Լույս է տեսել Զ.Եսայանի գրքի թուրքերեն հրատարակությունը

 

Ստամբուլի  հայկական  «Արաս»  հրատարակչությունը տպագրել է պոլսահայ գրող Զաբել Եսայանի «Հոգիս աքսորյալ» գրքի թուրքերեն թարգմանությունը:

Հիշեցնենք որոշ տեղեկություններ գրողի կայնքից.

Զաբել Եսայանը ծնվել է 1878 թվականին Ստամբուլում: 1892 թվականին ավարտել է Ստամբուլի Սկյութար հայաշատ թաղամասի Սուրբ Խաչ վարժարանը, այնուհետև Փարիզում մասնակցել է Սորբոնի և Քոլեջ դը Ֆրանսի գրականության ու փիլիսոփայության դասընթացներին։

Եսայանը 1908 թվականին վերադարձել է Կ.Պոլիս և Ադանայի ջարդերից հետո ստեղծված պատվիրակության կազմում 1909 թվականին մեկնել Կիլիկիա, այնուհետև՝ «Ազատամարտ» թերթում տպագրել հոդվածներ աղետի մասին։ Եսայանը Կիլիկիայի հայության այս ողբերգությունը նկարագրել է «Ավերակներու մեջ» (1911) գրքում, ինչպես նաև «Անեծքը» (1911) և «Նոր հարսը» (1911) պատմվածքներում։

1915-ին խույս տալով ձերբակալությունից՝ ապաստանել է Թիֆլիսում, ավելի ուշ՝ Եղեռնի մասին հիշողություններ է հրատարակել Բաքվի «Գործ» ամսագրում։

1918 թվականին Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում կազմակերպել է հայ տարագիրների և որբերի հավաքման ու տեղավորման գործը։ Այդ տարիներին գրել է «Վերջին բաժակը» (1916), «Հոգիս աքսորյալ» (1919) վիպակները։ 1926 թվականին այցելել է Հայաստան: 1933 թվականին հաստատվել է Խորհրդային Հայաստանում։  1936 թվականին գրողների միությունում իր ելույթին հաջորդում է այդ տարիներին զանգվածային դարձած չարագուշակ երևույթը՝ չսպասված ժամին դռան թակոցը, ապա և ձերբակալությունը։ Նրա կյանքի դրամատիկական ավարտը՝ Բաքվի բանտում ողբերգական մահվան հանգամանքները, մինչ այժմ անհայտ են։

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed