Կայացավ «Արևմտահայերենի խնդիրներ և հեռանկարներ» քննարկումը

ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի նախաձեռնությամբ Մայրենիի օրվան  նվիրված միջոցառումների շրջանակներում ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Արդի լեզվաքաղաքականության հիմնախնդիրները» խորագրով գիտաժողովը, որին մասնակցում էին նաև ՀՀ բուհերի անվանի լեզվաբաններ, հայագետներ, գրականագետներ, լեզվական հիմնախնդիրներով  զբաղվող մասնագետներ:

Բացման խոսքում ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը շնորհավորեց ներկաներին համազգային տոնի առթիվ և նշեց. «Մենք հավաքվել ենք, որպեսզի ի մի բերենք  մայրենի լեզվի խնդիրները և փորձենք լուծումներ գտնել՝ նպաստելով  մայրենի լեզվի պահպանմանը, զարգացմանն ու  տարածմանը»:

Խոսելով արևմտահայերենի մասին՝ Հ.Հակոբյանն ասաց. «Ցեղասպանության և հայրենզրկման ենթարկված ժողովուրդը կորցրեց ո՛չ միայն հայրենիք, միլիոնավոր զավակներ, մշակույթ,  այլ նաև կորստյան եզրին հայտնվեց մեր մեծասքանչ լեզուն, մասնավորապես արևմտահայերենը: Բայց  մեր պապերը կարողացան իրենց մեջ  ուժ գտնել   ու  աշխարհի տարբեր ծայրերում լեզվի  շնորհիվ համախմբվել  և նորից  ստեղծել «Փոքր Հայաստաններ»: Նրանք փորձեցին  պահել  ու պահպանել մայրենին»:

ՀՀ սփյուռքի նախարարը կարևորեց արևմտահայերենի պահպանման և տարածման  հարցը, նա բարձր գնահատեց Սփյուռքի կրթօջախների և լրատվամիջոցների, գրադարանների, մշակութային կենտրոնների, ինչպես  նաև  հրատարակչությունների դերը մայրենիի պահպանման գործում: Հրանուշ Հակոբյանը նշեց, որ այսօր Հայաստանում սիրիահայերի ներկայությունը գործնականորեն նպաստում է արևմտահայերենի և արևելահայենի մերձեցման գործընթացին: Նախարարը   ներկայացրեց Մայրենիի զարգացման և տարածման ուղղությամբ ՀՀ սփյուռքի նախարարության, ԳԱԱ, ԵՊՀ,  ՀՊՄՀ,  սփյուռքյան և հայաստանյան գիտական այլ կառույցների, լեզվաբանների հետ համատեղ իրականացվող ծրագրերը՝ դասագրքերի ստեղծում, ուսուցիչների վերապատրաստում, Սփյուռքի դպրոցներին  գրքերով և ուսումնաօժանդակ նյութերով ապահովելու և այլ ծրագրեր: Նա կարևորեց նաև առաջիկայում իրականացվելիք հայոց լեզվի ուսուցման հեռուստադպրոցի հեռարձակումը:

ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ Յուրի Սուվարյանը  շնորհավորեց ներկաներին մայրենիի  տոնի առթիվ, շնորհակալություն հայտնեց  ՀՀ սփյուռքի նախարարությանը և կարևորեց նման միջոցառումների կազմակերպումը:

Արևմտահայերենի հիմնախնդիրների  և հեռանկարների  վերաբերյալ  զեկույցով հանդես եկավ  ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն ՎիկտորԿատվալյանը, նա ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության հետ համատեղ իրականացրած ծրագրերը:

Գիտական զեկուցումներով հանդես եկան նաև ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի  անվան լեզվի ինստիտուտի  ընդհանուր և համեմատական լեզվաբանության  բաժնի վարիչ Վազգեն  Համբարձումյանը, ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանը, «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն  Սուրեն Դանիելյանը, ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժիկ Սրապիոնյանը    և այլք:

Այնուհետև տեղի ունեցավ կառուցողական քննարկում արևմտահայերենի պահպանության ուղիների, նորմավորման խնդիրների, զարգացման հեռանկարների  վերաբերյալ:

Վերջում տեղի ունեցավ Հրաչուհի Փալանդուզյանի «Գործածական բառացանկ. օտարամուտ բառերի  հայերեն համարժեքներ» գրքի շնորհանդեսը:

Տարածել`
Share

You may also like...