Կայացավ «Հայ ֆեստ» 14-րդ փառատոնը

Կայացավ «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական 14-րդ փառատոնը, որը կրում էր «Իրականացրու երազանքդ«ՀԱՅ ՖԵՍՏ»-ի հետ» խորագիրը: Այս տարի փառատոնը հյուրընկալել էր 20 երկրից ժամանած 250 մասնակիցների եւ հյուրերի, նրանց թվում հեղինակավոր արվեստագետների, արտմենեջերների, միջազգային փառատոնի նախագահների Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Իսրայելից, Լիտվայից, Գերմանիայից, Չեխիայից, Նորվեգիայից, Հունաստանից, Ճապոնիայից, Ֆինլանդիայից, Ուզբեկստանից, Ղազախստանից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից եւ այլ երկրներից: Երեւանյան 12 բեմահարթակներում ցուցադրվեցին ավելի քան 50 ներկայացում, որոնք խիստ տարբեր էին իրենց մոտեցումներով: Սակայն, դրանցից կարելի է առանձնացնել մի քանիսը. փառատոնի նշանավոր ներկայացումներից էին աշխարհահռչակ «Իլխոմ» թատրոնի «Յոթ լուսին» (Ուզբեկստան), «Նեբոլշոյ Դրամատիկական Թատրոն»-ի «Կարամազով եղբայրներ»(Սանկտ Պետերբուրգ), Մաքսիմ Գորկու թատրոնի «Հոգիների աճուրդը» /բեմադրիչ` կանադահայ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյան/ (Գերմանիա) ներկայացումները:

Եվ այսպես ամփոփելով «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական 14-րդ փառատոնը` «Իրավունքը» զրուցեց փառատոնի նախագահ ԱՐԹՈՒՐ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ հետ.

-Իմ կարծիքով փառատոնը հիանալի անցավ եւ արվեց նույնիսկ մտածվածից ավելին: Այս տարի ներկայացումների ժամանակ դահլիճներն առավել մարդաշատ էին, ինչի մասին փաստում էին նաեւ մեր հյուրերը: Գրեթե չի եղել մի ներկայացում, որի ժամանակ կիսադատարկ լիներ դահլիճը, նույնիսկ այն դեպքում, երբ օրը իննը կամ տասը ներկայացում ունեինք: Ե՛վ հայկական ծրագիրն էր հետաքրքիր մեր հյուրերին, ե՛ւ, բնականաբար, երեւանցիներին հետաքրքիր էր արտասահմանյան ծրագրերը:

– Այս տարի փառատոնի ընթացքում կար ե՛ւ լեհական ծրագիր, ե՛ւ իրանական, արդյո՞ք սա շարունակական է լինելու:

– Արդեն 7 տարուց ավել է, ինչ փառատոնի ընթացքում ունենում ենք իրանական ծրագիր: Իսկ լեհական հարթակն առաջին տարին էր եւ, ըստ իս, այն պետք է շարունակական լինի: Մենք ցուցադրեցինք, թե ինչպես է զարգանում լեհական ժամանակակից պարը` սկսած դասականից վերջացրած «պրովակացիոն» մոտեցումներով: Մենք կարողացանք երկիրը ներկայացնել տարբեր ժանրերի մեջ, բայց մեկ ծրագրում:

– Ի դեպ, պրովակացիոն ներկայացումների մասին. ի՞նչ կասեք լեհական ծրագրում տեղ գտած 18+ ձեւաչափով բեմականացված «Սենյակ 40» ներկայացման մասին, որն այդպես էլ ավարտ չունեցավ:

– Շատ նորմալ ներկայացում էր, «Հայ ֆեստի» ժամանակ անհամեմատ ավելի բարդ ներկայացումներ ենք ունեցել` բարդույթավորված հանդիսատեսի հետ: Ներկայացումը հենց այդպիսին էր, այսինքն` այն վերջ չուներ եւ չկար ծափահարություններ, ոչ էլ գլուխ խոնարհում: Սա եւս ներկայացման տեսակ է: Այսօր անգամ խիստ պահպանողական Մեծ Բրիտանիան է ուզում ջարդել կարծրատիպերը, քանի որ զարգացող ժողովուրդը, զարգացող ազգն ունի ապագա: Նույն ճանապարհով նաեւ մենք պետք է գնանք: Ամեն տարի էլ մենք ունենում ենք 18+ ձեւաչափով ներկայացումներ եւ, իհարկե, այն հատուկ ընդգծվում է, որովհետեւ, մենք չենք ուզում, որ երեխաները տեսնեն, լսեն ինչ-որ կոպիտ բառեր բեմից: Բայց սա չի նշանակում, որ այսպիսի ժանր չի կարող լինել:

– «Հայ ֆեստն» արդեն 14 տարեկան է, հետադարձ հայացք նետելով` ըստ Ձեզ, որ երկրների ներկայացումներն են առավել հոգեհարազատ ու ընդունելի հայ հանդիսատեսի համար:

– Հիշեցի, երբ 2001 թվականին մնջախաղի եւ ժամանակակից պարի «Նազենիկ» փառատոնն էինք անում, մարդիկ զանգահարում էին եւ հարցնում` «Բարեւ Ձեզ, մնջախաղի փառատոնի՞ց է, կներեք, իսկ ներկայացումներն ի՞նչ լեզվով են…»: Բարեբախտաբար, այսօր այլեւս չեն զանգահարում այդ հարցով: Բնականաբար, այն ներկայացումները, որոնք ռուսերենով են, առավել հասկանալի եւ ընդունելի են հանրության լայն շրջանակներին: Իհարկե, կան նաեւ ներկայացուներ, որոնք ավելի լավ ընդունվեցին եւ ընկալվեցին, քան մենք սպասում էինք: Այնպես որ, փառատոնը զարգանում է եւ կարողանում է զարգացնել տարբեր ժանրեր ու ենթաժանրեր, ինչպես նաեւ լայնացնել ընկալման հորիզոնները:

 

Հեղինակ՝ Հրանտ  ՍԱՐԱՖՅԱՆ

Աղբյուրը՝ iravunk.com

Տարածել`
Share

You may also like...