Կանցկացվի «Էպոսյան օրեր» ամենամյա հանրապետական փառատոնը

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ 2011 թվականից անցկացվում է «Սասնա ծռեր» էպոսին նվիրված «Էպոսյան օրեր» ամենամյա հանրապետական փառատոնը:

Այս տարի` փառատոնի ծրագրի համալիր միջոցառումների շրջանակում կանցկացվեն էպոսասացության եւ «Ես եւ էպոսը» խորագրով դպրոցական շարադրությունների մրցույթներ, որոնց մարզային փուլերի հաղթողները կմասնակցեն եզրափակիչ փուլերին: Էպոսասացության մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա ս. թ. օգոստոսի 4-5-ը, ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի մշակույթի տանը, իսկ շարադրությունների մրցույթը՝ ս. թ. սեպտեմբերի 21-ին, Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու անվան դպրոցում:

Ավանդույթի համաձայն՝ փառատոնի շրջանակում կկայանա նաեւ թեմատիկ գիտաժողով, որը կհամախմբի հանրապետության գիտական ներուժը: Հաշվի առնելով, որ այս տարի լրանում է Հայաստանի հանրապետության անկախության 25-ամյակը՝ գիտաժողովը կանցկացվիվի «Հայ ժողովրդական էպոսը եւ նրա ազդեցությունը անկախության կերտման եւ նոր հասարակության ձեւավորման գործում» խորագրի ներքո:

Փառատոնի ծրագրի մաս կկազմեն նաեւ «Սասունցի Դավիթ էպոսի ոգեղենությունը հայոց բանակում» թեմայով դասախոսությունները, որոնք կանցկացվեն ՀՀ Տավուշի եւ Սյունիքի մարզերի սահմանամերձ զորամասերում՝ հանրապետության ճանաչված բանագետների եւ ազգագրագետների մասնակցությամբ:

Ծրագրի շրջանակում՝ Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կկայանա գեղարվեստի դպրոցների սաների եւ անհատ ստեղծագործողների մրցույթ՝ էպոսյան թեմաներով:

Փառատոնի եզրափակիչ միջոցառումը կկայանա 2016 թվականի հոկտեմբերի 2-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Ուջան համայնքում:

«Էպոսյան օրեր» ամենամյա փառատոնը միտված է հայկական բանահյուսական ժառանգության հանրահռչակմանը, մատաղ սերնդի ազգային ոգով դաստիարակությանն ու հայրենասիրական կրթությանը:

Հավելենք նաեւ, որ «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսեւորումները» ՀՀ հայտը 2012 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Կանցկացվի «Էպոսյան օրեր» ամենամյա հանրապետական փառատոնը”

Leave a Reply

Your email address will not be published.