«Լռության ժառանգությունը». Թաքնված հայերի մասին ֆիլմը Ֆրանսիայում մրցույթի եզրափակիչ է անցել

Ժամանակակից Թուրքիայի թաքնված հայերի մասին պատմող «Լռության ժառանգությունը» ֆիլմը Ֆրանսիայում անցկացվող «PriMed 2015» մրցույթի եզրափակիչ է անցել: «PriMed 2015»-ը միջերկրածովյան տարածաշրջանի փաստագրական ֆիլմերի ու ռեպորտաժների միջազգային փառատոն է:

Ըստ «Nouvelles d’Arménie» պարբերականի, եզրափակիչը կանցկացվի դեկտեմբերի 5-12-ը, Մարսելում: Ֆիլմերն ընտրվել են մի քանի անվանակարգերում: «Լռության ժառանգությունը», երեք այլ ֆիլմերի հետ, ընդգրկվել է «Միջերկրածովյան հիշողություն» անվանակարգում:

«Լռության ժառանգությունը» փաստագրական ֆիլմը նկարահանել են ֆրանսիացի լրագրողներ Աննա Բենժամենն ու Գիյոմ Կլերը: 52 րոպե տեւողությամբ ժապավենը ներկայացնում է Արմենի, Դողուքանի, Յաշարի եւ Նազլըի պատմությունը: Նրանք իրենց թուրք եւ քուրդ են համարել, սակայն ուշացած բացահայտումը փոխել է նրանց կյանքը. իրենք հայ են:

1915 թվականին նրանց ծնողները կամ տատերն ու պապերը փրկվել են Ցեղասպանությունից՝ թաքցնելով իրենց իրական ինքնությունը: Այդ հայերը ձուլվել են, մահմեդականություն ընդունել եւ մոռացվել:

Այսօր՝ վախի եւ լռության հարյուր տարիներից հետո, պատմությունը սկսել է երեւան գալ: Վերջին տասը տարիների ընթացքում ավելի ու ավելի մեծ թվով թուրքեր են հայտնաբերում իրենց ընտանեկան գաղտգնիքը եւ ընդունում իրենց նախնիների հայկական ժառանգությունը: «Լռության ժառանգությունը» վառ պատկերացում է տալիս այդ թրքացած հայերի ժառանգների մասին, որոնց թիվը, որոշ տվյալներով, ավելի քան 1 միլիոն է:

Տարածել`
Share

You may also like...