Ծնունդդ շնորհավոր, հեռուստատեսություն. մենք քեզ սիրում և կարոտում ենք. Աիդա Ներսիսյան

Այսօր հեռուստատեսության տարեդարձն է: Եվ այս առիթով Մենք առցանաց լրատվականը զրուցեց Աիդա Ներսիսյանի հետ. ահա փոքրիկ պատառիկ սիրելի հեռուսատհաղորդավարուհու բարեմաղթանքից

«Դժվար է ժամանակի ու տարածության հեռավորությունից խոսք ասել մեկին, ում սիրահարված եմ եղել ողջ գիտակցական կյանքում ու նվիրել երիտասարդությանս  30 տարիները:

Սեր, կարոտ, ինքնամոռաց նվիրում, թախիծ, անթիվ-անհամար հիշողություններ…ամեն ինչ խառնվել է իրար: Բայց զգացականը մի կողմ թողնելով, ուզում եմ մաղթել իմ շատ սիրելի հեռուստատեսությանը, որ մի օր վերագտնի եկող-գնացող պատահական ղեկավարների ու նրանց հավաքագրած թիմերի  «շնորհիվ» աղավաղված երբեմնի արժանապատիվ դեմքն ու նկարագիրը:

Ուզում եմ վերջակետ դրվի հայերենասպան քաղաքականությանը, ռաբիսի պրոպագանդմանը, հազար ու մի աննյութ ու անբովանդակ հաղորդումներին ու` բռնություն, անբարոյականություն քարոզող սերիալներին:

Եվ, վերջապես, ուզում եմ վերականգնված տեսնել հեռուստատեսության հեղինակությունը, նրա գեղեցիկ, դասական ավանդույթները, որոնց շնորհիվ էկրանից հնչած յուրաքանչյուր խոսք արժեք ուներ և որո’նց շնորհիվ հեռուստատեսությունն ապրեց իր ոսկե ժամանակաշրջանը:

Եվ այսօր, հենց ա’յդ ժամանակաշրջանը կերտողներին եմ նախ և առաջ շնորհավորում, խրամատներից ու փլատակների տակից ռեպորտաժներ պատրաստողներին, որոնցից շատ շատերը` չգնահատված, ինչ-որ տեղ խռոված, ցրվել են աշխարհով մեկ ու հանապազօրյա հացը վաստակում են պատահական աշխատանքով: Մինչդեռ հենց նրա’նց կուտակած փորձի ու մասնագիտական գիտելիքների վրա պետք է վերափոխվեր ու վերակառուցվեր անկախ Հայաստանի հեռուստատեսությունը:

Շնորհավորում եմ, սիրելի գործընկերներ, ինձ համար թանկ ու հարազատ մարդիկ: Բոլորիդ մաղթում եմ առողջություն, որը դուք թողեցիք հեռուստատեսությունում, հույս ու հավատ, որ ձեր ցանած սերմերը մի օր ծիլեր են տալու և ունենալու ենք հզոր մի հեռուստատեսություն, որի պատերի ներսում անցաթուղթ ունենալու իրավունք կունենան միա’յն արժանավորները»:

Սիրով՝  Ձեր Աիդա Ներսիսյան

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed