ԼՂՀ Վերահսկիչ պալատը թերություններ է գտել Մշակույթի նախարարության աշխատանքում

ԼՂՀ վերահսկիչ պալատի խորհրդի նիստում ներկայացվել է ԼՂՀ պետբյուջեից հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացված միջոցների օգտագործման, ինչպես նաև պետական սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքները: Ըստ դրանց, պետբյուջեից հատկացված միջոցները նախարարության կողմից օգտագործվել են գործող օրենսդրությանը համապատասխան, սակայն տեղ են գտել մի շարք թերություններ:

Մասնավորապես, աշխատակազմի ղեկավարի հրամաններով «աշխատավարձի տնտեսված միջոցների հաշվին» որոշ քաղծառայողների «աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար», բացի ծառայողական գործունեության արդյունքներով տարեկան միանվագ պարգևատրումից, տրամադրվել է պարգևատրումներ, թեև «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ԼՂՀ օրենքով նախատեսվում է միայն տարեկան միանվագ և հատուկ առաջադրանքների որակյալ կատարման համար պարգևատրումներ:

Վերլուծությունները ցույց են տալիս, որ 2012 և 2013թթ.  «Մշակութային միջոցառումներ» ծրագրով իրականացված ծախսերը գերազանցել են նախատեսված գումարները:

Չի պահպանվել նաև ԼՂՀ կառավարության 2009թ. հունվարի 29-ի՝ «ԼՂՀ շրջանների զարգացման ծրագրերի կազմման ու իրականացման հայեցակարգին հավանություն տալու մասին» որոշմամբ սահմանված հանրապետության ամբողջ տարածքում մշակութային ծառայությունների համաչափությունը ապահովելու պահանջը: 2013թ. «ԼՂՀ շրջաններում մշակույթի զարգացման ծրագրեր» ծրագրային ուղղության շրջանակում իրականացված միջոցառումներից միայն «Մշակութային խաչմերուկ» մրցույթն է ընդգրկել հանրապետության բոլոր շրջանները: Մյուս միջոցառումների գերակշիռ մասը՝ 72.7%-ը, անցկացվել է Շուշիի շրջանում, իսկ Մարտակերտի շրջանում, օրինակ, ոչ մի միջոցառում չի անցկացվել:

Վերահսկիչ պալատի նախագահ Արթուր Մոսիյանի խոսքով, իրենք հանդես են եկել առաջարկությամբ, որպեսզի այսուհետ ցանկացած գերատեսչությունում տեղ գտած ֆինանսական խախտումների՝ գերծախսի պատասխանատուն լինի խախտումներ թույլ տված գերատեսչությունը, ոչ թե պակասաորդը լրացվի պետական բյուջեի հաշվին:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “ԼՂՀ Վերահսկիչ պալատը թերություններ է գտել Մշակույթի նախարարության աշխատանքում”

Leave a Reply

Your email address will not be published.