Լվովում տեղի կունենա հայ գրքի շնորհանդես

Լվովում սեպտեմբերի 29-ին տեղի կունենա «Հայկական գրքի» շնորհանդես Ուկրաինայում հայկական առաջին տպագիր գրքի` «Դավթի սաղմոսագրքի» 400-ամյակի կապակցությամբ (1616, Լվով):
Ներկայացված երկու տասնյակ գրքերի թվում կլինի նաեւ «Հայագիտության այժմեական հարցեր» (III-IV թող.) բացառիկ հրատարակությունը, որն Ուկրաինայի Հայերի միության գիտական աշխատանքների հավաքածու է, որում ընդգրկված են ավելի քան 30 ուկրաինացի եւ օտարերկրյա գիտնականների հայագիտական հոդվածներ: Ժողովածուն հրատարակվել է հատուկ Ուկրաինայում հայկական գրատպության 400-ամյակի առիթով:
ՈՒՀՄ-ի պատմամշակութային ժառանգության հարցերով կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանը AnalitikaUA.net-ին հայտնել է, որ ժողովածուում ընդգրկվել են միջազգային գիտաժողովների նյութեր, որոնք Ուկրաինայի Հայերի միությունը կազմակերպել է ուկրաինական գիտական կենտրոնների հետ: «Այս թողարկման մեջ են մտել ուկրաինացի եւ օտարերկրյա գիտնականների նոր հետազոտություններ, որոնցից շատերն առաջին անգամ են հրապարակվում եւ նվիրված են ավելի վաղ չհետազոտված թեմաների, որում էլ կայանում է այս հրատարակության հատուկ արժեքը», — նշել է Դավթյանը:
Հյուրերի ուշադրությանը կներկայացվեն նաեւ ուկրաիներեն եւ հայերեն նոր հրատարակություններ, որոնք նվիրված են Ուկրաինայի հայերի պատմությանը եւ մշակույթին, որոնց թվում են կրոնական թեմատիկայով, գիտահանրամատչելի հրատարակություններ, հայ դասական գրականությունից թարգմանություններ եւ բառարաններ:
Նյութի աղբյուրը`artsakhpress.am
- Previous Ամփոփվեց «Անկախության սերնդի ձայնը» խորագրով մրցույթ-փառատոնի արդյունքները
- Next Բուենոս Այրեսի քաղաքային խորհուրդը ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ բանաձև է ընդունել