Խորհրդի անելիքները բազմաթիվ են. Լևոն Գալստյան

Վերջերս Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ ընտրվեց հայտնի սցենարիստ, Լեզվի տեսչության նախկին պետ Լևոն Գալստյանը։

Լևոն Գալստյանից հետաքրքրվեցինք, թե ինչ փոփոխություններ է նա պատրաստվում անել Հանրային հեռուստաընկերությունում։

«Խորհրդի անելիքները բազմաթիվ են։ Իմ գիտելիքներն ու փորձառությունը օգտագործվում է լեզվական, խմբագրական, տեքստային հարցերում։ Հաղորդումների պատրաստումը խորհրդի անելիքը չէ, բայց մենք քննարկելու ենք դրանց հետ կապված բոլոր մտահոգությունները։ Ես կարծում եմ, որ լեզուն ընդհանուր առմամբ բավարար վիճակում է, բայց լինում են վրիպումներ, սխալներ, որոնք պետք է շտկել»,- ասաց Լևոն Գալստյանը։ Հետաքրքրվեցինք, թե Հանրային հեռուստաընկերությունն այսօր կարողանու՞մ է իր հաղորդումների որակով գոհացնել հեռուստադիտողին։

«Ես կարծում եմ, որ մեր հասարակությունը շատ նրբաճաշակ և բարձրաճաշակ է, և նրան ամեն ինչ չի կարող գոհացնել։ Ընդհանրապես բարդ աշխատանք է հեռուստահաղորդում ստեղծելը և միանգամից, արմատապես ամեն ինչ չի շտկվում։ Դա պահանջում է տևական հետևողական աշխատանք։ Եթե ես կարողանամ նպաստել բարելավմանը, ապա ինձ բավարարված կզգամ։ Հիմա ստեղծվել է նման հնարավորություն, և ես կփորձեմ իմ ուժերի ներածի չափով օգնել»,- ասաց մեր զրուցակիցը։

Մեզ հետաքրքրում էր, թե որքանով է այսօր լեզվական անաղարտությունը պահպանվում Հանրային հեռուստաընկերությունում։ «Ինչ վերաբերում է սերիալներին, ֆիլմերին, որտեղ կերպարների հետ գործ ունենք, այնտեղ, իհարկե, ինչ-որ չափով խոսակցական տարրերը, արտահայտությունները կարող ենք արդարացնել գեղարվեստական համատեքստում։ Սակայն պետք է նկատի ունենանք մեր ժողովրդի ակնածանքը լեզվի նկատմամբ, այն հանգամանքը, թե ականջը ինչին է վարժված։ Իսկ ինչ վերաբերում է մասնագետների գրագիտությանը, ապա այն շատ ավելի բարդ և խորքային խնդիր է, գալիս է դպրոցական կրթությունից և միանգամից շտկելը բավականին բարդ է, բայց՝ հնարավոր»,- ասաց Լևոն Գալստյանը։ «Հին արքաներ» հեռուստասերիալում Լևոն Գալստյանը գրել է երկխոսություններ։ «Ինչպիսի՞ արձագանքներ կան»,- հետաքրքրվեցինք նրանից։

«Ճիշտն ասած, դա «Յուքոմ» ընկերության նախաձեռնությունն է, որը հեռուստատեսության հետ կազմակերպել է այդ ծրագիրը։ Ես չգիտեմ, տեղյակ չեմ, թե ինչ արձագանքներ կան»,- ասաց նա։

 

Նյութը ներկայացվեց առանց խմբագրման

Աղբյուրը ` hraparak.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed