Կայացավ Նիդեռլանդերեն-հայերեն բառարանի շնորհանդեսը

aravot.am-ը գրում է՝

Սեպտեմբերի 9-ին   «Նավավարում» կայացավ Նիդեռլանդերեն-հայերեն բառարանի շնորհանդեսը: Գիրքը կազմել են Սերգեյ և Նաիրա Վարդանյանները:

Բառարանը պարունակում է շուրջ 10000 բառ և 5000 օրինակ, որոնք ընթերցողին հնարավորություն են տալիս ճշգրիտ կիրառել բառերը տարբեր իրավիճակներում, ինչպես նաեւ ծանոթանալ նիդեռլանդերենի որոշ նրբություններին:

Բառարանը նախատեսված է նիդեռլանդերենի իմացության տարբեր մակարդակ ունեցող ընթերցող լայն շրջանակի համար: Aravot.am-ի հետ զրույցում`  Սերգեյ Վարդանյանը, որը Բելգիայի ARDIA հասարակական կազմակերպության նախագահն է, ասաց որ սկսած 1997թ-ից ինքն է աշխատել բառարանի վրա, հետագայում նրան միացել է նաև Նաիրան: «Մեր բոլոր գործերը միասին ենք արել, հակառակ պարագայում`բառարանի  վրա աշխատելը բավականին բարդ կլիներ, քանի որ պետք էր համատեղել աշխատանքի հետ»,-ասաց պարոն Վարդանյանը: Նա նաեւ հավելեց, որ  բառարանի մի շնորհանդես էլ առաջիկայում Բելգիայում կկազմակերպվի, սակայն օրը դեռ հայտնի չէ: «Հավանական է, որ կանենք Նաիրայի աշխատանքի վայրում, նա մարզային ինտերնացիոնալ կոմիտեի համակարգողն էր, կապված էր նաեւ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության հետ:

Նաիրան  2014-ին պատրաստվում էր մասնակցել ֆեդերալ ընտրություններին, սակայն հիվանդությունը խանգարեց…»,- հավելեց Սերգեյ Վարդանյանը:

Նա բառարանը նվիրել է կնոջ լուսավոր հիշատակին: 2015-ին Նաիրան հեռացավ մահկանացուների աշխարհից՝ թողնելով իր գեղեցիկ հայկական ընտանիքն ու սիրելի մարդկանց: Ինչ վերաբերում է ARDIA-ին, այն  Բելգիայում ամենաակտիվ գործող հասարակական կազմակերպություններից է:  ARDIA-ին մշտապես կազմակերպում է գիտաժողովներ, փառատոներ, այն իր առաջ խնդիր էր դրել հայ պահել օտարության մեջ գտնվող հայ մանուկներին: Նույն մտահոգությամբ էլ ամուսինները ժամանակին հայկական դպրոց են հիմնադրել Անտվերպենում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed