիտասարդներից մեկն ինձ ասում է՝ պարոն Փամբուկչյան, մի խորհուրդ եմ ուզում տալ Ձեզ, ասում եմ՝ խորհո՞ւրդ, օ՜, տուր, լսում եմ, ասում է՝ եթե մի երգի մեջ բառը երեք անգամ կրկնվում է, իմացեք, որ այդ երգը հիթ է դառնալու…

harut-bambukchyan-1

harut-bambukchyan-8

– Փաստորեն, Ձեզ խորհուրդ են տալիս՝ բացելով հիթային երգ ունենալու գաղտնի՞քը…

– (Ժպտում է.- Ն.Մ.) Դե, փաստորեն այդպես է ստացվում…

– Ի՞նչ պատասխանեցիք:

– Ասացի՝ շատ շնորհակալ եմ խորհուրդի համար…

– Ինչի՞ արդյունք է այս իրավիճակը, պարոն Փամբուկչյան:

– Առաջին հերթին՝ գրագիտության պակասի: Մեր սերունդը գիրք էր կարդում, հասկանո՞ւմ եք՝ գրականություն, պատմություն: Մի բան եմ նկատել, որ չեմ կարող հիմա չասեմ, գուցե հարցից շեղվեմ, բայց պետք է հարցնեմ: Երևանում ինչ գրախանութ մտա՝ 80 տոկոսը ռուսերեն գրականություն էր, հայկական գրականությանն էդ ի՜նչ խղճուկ տեղ էին հատկացրել… Ինչո՞ւ է այդպես, կարո՞ղ է դուք իմանաք:

harut-bambukchyan-6

– Չգիտեմ, պարոն Փամբուկչյան…

– Բա´ տեսնո՞ւմ ես…Ա՜յ, ձեր հարցի պատասխանը՝ թե ինչի՞ արդյունք է այս իրավիճակը: Վերջերս էլ ինձ առաջարկ եղավ. ասացին՝ մրցույթ է լինելու, կուզե՞ք ժյուրիի կազմում լինեք, ասացի՝ ես նայել եմ ձեր հաղորդումները, ով բարձրանում է բեմ երգելու, ժյուրիի բոլոր անդամները (անունները չեմ ուզում տալ) միաձայն մի այնպիսի գովք են անում՝ վա՜յ, ա՜յ, էս ի՜նչ հիանալի էր, քո տեսակն է պակասում մեզ Երևանի մեջ, և այլն… Փաստորեն, ստացվում է, որ այս ջահել էրեխեքին հենց առաջին քայլերից փչացնում են: Էդ էրեխեքը, որոնց կյանքում այս մրցույթը գուցե ամենաառաջինն է, այստեղից դուրս է գալիս՝ իրեն կայացած երգիչ կարծելով, իրենք իրենց մեջ ուռած, թե՝ իրենցից լավը չկա: Հետո, երբ բախվում է արդեն իրականության հետ, երևի հայհոյում է իրեն այդպես փչացրած ժյուրիներին: Ասացի՝ եթե ինձնից էլ դա եք ակնկալում, որ պետք է գամ, միանամ համատարած անտեղի գովքի այդ հաղթարշավին, ուրեմն՝ կներեք, ես հրաժարվում եմ: Էս ի՞նչ մարմաջ է մտել մեջները՝ բոլորին գովելու: Արևմուտքում էլ նման մրցույթներ կան, չէ՞, ասենք ավելին՝ Արևմուտքից են մերոնք վերցրել այդ օրինակները, բայց այնտեղ մրցույթի մասնակիցների առջև դրված պահանջներն ու պայմաններն այնքան խիստ են… ժյուրին վեր է կենում՝ քարը քարին չի թողնում, ուղղակի տապալում է կատարողին, նույնիսկ, եթե լավն ես, պետք է ավելի լավը դառնաս: Արդյունքում՝ այնտեղի հաղթողը նախագծից դուրս է գալիս՝ արդեն որպես կայացած, որակյալ երաժիշտ: Քնում է՝ որպես նախագծի մասնակից, արթնանում՝ արդեն որպես սուպեր աստղ: Սա էր պետք իրականում ընդօրինակել:

harut-bambukchyan-7

– Ի՞նչն է Հայաստանում Ձեզ պակասում:

– Ինձ ոչ մի տեղ, ոչինչ չի պակասում, միայն Ռուզանը…

– Ո՞վ է Ձեզ համար իր մեջ կրում հայի ամբողջական նկարագիրը:

