Խաչիկ գյուղում նշվեց գաթայի ամենամյա փառատոնը

Նախիջևանի բարձր լեռները թիկունքին զգալով, որն ամբողջանում է Փոքր Մասիսի ճերմակ գագաթով, Երևանից 120 կմ հեռավորության վրա գտնվող սահմանամերձ գյուղի բնակիչները մշտարթուն հսկում են հայրենիքի՝ իրենց բաժին ընկած սահմանն ու այս հատվածում հակառակորդին թելադրում խաղաղություն: Հայ-ադրբեջանական սահմանից 500 մ հեռավորության վրա՝ թիկնեղ լեռների ստորոտում ծվարած Խաչիկ գյուղում, տեղի ունեցավ ավանդական դարձած գաթայի ամենամյա փառատոնը: Մինչ փառատոնի մեկնարկը Արենիից Խաչիկ գնացող ճանապարհահատվածում տեղի ունեցավ Սուրբ խաչի բացման արարողությունը:

Խաչքարի հովանավորը գործարար Ռոբերտ Խաչատրյանն է, ում հայրը քանդակագործի հետ ուխտ էր արել, որ Խաչիկ գյուղ մտնող ճանապարհին պետք է տեղադրվի Սուրբ խաչը, և այդ խաչը պետք է նայի դեպի մեր բիբլիական Արարատը: Խաչքարի բացման արարողությունից հետո հյուրերն այցելեցին Խաչիկ գյուղ: Գյուղապետարանի առջև տեղի ունեցավ ավանդական դարձած գաթայի համտեսման արարողությունը: Կազմակերպված միջոցառման ընթացքում իրենց ելույթներով հանդես եկան Սոֆի Մխեյանը, Սիբիլը, Եղեգնաձորում գործող պարի համույթները, Ջիվանու անվան աշուղական դպրոցի սաները և այլք:

Խաչիկը հերոսների դարբնոց է: Հայրենիքի հանդեպ պատասխանատվությունն ու սերն այստեղ քննարկման ենթակա չեն: Խաչիկը երկրի այն մի փոքրիկ հատվածն է, որտեղից սկսվում կամ վերջանում է Հայաստանը: Խաչիկցիների մեծ մասը պայմանագրային զինծառայող է, զբաղվում են նաև անասնապահությամբ, որոշ չափով էլ՝ հողագործությամբ, որից ստացված բերքը հիմնականում իրացվում է շուկաներում:

Տարածել`
Share

You may also like...