Իսպանիայում քասթինգ են անցկացնում Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի երկրորդական դերերի համար

Իսպանիայի Ֆիգերաս քաղաքում Babieka Films  կինոընկերությունը քասթինգ է հայտարարել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի նկարահանումներին դերասանների ընտրության համար: Ֆիլմում, որի նկարահանումները նախաձեռնել և հովանավորել է Քըրք Քրքորյանը, գլխավոր դերերը կմարմնավորեն Քրիստիան Բեյլը և Օսկար Այզեքը, ֆիլմի սցենարի հեղինակն է Թերրի Ջորջը:

Ինչպես հայտնում է excite.es  պարբերականը` քասթինգն անցկացվելու է հուլիսի 17-21-ը: Այդ օրերին կընտրվի 1000 մարդ երկրորդական  դերերը կատարելու համար: Հուլիսի 17-ին քասթինգ կանցկացվի 7-13 տարեկան երեխաների շրջանում: Նշվում է, որ նախընտրությունը տրվելու սևահեր և թուխ մաշկ ունեցողներին:

Հուլիսի 18-ին տեղի կունենա ատլետիկ կազմվածք ունեցող տղամարդկանց քասթինգը: Իսկ 20-ին և 21-ին կընտրեն 20-60 տարեկան կանանց և տղամարդկանց` մուգ գույնի մաշկով և աչքերով, ինչպես նաև շիկահեր տղամարդկանց:

«Խոստում» ֆիլմի նկարահանումները տեղի կունենան նաև Մադրիդի շրջակայքում, Սեգովիայում և Ավիլայում: Ֆիգերասում նկարահանումները կանցկացվեն Սանտ Ֆեռան ամրոցում, որը 18-րդ դարի  ռազմական բերդ է` կառուցված բլրի վրա:

Տարածել`
Share

You may also like...