– Գրիգոր Գուրզադյանը, օրինակ: Ես կարդացել եմ բացառապես ամենը, ինչ նրա անունով է գրված՝ գիտական և գեղարվեստական գործերը: Այդ գիգանտ գիտնականին, ցավոք, իշխանություններն այդ ինչպե՜ս հալածեցին, այն դեպքում, երբ նա այս հողին կառչած ամենամեծ գիտնականն էր, բայց ամեն ինչ արեցին, որ թողնի ու հեռանա այս երկրից: Թեև, արի ու տես, որ մեկ շաբաթվա ընթացքում նրան ընդունեցին Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիա (անգլ.՝ Royal Academy of Arts) անդամ, բայց իր մեջ եղած վիրավորանքն արդեն էնքան գործ էր արել, որ երկու տարի անց մահացավ: Ես չէի էլ կարող պատկերացնել, որ Գրիգոր Գուրզադյանը մտնում է Մայամիում Տիեզերական միջազգային կենտրոն՝ ՆԱՍԱ, գիտական աշխարհը՝ մեծից փոքր, մի մարդու պես, ոտքի են կանգնում:

– Կոմիտասի հետ էլ այդպես չվարվեցի՞ն:

– Կարծեմ՝ այո… ցավոք, այո:

– Ի՞նչ գիրք եք կարդում հիմա, այս պահին:

– Արդեն ասացի՝ Գրիգոր Գուրզադյան մշտապես եմ կարդում, Միսաք Մեծարենց, Գրիգոր Զոհրապ եմ շատ կարդում: Պատահական ընտրություն չէ, որովհետև Միսաք Մեծարենցն այնքա՜ն երգային է՝ «Կարմիր ծաղիկ մը՜ գարունի՜ …» (երգում է.- Ն.Մ.), ամերիկյան հեղինակներից՝ ավագ սերնդի բանաստեղծ՝ Քիփլինգ եմ շատ կարդում, Օմար Խայամ ու Ֆիդուսի եմ հաճախ վերընթերցում՝ Թումանյանի և Գևորդ Էմինի թարգմանությամբ, որ շատ սիրուն են: Կարծում եմ՝ Ֆիրդուսին իր «Շահնամեով»՝ միակ գրողն է, որ կարող է համաշխարհային գրականությանը ներկայանալ՝ որպես պարսիկ գրող: Ցավոք, իրենք՝ պարսիկները, դա չեն հասկանում: Ոչ ոք թող չասի՝ դա պարսկական է, և այլն, և այլն: Դու կարող ես գրականության էությունը հասկանալ, ու վերջ, դա քեզ օգտակար լինի քո արած գործի մեջ:

– Ասում եք ՝ ցավոք, պարսիկները չգիտեն իրենց գրողին, մերոնք էլ Թումանյանին չեն իմանում շատ հաճախ…

– Գիտեք ո՞րն է ամենամեծ խնդիրը՝ մեր մեջ է նստած գլոբալիզացիան: Որ չեն ասում գլոբալիզացիա՝ մազերս բիզ-բիզ են կանգնում… Ինձ մի անգամ լրագրողներից մեկը հարցրեց՝ պարոն Փամբուկչյան, ինչո՞ւ ամբողջ աշխարհում, նույնիսկ Ադրբեջանում «Մաքդոնալդս» կա, բայց Հայաստանում չկա… Էդ գլոբալիզացիայի ամենաառաջին ապտակը հենց էդ «Մաքդոնալդսն» է: Իմանան, թե ի՞նչ է իրականում դա իրենից ներկայացնում, երբեք չեն ուտի հենց էն մարդիկ, ովքեր ինձ այդքան ցավագին հարցնում են, թե Հայաստանում ինչո՞ւ դա չկա: Կամ այս իրականությունը, երբ տասը հոգով նստած են միասին, և ոչ ոք ոչ մեկի հետ չի շփվում, բոլորն իրենց հեռախոսների մեջ են՝ ինտերնետներում… էս չափից ավել ինֆորմացիայի արդյունքում էլ ո՞վ հավես ու զահլա ունի գիրք կարդալու: Ցավոք, հիմա էս աղետը նույնիսկ արվեստի դաշտ է մտել ու գրավել: Ջահելներն արդեն չեն երգում, i-Phonn-ն է երգում իրենց համար, իրենք միայն բեմի վրա կանգնում՝ բերաններն են բացում-փակում, ու վերջ: Ժողովուրդն էլ էնպիսի անճաշակ երգեր է կուլ տվել ու մարսել, որ մտածում ես՝ իսկ հույս կա՞…

????????????????????????????????????

