«Կարդում են համալսարանականները» շարքը նվիրված էր գրքի տոնին

Փետրվարի 19-ը Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Վերջին տարիներին այս օրը նշվում է որպես` Գիրք նվիրելու
օր: Այս գեղեցիկ տոնի կապակցությամբ` Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում երեկ մեկնարկեց «Կարդում են համալսարանականները» խորագրով շարքը: Այսուհետև, գրադարանի գողտրիկ անկյուններից մեկում` Հեքիաթի սրահում, Երևանի պետական համալսարանի նախկին և ներկայիս ուսանողները, դասախոսները կհանդիպեն գրադարան այցելող փոքրիկ գրքասերների հետ և նրանց համար կկարդան պատմվածքներ, հեքիաթներ, բանաստեղծություններ…
«Կարդում են համալսարանականները» խորագրով շարքի առաջին հանդիպումը մեկնարկել է գերմանացի հայտնի մանկագիր Վալտեր Քրումբախի «Ճանապարհորդ ոզնին» չափածո հեքիաթի ընթերցմամբ: Ոզնու արկածների մասին պատմող այս գեղեցիկ պատմությունը ՀՀ մարզերի և մայրաքաղաքի դպրոցականների համար
ընթերցեցին «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը, որը նույնպես ավարտել է ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողներ` Կարոլինա Հարությունյանը, Գոռ Դարմանյանը, Համլետ Պետրոսյանը: Նշենք, որ Գոռ Դարմանյանը և Համլետ Պետրոսյանը ծառայել են ՀՀ բանակում և մեր Հայրենիքի պաշտպաններից են:
Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը ս. թ. փետրվարի 17-21-ը գրադարանում անցկացնում են Մանկապատանեկան գրքի երևանյան 13-րդ ցուցահանդես-տոնավաճառը: Ցուցահանդես-տոնավաճառի շրջանակներում գրադարանում անցկացվում է «Նվեր զինվորին» ակցիան. Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ գնելով Ձեր նախընտրած գիրքը, հնարավորություն ունեք այն նվիրելու զինվորին: Ցուցահանդես-տոնավաճառում գործում է տաղավար, որտեղ և կարող եք թողնել Ձեր ընծայագրով գիրքը` զինվորին փոխանցելու համար: Այսօրվա հեքիաթասաց-համալսարանականներն իրենց գրքերով ևս միացան այս գեղեցիկ ակցիային:
Լուսանկարներ` Նարեկ Ավանեսյանի
Աղբյուրը` iravunk.com
- Previous Հիշում է Ամենամեծ Լոռեցու դուստրը` Նվարդ Թումանյանը
- Next Ով կստանձնի Պետական կամերային երաժշտական թատրոն ռեժիսորի պաշտոնը