Իսահակյանական եռատոն. գրադարանը մշակութային հարուստ տարի է խոստանում

Գրքերի լույսընծայում, կիսանդրու տեղադրում, տարաբնույթ միջոցառումներ. Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում 2015 թվականը հոբելյանական է՝ մշակութային օջախն իսահակյանական եռատոն է նշելու:

Այս տարի լրանում է գրադարանի ստեղծման 80, Ավետիք Իսահակյանի ծննդյան 140 և գրադարանը վարպետի անունով կոչելու 60-ամյակը: Գրադարան ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ դեռ անցյալ տարի գիտխորհրդի նիստում քննարկել են այս տարվա եռատոնի ծրագիրը:

«Ամբողջ տարին իսահակյանական է, տարվա սկզբից բոլոր միջոցառումների ժամանակ հանրությանն իրազեկում էինք եռատոնի մասին: Բանաստեղծն ինքն ասել է՝ «Մեզ զարկել են և զարկում են, բայց մենք ապրում ենք, ապրել ենք, կապրենք»: Հենց այսպիսի նշանաբան ունի իսահակյանական եռատոնը»,-նշել է նա:

Իսահակյանական եռատոնին նվիրված փոքրիկ գրքույկ կհրատարակվի, որն իր մեջ կներառի գրադարանի պատմության 80 տարվա կարևորագույն դրվագները:

«Երկրորդ գիրքը, որ հրատարակելու ենք, կոչվում է «Իսահակյան գրադարանը մամուլի էջերում»: Այն ներկայացնում է, թե ինչպիսի արձագանքներ են եղել գրադարանի գործունեության մասին: Կհրատարակվի նաև գրադարանի գրական ստուդիայի թվով չորրորդ գիրքը՝ «Առաջին ծիլեր» խորագրով: Մեր «Բողբոջներ» գրական ստուդիան ավելի քան 25 տարվա պատմություն ունի, հրատարակում է իր չորրորդ գիրքը: Այս գրքում մենք հավաքելու ենք գրական ստուդիայի բովով անցած մեր լավագույն ստեղծագործողների գործերը»,-տեղեկացրել է Հասմիկ Կարապետյանը:

Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրենը տեղեկացրել է նաև, որ Հանրային հեռուստատեսության «Երգ երգոց» ծրագրի շրջանակում Իսահակյանին նվիրված հաղորդում կնկարահանվի, կհնչեն նրա տեքստերով գրված ոչ միայն բոլորին հայտնի, այլև անհայտ երգեր:

«Ծրագրում ենք նաև Իսահակյանի պուրակում տեղադրել բանաստեղծի կիսանդրին. քաղաքապետարանում քննարկում ենք հնարավորությունը, հեղինակը Տարիել Հակոբյանն է: Գրադարանի գիտխորհուրդը որոշել է ստեղծել «Իսահակյան» հուշամեդալը, որով մենք կպարգևատրենք գրադարանի գործունեությանը, զարգացմանն աջակցած անձանց, կազմակերպություններին:  Քաղաքի վարչական շրջաններում կտեղադրվեն իսահակյանական եռատոնի մասին պաստառներ, որոնք մինչև տարեվերջ երևանցիներին, օտարերկրացիներին կիրազեկեն տոնի մասին»,-նշել է Հասմիկ Կարապետյանը:

Բացի այդ, կանցկացվեն Իսահակյանին նվիրված գրական-երաժշտական երեկոներ, Իսահակյանի տուն-թանգարանի հետ այլ ծրագրեր:

«Երևանի դպրոցներում նախատեսել ենք իսահակյանական դասեր, կլինի նաև հոբելյանական գրական-երաժշտական երեկո, աշխատում ենք սցենարի վրա: Կկատարվեն իսահակյանական ստեղծագործությունները, կարծում եմ, որ այդ օրը կլինի նաև պարգևատրման հատուկ արարողություն»,-նշել է գրադարանի տնօրենը:

Միջոցառումները կիրականացվեն սեպտեմբերից նոյեմբերն ընկած ժամանակահատվածում: «Օգոստոսի 15-ին գրադարանի ծննդյան օրը չենք անում՝ նկատի ունենալով երևանյան շոգ ամառը և արձակուրդային շրջանը. մեր ընթերցողների մեծ մասն արձակուրդում է, մյուս ամիսներին մեծ հոսքերի ենք սպասում ՝ հանձին բուհերի ուսանողների և դպրոցների աշակերտների»,- հավելել է Հասմիկ Կարապետյանը:

1935թ. օգոստոսի 15-ին Երևանում բացվեց առաջին մասսայական գրադարանը: Վարիչ նշանակվեց Թ.Բարխուդարյանը: 1938թ. բացվեց գրադարանի ընթերցասրահը: Ընթերցողների թիվն այդ ժամանակ հասնում էր 1100-ի: 1955թ. գրադարանն անվանակոչվեց Ավ. Իսահակյանի անունով` վարպետի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ: 1995թ. գրադարանի  տնօրեն նշանակվեց Հասմիկ Կարապետյանը:

Տարածել`
Share

Tags

You may also like...

0 thoughts on “Իսահակյանական եռատոն. գրադարանը մշակութային հարուստ տարի է խոստանում”

Leave a Reply

Your email address will not be published.