Կայացավ «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նախօրեին կայացել է «Գութան» ազգագարական երգի-պարի փառատոնը, որ հիմնադրել է  «Մրրո» հայ ազգային երգարվեստի կենտրոնը,  ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի գլխավորությամբ՝ նպատակ ունենալով մոռացությունից փրկել և նոր կյանք տալ մեր ազգային մշակույթին, մեր ավանդական երգ ու պարին և մեր հոգևոր արժեքներին: Այս մասին հայտնում են ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունից:

Փառատոնի մեկնարկը տրվել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի ողջույնի խոսքով. «Ընդամենը 6 ամիս առաջ, ապրիլյան պատերազմի օրերին այս հրապարակը համախմբել էր մայր Հայաստանից և աշխարհի տարբեր անկյուններից Արցախին օգնության հասած հայորդիների, ովքեր վերահաստատեցին մեր միասնական կամքի և ոգու ուժի անպարտելիությունը, իսկ այսօր նույն տեղում՝ Վերածննդի հրապարակում, համախմբվել են հայկական ազգագրական լավագույն համույթները, մեր մշակույթի, ազգային արվեստի ասպետները, ովքեր եկել են վերահաստատելու մեր ազգային ինքնության վերածնունդը, եկել են անկախ Արցախ՝ նոր սերնդին ի պահ տալու մեր հազարամյա ավանդական երաժշտարվեստն իր հայկական հենքով, իր առանձնահատկություններով և բազմազանությամբ: Մենք արմատներով ենք հզոր, ուրեմն և պիտի թույլ չտանք կտրել մեզ մեր արմատներից»:

Նա երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր ամուր են պահում այդ կապը:

Հայկական մշակութային ժառանգության պահպանման զարգացման և Արցախի մշակութային կյանքում նշանակալի ավանդի համար «Գութան» ավանդական երգի-պարի փառատոնի հիմնադիր Արսեն Գրիգորյանը պարգևատրվել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության պատվոգրով, Արցախում փառատոնի ծրագիրը ֆինանսավորելու համար «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը՝ շնորհակալագրով: Շնորհակալագրեր հանձնվեցին նաև բոլոր մասանակից համույթներին:

Ելույթ են ունեցել «Ակունք»,  «Կարին», «Սասնա Ծռեր», «Վերադարձ», «Մենք ենք մեր սարերը», «Տարոնցիներ», «Մասունք»,  «Տավրոս», «Նուբար» երգի-պարի  համույթները՝ ներկայացնելով  Հայաստանի ու Արցախի  տարբեր շրջանների  երգն ու պարը, թատերականացված ծիսական դրվագներ, ցուցադրվել են հայ երգի ու պարի երախտավորների գործունեությանը նվիրված կարճամետրաժ ֆիլմեր:

«Գութան»  ազգագրական երգի-պարի փառատոնն անցկացվում է 2014-ից թվականից:  Արցախում փառատոնն առաջին անգամ է հյուրընկալվում:

 

 

Նյութի աղբյուր` Panorama.am
Տարածել`
Share

You may also like...