Լեհ հայտնի գրողն առաջիններից մեկն է իր գրքում նկարագրել Հայոց ցեղասպանությունը

Զոֆյա Նալկովսկայան լեհ ամենահայտնի գրողներից մեկը, որը մեծ ազդեցություն է թողել լեհական գրականության զարգացման վրա, դեռեւս   1925-ին պատմվածք է գրել, որում նկարագրել է Օսմանյան Թուրքիայում Հայոց  ցեղասպանությունը։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցին պատմել է լեհ գիտնական Զբիգնեւ Շմուրլոն, որն արդեն   25 տարի զբաղվում է Հայաստանի եւ Հայոց ցեղասպանության ուսումնասիրմամբ։

Նրա խոսքով, 1925-ին Զոֆյա Նալկովսկան եղել է Շվեյցարիայում եւ հանդիպել  մի խումբ հայերի, որոնք փրկվել էին ցեղասպանությունից եւ բուժվում էին շվեյցարական հիվանդանոցներից մեկում։   Նրանք գրողին պատմել են, թե Թուրքիայում ինչ է տեղի ունեցել 10 տարի առաջ, իրենք ինչ սարսափներ են տեսել եւ ինչպես են կարողացել փախչել։ Նրանց պատմություններն իրենց արտացոլումն են գտել գրողի «Շուկաներ» (“Choucas”) գրքում։ Ինչպես Զբիգնեւ Շմուրլոն է բացատրել,  «Շուկաները»  սեւ ագռավներ են, որոնց   հեղինակի կարծիքով նման են Թուրքիայից փախած նիհարած եւ սեւ հագած հայուհիները։

Զբիգնեւ Շմուրլոյի խոսքով, Զաֆյա Նալկովսկան Եվրոպայում առաջիններից մեկն էր, ով  բարձրաձայնել էր Ցեղասպանության խնդրի մասին եւ այն ներկայացրել իր ստեղծագործություններում։  1926-ին նրա պատմվածքը հրապարակվել էր տեղի ամսագրերից մեկում, իսկ   1937-ին գիրքը թարգմանել էին ֆրանսերեն։ 1939-ին գիրքը վերահրատարակվել է լեհերեն։

Ցավոք, արեւմտյան ընթերցողին այդ գիրքը քիչ է հայտնի։ Գիրքն անգլերեն են թարգմանել ընդամենը մեկ տարի առաջ, իսկ հայերեն կամ ռուսերեն թարգմյանություն մինչ օրս չկա։

Հետաքրքիր է, որ գրքի անգլերեն թարգմանչուհին այնքան էլ չէր հավատում գրածին, գուցե այդ պատմությունը նրան չափից ավելի սարսափելի էր թվում ճշմարտություն լինելու համար․ գրքի անգլերեն թարգմանության հրապարակումից հետո նա գրքի մասին հոդված էր գրել, որում պատմել էր, թե գրքում նկարագրված դեպքերն «իբր» տեղի են ունեցել 1915-ին՝ Օսմանյան կայսրությունում։

Տարածել`
Share

You may also like...