Լեռնային Ղարաբաղը առասպելական վայր է, քրիստոնեական կղզի՝ շրջապատված մուսուլմանական օվկիանոսով. Die Welt

Թեպետ Լեռնային Ղարաբաղը աշխարհին քիչ է հայտնի, սակայն դա չի խանգարում հազարավոր զբոսաշրջիկների այցելել առասպելական այդ վայրը՝ հիանալու վայրի բնությամբ եւ ոչ պակաս առասպելական հյուրասիրությամբ։ Այսպես է սկսում իր հոդվածը Die Welt գերմանական պարբերականի լրագրողը՝ պատմելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած իր այցելության մասին։

«Դարն ապրած մի «Վոլգայով» գլխապտույտ արագությամբ մենք սլանում ենք հսկիչ անցակետերի կողքով։ Սահմանապահն իր պատուհանից դուրս է հանում գլուխը, զննում մեզ եւ առաջ թողնում։ Մենք առաջ ենք շարժվում աշխարհին քիչ ծանոթ մի երկիր, որտեղ մուտք գործելու համար հայերից բացի, բոլորին վիզա է անհրաժեշտ։ Հետեւում թողնելով կարմիր տանիքներով Գորիս քաղաքը՝ մեր առջեւ հանկարծ ասես երկնքից հառնում է այդ երկիրը՝ Լեռնային Ղարաբաղը։ Շուրջբոլորն ինձ ոչինչ չի հիշեցնում, որ այս հողակտորը ԽՍՀՄ փլուզումից հետո կատաղի մարտերի վայր է եղել, որոնք ծավալվում էին հենց այստեղ՝ Լաչինի միջանցքում։ Այդ մարտերից հետո 1994թ. ձեռք  բերած զինադադարից հետո Լեռնային Ղարաբաղը աշխարհով մեկ սփռված հայերի ինքնության խորհրդանիշն է դարձել»,- գրում է հեղինակը եւ նշում, որ Ղարաբաղը յուրահատուկ վայր է աշխարհում։

«Աշխարհի համար Լեռնային Ղարաբաղը մնում է հակամարտության գոտի, ինչի հետեւանքով մեր մոլորակի ամենայուրահատուկ ու առասպելական այս վայրը, որը քրիստոնեական կղզի է՝ շրջապատված մուսուլմանական օվկիանոսով, տարեկան ունենում է ընդամենը մի քանի հազար այցելու։ Երկիր, որը հավասարապես խորհրդանշական է հայերի համար, ինչպես ձյունածածկ Արարատը, որը երեւում է Երեւանի բնակարանների պատուհաններից»,- շարունակում է հոդվածագիրը ճանապարհորդության նկարագրությունը։

«Սահմանը հատելուց հետո մեր առջեւ խնամված լեռնոտ ճանապարհ է բացվում դեպի Ստեփանակերտ՝ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք։ Պատերազմի ավարտից 20 տարի անց դրա հետքերը դեռ շոշափելի են օրինակ Շուշի քաղաքի լքյալ եւ ռմբակոծված տների վրա։ Շուշին ադրբեջանցիների վերջին հենակետն էր, որտեղից նրանք գնդակոծում էին Ստեփանակերտը։ Սակայն հայերը կարողանում են իրենց հսկողությունն հաստատել Շուշիի վրա՝ դուրս մղելով ադրբեջանցիներին այստեղից։ Հասնելով Ստեփանակերտ՝ մենք կանգ ենք առնում «Տատին եւ Պապին» արձանի մոտ, որը կառուցվել է 50 տարի առաջ, իսկ 1994թ.-ից հետո դարձել էր անկախության խորհրդանիշը, իսկ հյուրերի համար՝ հանդիպման վայրը։ Քաղաքում ոչինչ չի հիշեցնում պատերազմի մասին։ Այն խաղաղ է եւ ավելի մաքուր, քան Երեւանը։ Մարդաշատ շուկայում հնարավոր է գնել լավաշ՝ Ղարաբաղի բազմատեսակ բույսերով։ Մեզ գազօջախի վրա եփված սուրճ ու փախլավա են մատուցում. հյուրասիրությունը հայերի մոտ գրեթե առասպելական նշանակություն ունի։ Մարդկանց հարցուփորձ եմ անում, թե ով է ամենահայտնի հայը։ Պատասխաները տարբեր են. ոմանք աղմուկով պնդում են, որ դա Հենրիկ Մխիթարյանն է։ Խանութպանը ոգեւորված պնդում է, որ դա Արթուր Աբրահամն է, որը ռինգում տապալում է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներին։ Հետո այլ անուններ են հնչում՝ երգչուհի Շեր, թենիսիստ Անդրե Աղասի, ՄիԳ կործանիչների գյուղատարար  Արտեմ Միկոյան։ Քիմ Քարդաշյանի մասին հիշատակելիս մարդիկ դժգոհությամբ են արձագանքում։

…Միակ մարդը, որի աշխարհահռչակ հայ լինելու շուրջ համամիտ են բոլորը, Շառլ Ազնավուրն է»,- եզրափակում է հեղինակը։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Լեռնային Ղարաբաղը առասպելական վայր է, քրիստոնեական կղզի՝ շրջապատված մուսուլմանական օվկիանոսով. Die Welt”

Leave a Reply

Your email address will not be published.