«Խոստանում եմ, որ 2017-ը կլինի մշակույթով լեցուն տարի». Արմեն Ամիրյան

Ամանորի շնորահավորանքից ու խոստումներից առաջ մշակութային գերատեսչության ղեկավարն այսօր ամփոփեց մշակութային տարին՝ ոլորտ առ ոլորտ ներկայացնելով արվածն ու 2017-ի ծրագրերը:

«Գրահրատարակչության ոլորտում մենք ամբողջությամբ փոխել ենք պետական աջակցության և ֆինանասավորման համակարգը: Եթե նախկինում աջակցում էինք գրողին կամ հրատարակչին՝ վճարելով հրատարակվող գրքի արժեքի մի մասը, ապա այսօր նրանց առաջարկում ենք գնել արդեն հրատարակված գիրքը, որը վաճառելու փոխարեն կբաժանվի գրադարաններին, Սփյուռքի կառույցներին և այլն: Ունենք աջակցության այլ տարբերակ ևս. տարեսկզբին կմեկնարկի հեռուստատեսային մի հաղորդաշար, որի ընթացքում բաց քվեարկությամբ, հանրության աչքի առջև կորոշվի պետության աջակցությամբ հրատարակվող գրքերի ցանկը:
Թանգարանների ոլորտում արդեն մեկնարկել է աուդիո վիզուալ համակարգերի ներդրման ծրագիրը, որը բջջային հեռախոսի հավելվածի միջոցով հնարավորություն կտա ծանոթանալու ցուցանմուշներին՝ տասը լեզուներով: 2017-ին նախատեսվող միասնական էլեկտրոնային տոմսային համակարգի միջոցով աշխարհի ցանկացած ծայրից այդ նույն բջջային հավելվածի միջոցով հնարավոր է գնել էլեկտրոնային տոմսեր: 2017-ին մենք կունենանք նոր թանգարաններ, այդ թվում՝ Լեգոյի, Տիկնիկների, Գորգի, Լուսանկաչության և Ջրասուզակների: Վերջինը՝ Սևանում:
Պատմամշակութային հուշարձաններ. 2017-ին մենք ընտրել ենք ընդամենը յոթ հուշարձաններ, որոնք ամբողջությամբ կվերականգնվեն մինչև տարեվերջ և կհանձնվեն համայնքին: Վստահ եղեք, որ համայնքում լավագույնս պահպանվում է հենց ամբողջությամբ վերականգնված հուշարձանը, որը նաև շահույթ է բերում համայնքին:

Կինոյի ոլորտում փորձում ենք կառավարման նոր ձևաչափ որդեգրել՝ օգտագործելով դաշտի բոլոր կարող ուժերը: Կձևավորվի տնօրենների խորհուրդ, որը ռոտացիոն կարգով կղեկավարի կինոարտադրության ընկերությունը: Հայկական կինարտադրությանը զուգահեռ, նախատեսում ենք ներգրավել նաև արտասահմանյան կինոընկերություններին: Այս հարաբարեւթյունները կարգավորելուն, կարծում եմ, մեծապես կօգնի «Կինոյի մասին» օրենքի ընդունումը. նախագիծն արդեն ԱԺ-ում է:

Թատերային արվեստի ոլորտում 2016-ին ունեցանք երկու հրաշալի ներկայացումներ՝ «Տոսկա» (օպերային թատրոն) և «Պեպո» (Մայր թատրոն), որոնք արտահայտում են մեր ցանկություններն ու պատկերացումները թատերական և օպերային ներկայացումների մասով: 2017-ին մենք կներկայացնենք դասականներից մինչև ինտերակտիվ ներկայացումներ»:
Առանց փակագծեր բացելու նախարար Ամիրյանն ասաց, որ լուծված է համարում Երևանի մնջախաղի և Համազգային թատրոնների տարածքների խնդիրը: Խոսեց իրականացված ու նախատեսվող կադրային փոփոխությունների, Միքայել Արամյանցի դղյակի ու «Հայֆիլմի» ճակատագրի մասին: Կարևորագույն ձեռքբերումներից մեկը համարեց Համահայկական նվագախմբի ստեղծումը, որն արդեն իրականություն է: 2017-ին իրականացվելիք կարևորագույն միջոցառումների ցանկում են մշակութային 400 միջոցառումները հանրապետության բոլոր մարզերում և Արցախում:
«Երևանը կարծես մշակութային ագրեսիայի է ենթարկվում: Շատ կարևոր է, որպեսզի մարզը կարողանա հավասարպես քայլել մայրաքաղաքի հետ»,-ասաց Արմեն Ամիրյանը:
Ի դեպ, ամփոփիչ ասուլիսին նախարարը ներկայացել էր 10-ամյա Մերի Մուսինյանի հետ, որը ռուսական հայտնի «Լավագույնը» մանկական հեռուստահաղորդման ժամանակ օրերս ներկայացրեց հայկական քանոնն՝ արժանանալով լավագույնի տիտղոսին: Մերիի փայլուն կատարման ունկնդիրներն այսօր ԶԼՄ-ների ներկայացուցիչներն էին ու Արմեն Ամիրյանը, որի նվիրած տիկնիկն ու հայկական «ԱրմԹաբը», հուսանք, ուրախացրին Մերիին:
Ալիսա Գևորգյան

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed