Իրանի վերաբերմունքը մեր հուշարձանների նկատմամբ օրինակելի է. Սամվել Կարապետյան

Երևանում հոկտեմբերի 29-ին կկայանա «Հայկական ճարտարապետությունն Իրանում» ցուցահանդես: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտնեցին հուշարձանագետ Սամվել Կարապետյանը և Հայաստանում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի տնօրեն Մաջիդ Մեշքին:

Սամվել Կարապետյանը հայտնեց, որ ցուցահանդեսի նախաձեռնությունն Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնինն է: «Սա մի բացառիկ դեպք է հարևանների պարագայում, քանի որ մինչև հիմա նույնիսկ Վրաստանի կողմից երբևէ չի նախաձեռնվել  հայկական հուշարձանների ցուցահանդես»,- ասաց նա և նշեց, որ սա շատ ուրախացնող նախաձեռնություն է:

Հուշարձանագետը նշեց, որ ցուցահանդեսին ներկայացվելու են մինչև 20-րդ դարի սկզբի հուշարձաններ, ցուցահանդեսը լինելու է Թումանյանի թանգարանում և տևելու է մեկ ամիս:

Սամվել Կարապետյանը նկատեց, որ Իրանը ջանք չի խնայել հայկական հուշարձանների վերականգնման հարցում: «Իրանի Իսլամական Հանրապետության վերաբերմունքը մեր հուշարձանների նկատմամբ ուղղակի օրինակելի է: Իմ երախտագիտությունն եմ  հայտնում Իրանին, որ այդչափ քաղաքակրթական առումով բարձր է գնահատում մեր մշակույթը և պետական մակարդակով վերականգնում, եզակի հարևան է»,-ասաց նա:

Հայաստանում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի տնօրեն Մաջիդ Մեշքինը ասաց, որ այս ցուցահանդեսը յուրօրինակ է ճարտարապետության առումով: Նա նշեց, որ ցուցահանդեսի գաղափարը վաղուց է եղել և վաղուց են ցանկացել այն կազմակերպել Սամվել Կարապետյանի հետ:

«Այս ամբողջ ուշադրությունը, որ մենք ունենք հայկական ճարտարապետության նկատմամբ, նրանից է, որ իրանի ժողովրդի համար հայ ժողովուրդը հյուր չէ, երկրորդ կարգի քաղաքացի չէ, այլ լիարժեք  քաղաքացի է և պետք է հարգվի նրա արժեքը»,-ասաց նա:

Նա նշեց, որ ինչպես կարող են չհարգել հայերի հարուստ ժառանգությունը, որոնք բազմաթիվ ճարտարապետական կոթողներ են ստեղծել: Նա ասաց, որ ցանկանում են ցույց տալ հայերի մատուցած ծառայությունը այն երկրին, որտեղ դարեր շարունակ ապրել են և ավելացրեց, որ հայկական հուշարձանների նկատմամբ նույն վերաբերմունքն ունեն, ինչ Իրանի հուշարձանների նկատմամբ:

Նա նաև ասաց, որ հայ մշակութային ժառանգությունը այնքան բազմաբովանդակ է և շատ, որ  կարծում է տարին մեկ անգամ ցուցահանդես կլինի:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Իրանի վերաբերմունքը մեր հուշարձանների նկատմամբ օրինակելի է. Սամվել Կարապետյան”

Leave a Reply

Your email address will not be published.