Լոռիի մարզի Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանքը Եվրոպա Նոստրայի «7 առավել վտանգված» 11 հուշարձանների ցանկում է

Եվրոպա Նոստրա մշակութային ժառանգության եվրոպական առաջատար կազմակերպությունը և Եվրոպական ներդրումային բանկի ինստիտուտը հայտարարել են 2014 թ. «7 առավել վտանգված» ծրագրում ընդգրկված 11 հուշարձանների և տեսարժան վայրերի նախնական ցանկը (ընտրված հուշարձանների բարձր որակի նկարները կարող եք դիտել հղումով): Միջազգային հանձնաժողովի փորձագետների կողմից ընտրված վտանգված հուշարձանների անհետացման ցանկում է նաև ՀՀ Լոռիի մարզի Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանքը:

Եվրոպա Նոստրայի «7 առավել վտանգված» ծրագիրը մեկնարկել է 2012 թ. հունվարին, որի հիմնական նպատակներից էր միևնույն գաղափարի շուրջ միավորել մասնավոր և պետական մի շարք կազմակերպությունների` բացահայտելու ժառանգության պահպանության համար ֆինանսական նոր աղբյուրներ:

2013 թ. Հայաստանը «7 առավել վտանգված» ծրագրին ներկայացրեց Արագածոտնի մարզի Սբ Պողոս-Պետրոս եկեղեցու հայտը, որն էլ մասնակից 21 երկրներից ու ներկայացված 40 հայտերից ընգրկվել էր ծրագրի նախնական ցանկում (14 կոթող): Այնուամենայնիվ, յոթնյակում տեղ գտավ Մարդինի (Արևմտյան Հայաստան, Դիարբեքիրի վիլայեթ, այժմ` Մարդինի վիլայեթի վարչական կենտրոնը) Սբ Գևորգ հայկական եկեղեցին` ներկայացված Թուրքիայի կողմից:

Վերջնական յոթնյակի ընտրությունից հետո Եվրոպա Նոստրայի» ժառանգության փորձագետներից, կազմակերպության անդամներից, ինչպես նաև ֆինանսական ու տեխնիկական մասնագետներից բաղկացած թիմն այցեր է կատարում բոլոր 7 ընտրված վայրերով, որտեղ տեղի մասնագետների հետ միասին անցկացվում են ուսումնասիրություններ և մշակվում են կոթողները փրկելու նախագծեր:

Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանք, Դսեղ, Հայաստան

Այս վանական համալիրը՝ նվիրված հայ առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգորին, թվագրվում է 10-13-րդ դդ: Ներկայումս կիսավեր վիճակում գտնվող վանական համալիրը կազմում են երկու եկեղեցիները, գավիթը, մատուռները և Մամիկոնյանների իշխանական տոհմի գերեզմանոցը։ Վանքի բոլոր շինությունները կառուցված են տուֆից, ֆելզիտից և բազալտից: Սպիտակ երանգի համար անվանվել է նաև Ճերմակ վանք։ Միջնադարում Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանքը Հայաստանի հոգևոր և կրթական օջախներից մեկն էր: Այստեղ կրթություն էին ստանում Մամիկոնյանների իշխանական տոհմի ներկայացուցիները, իսկ հոգևորականները զբաղվում էին գիտական աշխատանքով:

Հուշարձանի վերականգնումը կնպաստի Դսեղը որպես զբոսաշրջության կենտրոն հաստատելուն և տեղական տնտեսությունը զարգացնելուն: Գործընթացն առավել արդյունավետ կանցկացվի միջազգային փորձաքննության և աջակցության շնորհիվ:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Լոռիի մարզի Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանքը Եվրոպա Նոստրայի «7 առավել վտանգված» 11 հուշարձանների ցանկում է”

Leave a Reply

Your email address will not be published.