– Իսկ հույս կա՞…

– Դե ո՞նց չասեմ ախր, որ կան լավ երաժիշտներ ու եղել են՝ Ռուբեն Հախվերդյանը, օրինակ: Ռազմիկ Ամյանի մոտ էլ ստացվում է լավ երգեր գրել, օրինակ՝ «Չունի աշխարհը քեզ նման» երգը երկար կյանք է ունենալու, կհիշեք խոսքս: Կարեն Մամիկոնյանը լավ երգեր ունի, որից մեկն արդեն ձայնագրել եմ, և շուտով տեսահոլովակ ենք նկարելու: Պարզապես ոչ ոք չի ուզում ուղեղը հոգնացնի, բոլոր առումներով եմ ասում, սա է խնդիրը՝ հիմնական ու ցավալի: Այնինչ, ամեն ինչի լավն ու վատը այստեղ՝ Հայաստանում է, ես միայն ու միայն Հայաստանից եմ սնվում: Բայց ինչպե՞ս է պատահում, որ ես՝ օվկիանոսներից այն կողմ, կարողանում եմ տեսնել ու զգալ այստեղի լավն ու որակյալը, իսկ տեղի ապրողները գնում-կպնում են վատին ու անորակին:

????????????????????????????????????

– Եղե՞լ են դուետի առաջարկներ, որոնք մերժել եք:

– Էնքա՜ն են եղել, բայց միայն երկուսին եմ համաձայնել: Դրանք տարբեր տարիներին իմ երգած լավագույն երգերն են եղել, և իմ համաձայնությամբ դրանից օգտվել է առաջին հերթին՝ երգը, որի կյանքը երկարել է, օգտվել է նաև երգիչը: Ոչ ոք չի ասում՝ այս երգն Արմենչիկն է երգել, բոլորն էլ ասում են՝ Հարութի երգը ևս 30 տարի կապրի, իսկ Սիրուշոյի համար՝ էլ չեմ ասում, ինքը մեր քաղցր ձայնն է, մեր շնորհալի երգչուհիներից մեկը, և պատահական չէ, որ իր հետ դուետն ավելի շատ դիտումներ գրանցեց՝ հասնելով 15 միլիոնի: Եթե ինձ տաղանդավորներն են մոտենում, ես չեմ մերժում:

????????????????????????????????????

– Ինչո՞ւ Դուք տեսահոլովակ չունեք:

– Քեզ անկեղծ կասեմ՝ որովհետև ես տեսահոլովակին չեմ հավատում, ես հավատում եմ երգին, որ կանգնեմ բեմում, երգեմ, ու մարդիկ չնկատեն, որ հետևում նվագող կա: Այս տարիքիս ես դեռ մեծերից սովորում եմ ՝ Ֆրենկ Սինատրայից, Ազնավուրից, Ռեյ Չարլզից… նրանցից շատերի համերգներին ես գնում եմ և ժամանակին գնացել եմ: Բոլոր նրանց անունները, որ տվեցի, ոչ մեկը կլիպ չունի, բայց կանգնում են բեմի վրա ու երգում են, ու էդ երգը դարերի կյանքն է ունենում, ապրում ու ապրեցնում է: Թե չէ՝ կանգնում են ինչ-որ անճաշակ մեքենաների ու կիսամերկ աղջիկների ֆոնին՝ երգում են անհասկանալի, անճաշակ երգեր՝ հույս ունենալով, որ այդ մեքենաները, որ իսկի իրենցն էլ չի, վարձով է վերցված, պետք է իրենց երգին կյանք տա՞, աղ ու բիբար են դնում, էլի, իրենց կարծիքով, բայց չեն հասկանում, որ դրանց շատն էլ անհամ է լինում: Չեմ էլ հասկանում՝ ինչի՞ են էդքան ուզում, որ էդ կլիպի միջի մեքենաներն անպայման շատ թանկանոց լինեն… որ ի՞նչ:

????????????????????????????????????

– Երբ վերադառնաք Ամերիկա, ո՞րն է լինելու Ձեր առաջին գործը:

– Երգեր կան, որ պետք է ձայնագրեմ, այստեղ խոսակցություններ կային, որ նոյեմբեր ամսվա ընթացքում պետական մակարդակով մեծ ուսանողական միջոցառում պետք է լինի, ինձ հրավիրելու են: Եթե համաձայնությունը եղավ, երևի կվերադառնամ: Նոր տարվա շրջան է, գործերի ամենաեռուն էտապը, արդեն պայմանավորվածություն կա, որ տարվա գիշերը Մայամիում եմ երգելու, հետո Կանադայում և Նյու Յորքում համերգներ ունեմ: Այսքանից հետո արդեն պետք է գնամ քաղաքից դուրս՝ հանգստանալու: Հիշո՞ւմ եք, դուք ձեր նախորդ հարցազրույցի ժամանակ մի հարց էիք տվել՝ ո՞րն է կյանքը անիմաստ անցկացնելու ամենալավ տարբերակը, եթե չեմ սխալվում, այդպես էիք ձևակերպել հարցը՝ ուրեմն այսպես. գնալու եմ իմ այդ տունը, արևի տակ պառկեմ ու ոչինչ չանեմ, նկարվեմ ու նկարները գցեմ Instagram, մարդիկ նայեն, ասեն՝ Հարութը թամբալացել է (ժպտում է.- Ն.Մ.)…а

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed