Կայացել է Հայկ Մելիքյանի մենահամերգը՝ նվիրված Բախի 330-ամյակին

Գաֆէսճեան կենտրոնը օգոստոսի 10-ին հյուրընկալել էր դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանին, ով պատրաստել էր գերմանացի  մեծանուն կոմպոզիտոր Յոհանն Սեբաստիան Բախի 330-ամյակին նվիրված համերգային ծրագիր, որը ներառում էր “Clavier-Ubung III” խորալային պրելուդների շարքը եւ 20-րդ դարի հանրաճանաչ դաշնակահարների` Ֆերուչիո Բուսոնիի, Վիլհելմ Կեմպֆի, Ալեքսանդր Զիլոտիի բախյան փոխադրումները: Համերգի ընթացքում Հայաստանում առաջին անգամ հեղինակը հնչեցրեց իր ստեղծագործությունը` Բախին նվիրված եռապատումը:

Համերգը կազմակերպել էր ՀՀ-ում Գերմանիայի դաշնության դեսպանատունը եւ բացման խոսքով հանդես եկավ դեսպանի հավատարմատար Նադիա Լիխտենբերգերը: Համերգի ավարտին Հայկ Մելիքյանն անակնկալ մատուցեց ունկնդրին` կատարելով հանդիսատեսի կողմից տրված հայկական թեմաների վիրտուոզ իմպրովիզացիաներ` բախյան երանգներով:

«Այս երկար սպասված համերգը Հայկի նվագացանկի ամենագեղեցիկ նախագծերից է: Բախի երաժշտությունն իր հուզական ներաշխարհով մարդու երաժշտական ընկալման ամենաուղիղ ճանապարհն է առաջարկում դեպի վերերկրայինն ու երեւակայականը: Հայկն ունի Բախի երաժշտության առանձնահատուկ կատարողականություն, այդ պատճառով նրա բախյան կատարումներն արժանացել են աշխարհի ճանաչված երաժշտաքննադատների կողմից բարձր գնահատականի: Կարեւորում եմ  նշել, որ ֆրանսիական Naïve երաժշտական ընկերությունը կթողարկի Դաշնակահարի Բախի ստեղծագործությունների ձայնագրությունները»,- նշեց Դաշնակահարի մենեջեր Ալեքսանդր Հակոբյանը:

Նշենք, որ առաջիկայում աշխարհահռչակ երաժշտական NAXOS ընկերությունն իր GRAND PIANO շարքում կթողարկի Հայկ Մելիքյանի ձայնասկավառակը, որը ներառելու է Ալեքսանդր Հարությունյանի դաշնամուրային ամբողջական մենանվագ ստեղծագործությունները: Հայկ Մելիքյանի հաջորդ մենահամերգը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, որտեղ Դաշնակահարը կներկայացնի չեխ կոմպոզիտորների ստեղծագործություններ: «1900+» համերգաշարի շրջանակներում համերգը կներկայացնի ՀՀ-ում Չեխիայի դեսպանությունը:

Տարածել`
Share

You may also like...